Լրահոս
Օրվա լրահոսը

Մի օր էլ Փաշինյանը կարող է ԱԺ ամբիոնից հայտարարել, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Հայաստանի սուբյեկտայնության աստիճանը. «Փաստ»

Սեպտեմբեր 28,2023 10:08

Փաշինյանն այն ղեկավարն է, որի օրոք մեր ինքնիշխանությունը արտաքին խաղացողների ձեռքում վերածվել է ֆուտբոլի գնդակի, որին աջից ու ձախից հարվածում են։ Երեք տարում նա հասցրեց Հայաստանի և Արցախի ճակատագրի որոշումների լծակներն ամբողջությամբ փոխանցել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի ձեռքը՝ հիմնովին քանդելով Հանրապետության սուբյեկտիվությունը։ Զարմանալի է, բայց փաստ, որ Հայաստանին վերաբերող հարցերը արտաքին խաղացողները քննարկում և որոշում են առանց Հայաստանի։ Միշտ կարելի է օտարներից բողոքել, թե նրանք մեզ չեն աջակցում, բայց հարցն այն է, թե արդյոք Հայաստանը տեր կանգնո՞ւմ է իր իրավունքներին, պատրա՞ստ է պայքարել իր իրավունքների համար։

Փաշինյանը հայտարարում էր, թե Սև լճի 30 տոկոսի համար հո չե՞նք կռվելու, կամ սարի ծայրին, որտեղ տարվա կեսը ձյուն է, ինչների՞ս է պետք զինվոր։ Այսպիսով նա ցույց էր տալիս, թե պատրաստ չէ պայքարել Հայաստանի սուբյեկտայնության համար։ Կամ՝ ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարում էր, թե «միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում ասում է` խնդրում եմ, մեզ վրա հույս չդնեք»։ Արցախի կարգավիճակի հարցում Փաշինյանն իջեցրեց նշաձողը, և ի՞նչ ստացավ՝ Արցախի հոշոտում, արցախահայության նկատմամբ պատերազմական հանցագործություններ ու բռնագաղթ։ Միջազգային հանրությունը որևէ քայլ ձեռնարկե՞ց Ադրբեջանի դեմ, չձեռնարկեց, իսկ Հայաստանի իշխանություններն ընդամենը դիտորդի դերում էին։

Մի օր էլ նույն ձևով Փաշինյանը կարող է գալ ու ԱԺ ամբիոնից հայտարարել, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Հայաստանի սուբյեկտայնության աստիճանը, ու որ դա արվում է մեր ինքնիշխանության պահպանման համար։ Ի վերջո, ինչպե՞ս կարող է մի մարդ հանդես գալ մեր ինքնիշխանության և պետականության պաշտպանության դիրքերից, որն անարգում է մեր անկախության սիմվոլները՝ զինանշանը, օրհներգը, Անկախության հռչակագիրը։ Ու պատահական չէ, որ Փաշինյանին հատուկ անհանգստացնում է մեր պետականության շղթայական կապը։

Դրա համար էլ նշում էր, թե հայկական չորս թագավորությունների զինանշանները 1991 թվականին հիմնված պետության հետ կապ չունեն։ Փաստորեն, Ադրբեջանում չեղածից, բացարձակ զրոյից, չունեցածից կեղծ պատմություն է հորինվում՝ ցույց տալու համար, որ իրենք անցյալում ևս պետականություն են ունեցել, իսկ Հայաստանում ղեկավարի մակարդակով անտեսվում է մեր հազարամյակների պետականության շղթան։ Ինչպես երևում է, նրան հանգիստ չի տալիս Հերոստրատի փառքը, որին այդպես հետևողականորեն ձգտում է։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930