Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական պայմանավորվածությունները

Սեպտեմբեր 27,2023 23:50

Ռուբեն Վարդանյանի կալանավորումն ադրբեջանցիների կողմից, միաժամանակ Սամվել Բաբայանի անարգել Հայաստան մուտքը, տարբեր մեկնաբանությունների տեղիք են տվել։ Շատերը համոզված են, որ Սամվել Բաբայանը համագործակցել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, որը լրիվ հնարավոր է։

Նախ, կուզենայի իմ կարծիքը հայտնել Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի մասին։

Առանց ճանաչելու, Ռուբեն Վարդանյանի նկատմամբ միշտ ունեցել եմ համակրանք։ Նա այն հազվագյուտ հայ մեծահարուստներից է, ով առանց հեռահար քաղաքական նպատակների, գումարներ է ծախսել Հայաստանի տարբեր ոլորտների զարգացման համար՝ Դիլիջանի միջազգային դպրոց, Տաթևի ճոպանուղի և այլն։ Նման մեծահարուստ հայերից մտաբերում եմ մեկ էլ Քըրք Քըրքորյանին։

Ռուբեն Վարդանյանին տեսել եմ մեկ անգամ, երբ, կարծեմ 2019 թվականին, նրա հրավերով մասնակցեցի «Ավրորա» մրցանակաբաշխության նախնական ներկայացմանը, Մատենադարանի դահլիճում։

Ռուբեն Վարդանյանն ինձ հիացրեց, երբ Արցախի համար ծանր օրերին, տեղափոխվեց Արցախ։ Հույսեր արթնացան, երբ նա նշանակվեց Արցախի պետնախարար, սակայն կարճ ժամանակ անց, Ալիև-Նիկոլ զույգի պահանջով, Արայիկ Հարությունյանը նրան հեռացրեց պաշտոնից։

Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ լինելուց հետո, շարունակեց մնալ Արցախում, դրանով իսկ, ապացուցելով իր նվիրվածությունը հայրենիքին։

Սամվել Բաբայանի հետ առաջին անգամ հանդիպել եմ 2008թ․, իր առաջարկով։ Մինչ այդ, նրա մասին ավելի շատ բացասական, քան դրական բաներ եմ լսել։ Մինչ 1999 թվականը նա Արցախում ահ ու սարսափ էր տարածում, այնուհետև մահափորձ Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ, բանտ, ներում։ Երբ հանդիպելու էի նրա հետ, պատկերացնում էի մի վայրենի, անմակարդակ մեկին։ Սակայն, խոսակցության ժամանակ, նա զարմացրեց իր իմացությամբ, նաև տրամաբանությամբ։ Այդ օրվանից կարծիքս փոխեցի նրա նկատմամբ։

Երբ նա կալանավորվեց, նրան հայտարարեցի, որպես քաղբանտարկյալ։ Կալանքից ազատվելուց հետո, ջերմորեն հանդիպեցինք։ Բայց․․․Սամվել Բաբայանից վերջնականապես  հիասթափվեցի, երբ նա սկսեց սերտորեն համագործակցել  վարչապետ կոչեցյալի հետ։ Պատահական չէր, որ նա նշանակվեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար և մինչ պատերազմը ջերմ ընդունելություն կազմակերպեց, բանակից թռած, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած Արման Բաբաջանյանին։

Խայտառակ պարտությունից հետո, տպավորություն ստացա, որ Սամվել Բաբայանի սիրտը բնավ չի ցավում հայրենի Արցախի համար։ Նա շարունակում էր ծառայել դավաճան-վարչապետ կոչեցյալին։ Ճիշտ էին բոլոր նրանք, ովքեր համոզված  ասում էին, որ Սամվել Բաբայանը չունի սկզբունքներ և նրա համար կարևորը փողն է։

Չեմ ուզում անդրադառնալ նրա Հ1-ին տված հարցազրույցին։ Չեմ լսել, բայց կարդացել եմ բովանդակությունը։ Միայն նրա լայն  ժպիտով դեմքն ասում էր ամեն ինչի մասին։

Այժմ հայտնեմ իմ անձնական կարծիքը։ Ինչպես, 2020թ․ պատերազմը,2022թ․ սեպտեմբերյան, այս ամսվա 19-ի հարձակումը, Ռուբեն Վարդանյանի պետնախարարի պաշտոնից հեռացումն, այնպես էլ նրա կալանքն ու Սամվել Բաբայանի ազատ մուտքը Հայաստան, Ալիև-Նիկոլ զույգի հերթական պայմանավորվածությունների արդյունք է։

 

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930