Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են թուլացնել հայերի կողմից վտանգի զգացողությունը. Արեւմուտքից ազդակներ են ստացել. Փորձագետ

Սեպտեմբեր 27,2023 23:15

Առաջիկայում Ֆրանսիան հյուպատոսություն կունենա Սյունիքում եւ ռազմական կցորդ: Այս մասին սեպտեմբերի 26-ին հայտարարել էր Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան՝ մանրամասնելով, որ ռազմական ոլորտում խորացնում են Հայաստանի հետ համագործակցությունը:

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կտա Հայաստանին այդ համագործակցության խորացումը:

«Դեռ պետք է լավ ուսումնասիրել, հասկանալ նպատակը, բայց կարծում եմ՝ այսօր բոլորը փորձում են օգտվել Մետաքսի նոր ուղիներից, Արեւելք-Արեւմուտք առեւտրատնտեսային կապերից: Մինչեւ 2020 թվականի պատերազմը թուրքերը նման հաշվարկ ունեին, որ եթե ցամաքային կապով Թուրքիան կապվի Միջին Ասիայից դեպի Չինաստան, տարեկան 14 միլիարդ դոլար կշահեն: Հիմա կարծում եմ՝ նույն տնտեսական շահն է բոլորի մոտ, նավթամուղ, գազամուղ, առեւտրային կոմունիկացիոն այլ ճանապարհներ… այս շահերից ելնելով՝ ամեն մեկն ուզում է իր բաժինն ունենալ: Կարծում եմ՝ սրանով է պայմանավորված այդ ամենը»,- ասաց փորձագետը:

Անդրադառնալով վերջին օրերին Թուրքիայի նախագահի, այսօր արդեն Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարություններին, թե ՀՀ տարածքում ռազմական նպատակներ չունեն, միայն առաջարկում են կապի ուղիներ, տրանսպորտային միջոցներ ստեղծել, փորձագետը նկատեց, որ չպետք է խաբվել թշնամու հռետորաբանության մեղմացումից. «Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակները բացարձակ չեն փոխվել, մենք գիտենք՝ թուրքերը շատ ճկուն են ու ամեն ինչ շատ գրագետ են անում: Թուրքերին քոչվոր ասելուց, ծաղրելուց դուրս պետք է գանք: Հասկանանք՝ խորքային պետություն են եւ Ադրբեջանի հետ ամեն ինչ շատ գրագետ պլանավորված են անում: Մենք խնդիրներին պետք է մոտենանք ավելի մեծ տեսադաշտով: Մենք «գլազոկից» նայում ենք մի փոքր հատված եւ կարող ենք սխալ պատկերացումներ ունենալ, բայց պետք է դուռը բացենք ու ամբողջ տարածաշրջանային զարգացումները դիտարկենք:

Պատահական չէր, չէ՞, որ այս քանի օրը ԱՄՆ-ից, Եվրոպայից տարբեր ձեւի արձագանքներ, մարդկանց այցեր են տեղի ունենում: Քանի որ ինչ-ինչ պատճառներով ռուսական մոտեցումները լավ չաշխատեցին կամ չաշխատեցին՝ մտածված, թե անփութության արդյունքում, սա պատրվակ անելով՝ հիմա Արեւմուտքի ծրագիրն է, ամբողջությամբ լծված են ՀՀ-ից ռուսական ռազմաբազան դուրս բերելու, այսինքն՝ այս տարածաշրջանից ՌԴ-ին դուրս մղելու: Ադրբեջանն ու Թուրքիան կարծում եմ՝ ուղղակի մեզ հիմա խաբում են: Փորձում են թուլացնել հայերի կողմից վտանգի զգացողությունը, որը հենց դուրս գա, կստացվի Արեւմուտքի ծրագիրը:

Արեւմուտքի կողմից են այդ ազդակները թուրքերը ստացել՝ մեղմեք այս պահին ձեր մոտեցումները, մինչեւ կարողանան իրենց խնդիրը լուծել ու տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, ինչին կհաջորդի նաեւ Իրանի հյուսիսից համարյա թե շրջափակումը, սա է ամբողջ խորքային ծրագրի մասը: Վստահ եմ, որ թուրքերը որոշ ժամանակ անց նորից անցնելու են իրենց սպառնացող հռետորաբանությանը եւ պահը բռնելով, լեգիտիմ հիմքեր գտնելով, որի ուղղությամբ աշխատում են, իրենք նաեւ ռազմական ճանապարհով փորձելու են իրենց խնդիրները լուծել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930