Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Զուրաբյան․ «Այս անմեղսունակ իշխանությունը կարողացավ բոլորի հետ հարաբերությունները փչացնել»․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 28,2023 09:48
levon zurabyan

Հարցազրույց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ

Ունենք բարեկամական տրամադրված Իրան, ռազմավարական գործընկեր Ռուսաստան, նաեւ կան այլ երկրներ՝ Կիպրոս, մյուսներ, որոնք չեն սիրում Ադրբեջանին ու Թուրքիային։ Ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն վարենք, որ անկորուստ կամ քիչ կորուստներով դուրս գանք այս փակուղուց։

– Մենք հիմա միջազգային հարաբերությունների կանոնավոր աշխարհակարգում չենք ապրում։ Մենք ապրում ենք գիշատիչ աշխարհում։ Անընդհատ սպառնալիքների, բռնությամբ եւ ռազմական ճանապարհով հարցերը լուծելու այս համընդհանուր հակվածության պայմաններում, որում միջազգային իրավունքը չի աշխատում, մեր անվտանգության տեսակետից ամենակարեւոր գործոններն են դառնում ռեգիոնում ռազմական միջամտության հնարավորություն ունեցող պետությունները։ Կա 4 երկիր, որոնք պատրաստ են ռազմական միջամտության՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը։ Արեւմուտքն այս ռեգիոնում ռազմական միջամտության ընդունակ չէ ե՛ւ լոգիստիկ, ե՛ւ աշխարհաքաղաքական պատճառներով։ Միացյալ Նահանգները ռազմական առումով կենտրոնացած է Ուկրաինայի, Թայվանի վրա, եւ միայն այդ ուղղություններով զբաղվելով՝ արդեն գերբեռնված են, էլ չեմ խոսում այն մասին, որ ընդհանրապես որեւէ շահ չունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հակամարտելու։ Եվ ի՞նչ է ստացվում։ Ասացիք՝ Իրանը բարեկամական տրամադրված երկիր է, բայց Իրանը վստահություն չի տածում Փաշինյանի իշխանության նկատմամբ։ Այս անմեղսունակ իշխանությունը կարողացավ բոլորի հետ հարաբերությունները փչացնել, որովհետեւ Իրանը, բնականաբար, վատ է վերաբերվում Հայաստանի ծայրահեղ պրոամերիկյան կեցվածքին, հատկապես՝ ինչ-որ քայլերի, որոնք կարող են տպավորություն ստեղծել, որ Հայաստանը ցանկանում է արեւմտյան երկրների զինվորականների բերել ռեգիոն, եւ դա մեծ թշնամություն ու անվստահություն է առաջացնում Իրանի ղեկավարության մոտ։ Սա մի աննախադեպ հիմարություն է, որ մենք տեսնում ենք Հայաստանի վարած քաղաքականության մեջ։ Այս 4 երկրներից երկուսն ուզում են հոշոտել Հայաստանը՝ որպես իրենց թուրանական տիրապետությանը խանգարող խոչընդոտ, հիմա մենք մեր «իմաստուն» քաղաքականությամբ կարողացանք Ռուսաստանին էլ, Իրանին էլ օտարացնել։ Հիմա այս 4-ից 2-ը ցանկանում են Հայաստանից տարածքներ խլել, իսկ մյուս 2-ը տեսնում են Հայաստանի այսօրվա պետական իշխանության մեջ սպառնալիք՝ իրենց շահերին։ Պետք է հատուկ տաղանդ ունենալ՝ նման արդյունքի հասնելու համար։ Նման իրավիճակի ստեղծումն այլ կերպ բացատրել, քան Փաշինյանի հիմար ու տգետ քաղաքականությամբ, հնարավոր չէ։

Հնարավո՞ր է ՌԴի հետ հարաբերությունները վերականգնել, փրկել Արցախի կարգավիճակը, ի՞նչ կարելի է անել։

– Դա ավարտված պատմություն է։ Փաշինյանը թաղեց Արցախը ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ ռազմական առումով, ե՛ւ անգամ ապագայի առումով։ Ու այդ դագաղը ստեղծել է Փաշինյանը, նա էլ խփել է վերջին մեխը։ Դա արդեն մի բան է, որը հետ չի կարելի պտտեցնել։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930