Լրահոս
Օրվա լրահոսը

Պարսկական մշակույթի պահպանումն ամրագրված է մեր ազգի «անձնագրում»

Սեպտեմբեր 28,2023 13:30

Աշխարհի տարբեր մասերում զինված հակամարտությունները, պատերազմները կործանարար ազդեցություն ունեն մշակութային ու կրոնական կոթողների վրա։ Հայկական մշակութային ժառանգությունն էլ շարունակաբար ենթարկվում է պղծման, ոչնչացման։ Այսօր այդ ամենը կատարվում է Լեռնային Ղարաբաղում։ Ի դեպ, մեր ժառանգության կանխամտածված ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլ ողջ մարդկության համար։

Վերջերս Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական նիստ անցկացրեց, որտեղ ելույթ ունեցավ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գեւորգյանը։ Նա իր խոսքում ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում եւ շրջակա տարածքներում, որոնք 2020թ. պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, մեր մշակութային ժառանգության նկատմամբ կատարվող վայրագությունները։ Բառացիորեն օրեր առաջ ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ զրույցի առանցքում մեր երկրում ոչ հայկական մշակույթի պահպանման թեման էր։ Այս առիթով մեր զրուցակիցն ասաց. «Ուրիշի մշակույթի պահպանումը քո ազգի անձնագիրն է, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է՝ դու բարբարո՞ս ես, թե՞ քաղաքակիրթ ժողովուրդ։ Ավելին՝ ես կարծում եմ, որ այդ մշակույթը պահպանելը ոչ պակաս կարեւոր է, քան սեփական մշակույթ կերտելը։ Այսօր զարգացած երկրներն ու ազգերը հասկանում են, որ պահպանելով ուրիշի մշակույթը, միաժամանակ տեր են դառնում այդ մշակույթին, իսկ ոչնչացնելով՝ արձանագրում են, որ արժանի չեն նույնիսկ սեփական մշակույթին»։

Պարոն Բաբայանը օրինակ բերեց Երեւանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթը, նշելով, որ այն մեր մշակույթի մի մասն է։ Հետո արդեն խոսքուզրույց ընթացավ 1766թ. Հուսեյն-Ալի խանի կողմից կառուցված մզկիթի պատմության դրվագներին։ Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ խորհրդային տարիներին կրոնական կառույցների զանգվածային քանդման շրջանում մզկիթը պահպանվել է մեր մտավորականների ջանքերով, հատկապես Չարենցի։ Նրանք արել են ամեն հնարավորը այն պահպանելու համար։ «Մզկիթում տեղավորվեցին Երեւանի պատմության ու բնագիտության թանգարանները։ Ասեմ ավելին՝  մինչ մզկիթի կառուցումն այդտեղ կանգնած է եղել Դեֆ սուլթանի մզկիթը, որը քանդվել է երկրաշարժից՝ 1679թ.։ Սա խոսուն փաստ է, որ հայերս հարգել ենք ուրիշի մշակույթը»,- հավելեց Ռուբեն Բաբայանը։ Մենք էլ մտաբերեցինք բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Արմենի «Զուբեյիդա» վիպակը, որի գործողություններից մեկը տեղի է ունենում Կապույտ մզկիթում։ Այստեղ արձակագիրը նկարագրում է 1920-ականների Երեւանն ու Կապույտ մզկիթը, որի խցերում՝ խորհրդայնացումից հետո, ապաստանել են բնակարանային ծանր պայմաններ ունեցող մարդիկ։ Գուրգեն Մահարին էլ իր հուշերում գրում է, որ Ակսել Բակունցի հետ հաճախ են զբոսնել մզկիթի բակում, զրուցել ու պարսկական թեյ խմել։

Զրույցի ընթացքում չէինք կարող չանդրադառնալ պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ եւ բանաստեղծ Օմար Խայամին, ով համաշխարհային գրականության մեջ հայտնի է իր քառյակներով՝ ռուբայիներով։ Այստեղ էլ մտաբերեցինք անցյալ ուսումնական տարվա ավարտին Երեւանի հայ-հունական քոլեջում (տնօրեն՝ Արթուր Ղազարյան) անցկացված միջոցառումը՝ նվիրված Խայամին, որին ներկա էին նաեւ ՀՀ-ում ԻԻՀ-ի դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Մահամադ Ալի Թիանին եւ կենտրոնի ՀՀ ուսումնական հաստատություններում պարսկերենի դասավանդման բաժնի տնօրեն Արմինա Սարգսյանը։ Միջոցառման ավարտին պաշտոնյաների արձագանքից պարզ էր, որ նրանք հիացած են ուսանողների ելույթներով։ Նշենք, որ ներկայացվող նյութը մատուցվում էր պարսկերենով։ Իսկ միջոցառումը կազմակերպել էր քոլեջի «գործավարություն. օտար լեզվի խորացված իմացությամբ» բաժինը։ Պարսկերենը քոլեջում ուսուցանվում է արդեն երկու տարի։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ Երեւանի Կապույտ մզկիթը, Մուհամադ Ալի Թիանին ու Արթուր Ղազարյանը եւ կադրեր քոլեջում կայացած միջոցառումից:

«Առավոտ» օրաթերթ
27.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930