2023թ. հունվարի 10-ից մինչ երեկ՝ սեպտեմբերի 26-ը, ՀՀ սահմանադրական դատարանը 7 աշխատակարգային որոշում է կայացրել դիմումատու 7 դատարանների գործերով: Դրանք հիմնականում մերժվել են:
ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը մուտքագրվել էր Սահմանադրական դատարան 2023 թվականի սեպտեմբերի 11-ին: Դիմողը 2023 թվականի սեպտեմբերի 6-ին «Թիվ ՍԴ/0124/01/23 քրեական վարույթով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը որոշելու համար ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու եւ դատալսումները հետաձգելու մասին» որոշում էր կայացրել: Դիմողը, ներկայացնելով քրեական գործի մինչդատական եւ դատավարական նախապատմությունը, մասնավորապես, նշել էր. «ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանցանքներով քրեական հետապնդումը հանրային կարգով իրականացնելու կարգավորումները խնդրահարույց են»։
Դիմումի համաձայն, այն դեպքում, երբ անձի նկատմամբ հանրային կարգով քրեական հետապնդում է իրականացվում ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանցանքներից որեւէ մեկով, եւ տուժողի բողոքի հիման վրա նախաձեռնվում է վարույթ, իսկ այնուհետեւ տուժողը հրաժարվում է ներկայացրած հաղորդումից՝ հաստատելով բողոքի բացակայությունը, քրեական եւ քրեադատավարական գործիքակազմը հնարավորություն չի տալիս դադարեցնել հարուցված քրեական հետապնդումը կամ այն չիրականացնել, քանի որ մասնավոր կարգով իրականացման ենթակա քրեական հետապնդումը հանրային կարգով իրականացվելու դեպքում օրենսգրքի 12-րդ եւ 13-րդ հոդվածներում նախատեսված չեն համապատասխան կարգավորումներ, որոնք թույլ կտան դադարեցնելու անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը:
Դիմող դատարանի ներկայացմամբ՝ օրենսգրքի դրույթները՝ այնքանով, որքանով չեն նախատեսում տուժողի բողոքի հիման վրա ենթադրյալ հանցանք կատարած անձի (այդ թվում՝ նախկինում հանցանք կատարած անձի) նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը՝ վերջինիս կողմից բողոքից հրաժարվելու կամ մեղադրյալի հետ հաշտվելու հիմքով, դադարեցնելու անհրաժեշտ կառուցակարգ, առերեւույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 29-րդ, 75-րդ, 79-րդ եւ 81-րդ հոդվածների պահանջներին:
Կարդացեք նաև
Ըստ դիմումատուի, երբ օրինակ՝ օրենսգրքի 54-րդ գլխում նախատեսված կարգավորումների գործադրման պարագայում տուժողն ինչպես նախնական, այնպես էլ հիմնական դատալսումների ժամանակ կարող էր տնօրինել հարուցված քրեական հետապնդման ճակատագիրը՝ հրաժարվելով մեղադրանքից կամ հաշտվելով մեղադրյալի հետ, իսկ ներկայում, քանի դեռ նշված քրեական հայցը քննարկող դատարանը չի ստեղծվել (կամ դատավորները չեն նշանակվել), անձը ենթակա է քրեական պատասխանատվության՝ իմպերատիվ կերպով. «Ավելին՝ ստեղծված իրավիճակը բերում է անհավասար մոտեցման նաեւ այն անձանց նկատմամբ, ովքեր ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքները կատարել են ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի գործողության ժամանակ եւ նրանց նկատմամբ տարածվել է նախկին օրենսգրքով սահմանված դատավարական կարգը, քանի որ նախկին օրենսգրքով նախատեսված էր մասնավոր մեղադրանքի գործերով քրեական հետապնդումը բացառող երկու հիմք, այն է՝ տուժողի բողոքի բացակայությունը եւ տուժողի հաշտությունը մեղադրյալի հետ»:
Ըստ Սահմանադրական դատարանի՝ դիմողն ըստ էության բարձրացրել է վիճարկվող նորմերում «ենթադրյալ օրենսդրական բացի առկայության հարց»: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով տուժողի բողոքի հիման վրա ենթադրյալ հանցանք կատարած անձի (այդ թվում՝ նախկինում հանցանք կատարած անձի) նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը տուժողի կողմից բողոքից հրաժարվելու կամ մեղադրյալի հետ հաշտվելու հիմքով դադարեցնելու իրավական կառուցակարգի բացակայության սահմանադրականության հարց:
Սահմանադրական դատարանը վկայակոչելով իր իսկ՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ի ՍԴԱՈ-254 աշխատակարգային որոշումը, «հիշեցրեց», թե ինչ էր արձանագրել. «… կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտում օրենքի բացի եւ դրա արդյունքում դրա սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին եւս կարող է խոսվել միայն այն դեպքում, երբ դատարանը հանգի այն եզրակացության, որ դատական մեկնաբանման որեւէ մեթոդի կիրառմամբ անհնար է հաղթահարել այդ բացը»: Հետեւաբար, դատարանը մերժեց դատարանին:
Ըստ ՍԴ աշխատակարգային որոշման՝ «օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձեւավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը»:
Սահմանադրական դատարանում առկա է մեկ այլ դատարանի դիմում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի: Դիմողը վիճարկում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Գործի դատաքննությունը նշանակվել է նոյեմբերի 28-ին, գործով զեկուցողն է Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Գրիգորյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.09.2023