Այս հոդվածով ես երբեք ինձ իրավունք չեմ վերապահել հայտարարելու կամ առաջարկելու, թե ներկայացնում եմ բացարձակ իրավացի տեսակետ ու հենց նման բան առաջարկելն իմ կողմից համազոր է այս հոդվածի իրավացիությունը ամբողջությամբ հակասելու ու իմ տեսակետները ժխտելու:
Չկան բացարձակ իրողություններ, կան միայն տեսակետներ ու նրանց իրավացի լինելը միայն հարաբերական է: Կարող են լինել իրապաշտ ու գործնական մեկ միջավայրում եւ ժամանակաշրջանում, իսկ ուրիշ սցենարների պարագայում անօգուտ: Սակայն վերջին երեք տարիներին ես ճանապարհս նմանեցնում եմ մի նավավարի, որն իզուր, ապարդյուն կերպով թիավարում է մի հոսանքի դեմ, եւ իր նավակը չի սլանում այն ափերը, որը մտադիր էր հասնել: Այդ ուժեղ հոսանքը կոչվում է անտեսում, քար լռություն, խուսափում:
Իրականում այդ նույն հոսանքի տերերը ցույց են տալիս այն ափերը կամ ուղղությունները, որին ես ուզում եմ հասնել, այն ափերը նրանց արձակած կամ այսպես կոչված՝ «շուկա» նետված գաղափարներն են կամ մտքերը: Սակայն շուկա նետված չի նշանակում ասպարեզ նետված, որովհետեւ կարծես այդ գաղափարները դառնում են որբ, որովհետեւ նետվում են մի կողմ ու դառնում անտեր: Երբ ինձ նմանը այդ գաղափարներին հանդիպում ու որոշ դիտարկումներ է անում ու հարցնում այդ «որբերին»՝ ուր է նրանց ծնողը, վերծանում եմ նրանց կապը ու երբ կապ հաստատում նրանց «ծնողի» հետ, հարցնում կամ առաջադրում այդ գաղափարների շուրջ որոշ քննարկումներ, այդ ծնողները՝ գաղափարներ երկնողները հրաժարվում են տեր կանգնել իրենց գաղափարներին ու պաշտպանել դրանք:
Հիմա ես հարց եմ ուզում տալ. երկար ժամանակ փորձելուց հետո զանազան քաղաքական հոսանքների հետ, լինի Հայաստանի ներսում, թե Սփյուռքում, փորձել եմ քննարկել, լուսաբանել ու ի վերջո բանավիճել, բայց գրեթե միշտ հանդիպել եմ անտեսվելու, հստակորեն անտարբերությամբ ինձ «պատժել» հասկացնելու վերաբերմունքին, իսկ ծայրահեղ դեպքերում ինձ «հանդիմանելու», թե «խռովարար վերաբերմունք» ունեմ, «խրատներ տալու հավակնություններ»:
Կարդացեք նաև
Հայաստանում նույն վիճակներին եմ հանդիպել, շատերին դեմ առ դեմ հանդիպել եմ, լսել եմ՝ «Երբ կուզես» խոստումը, իսկ այդ խոսքերը մոխրոտիկի դասեր կարա տա անհետանալու, սակայն ոչ միայն կես գիշերին, այլ ցանկացած ժամի: Հիմա գանք հարցի բարոյական կողմին:
Արդյոք գաղափարներն արձակողը բարոյական ազգային գետնի վրա պարտավոր չէ՞ անդրադառնալու, թե իր առաջարկները, երբ որ հանրությանը կհրամցրվի, դրանք ենթակա են նաեւ հանրային քննարկման: Այդ գաղափարները ձեր հոգեմտավոր զավակներն են ու դուք իրավունք չունեք խուսափելու, դրանց ժամանակ չհատկացնելու, այլապես մի արձակիր գաղափարներ: Ինչպես զավակ բերելը եւ հայր դառնալը հասկացողություններ են, այնպես էլ գաղափարներն արձակելը ու ազգային գործիչը:
Ինչքան շատ ենք հանդիպում քաղաքական ուժերի, որոնք մերժում են այս կամ այն ուժի հետ քննարկելը, որովհետեւ նրանց «ոչ հայրենասեր, ոչ ազգային են» համարում, ուրեմն իմաստը որն է, եթե դու պիտի որոշես՝ ով է ազգային ու հնարավոր է հետը բանավիճել ու ում հետ՝ ոչ: Իսկ հիմա պիտի առաջարկեմ մի վիճահարույց գաղափար: Միգուցե անիրապաշտ, ու ես չեմ հայտարարում այդ մեկն իբր դոգմա ու վերջնական, ու իհարկե մի քանի տողերով չէ, որ այս առաջարկը պիտի հասունանա ու դառնա կատարյալ օրենսդրական առաջարկ ու ոչ էլ, եթե ինձ նման 100 բլոգեր ու 50 լրագրող անկարող պիտի լինեն նման լուծման հասնել:
Սակայն արժի նկատի առնել այս առաջարկը ու փորձել մշակել:
Արժի քննարկել մի օրենքի նախագիծ, որը կսահմանի, թե երբ քաղաքական ուժերը առաջարկում են ճակատագրական գաղափար-առաջարկներ, նրանք պարտավոր են ընդունել այդ գաղափարների շուրջ քննարկումները: Առաջին երեք քննարկում իրենցից խնդրողին (իհարկե, շատերը պիտի պնդեն, որ ամեն մարդ ազատ է որոշ անձերի հետ քննարկումը մերժելուն), կա հարցի մյուս կողմը: Այսօր դժվար է չնկատել, թե ամեն քաղաքական ուժ միայն կընտրի այն մեդիան, քանի որ վստահ է, թե շատ «սադրիչ» հարցեր չպիտի տա ու այսպիսով Հայաստանի քաղաքական դաշտը տառապում է լինել արհեստական, գրեթե կեղծ, անբովանդակ, ուր դեմագոգիան, պատեհապաշտությունը, մանիպուլյացիան իշխում է ու դաշտը ոչ ինքնաբուխ է ու անարդյունավետ, պարզ երեւում է, թե ընդհանրապես ամեն ինչ նախօրոք սարքված արհեստականորեն համեմված թատերաբեմ է: Ու կա ամենից վտանգավորը. քաղաքական գործիչների ու ղեկավարների կողքին նոր սերնդի ազատ ու, բնականաբար, անկախ բլոգերներ, որոնց անտեսում են, որովհետեւ նրանք չեն գոհացնում իրենց պահանջները, բարձր ռեյտինգները, ու այդ կուսակցական-քաղաքական ղեկավարները միայն խսում են ԶԼՄ-ների հետ, որոնք իհարկե ունեն հովանավորներ եւ հետեւաբար միշտ էլ կաշկանդված են լինելու կարմիր գծերը չանցնել, հետեւաբար, մեր քաղաքական սպեկտրն ավելի արհեստական է լինելու:
Եկեք սկսենք այս առաջարկով. ամեն մի քաղաքական կեցվածք ընդունած գործիչ պարտավոր է ընտրի երեք սիրողական՝ ոչ ԶԼՄ-ի պատկանող, 10 բլոգերների ու նրանց հետ քննարկի, լինի դա հարցազրույց, թե բանավեճ:
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
բլոգեր
«Առավոտ» օրաթերթ
27.09.2023