Արցախից բռնի տեղահանվածներին այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառի․ մարդիկ հաշվառվելու են Գորիսում, հետո՝ Վայքում։ Նման որոշում ընդունելու պատճառը, ըստ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, խցանումներն են։
«Հումանիտար կայանից մինչեւ այն կետը, որ մարդիկ անցնում են՝ կարճ է տարածությունը, այդտեղ խցանումներ են առաջանում, ինչի համար որոշեցինք հաշվառել Գորիսում որպեսզի մեքենաները էլ ճանապարհին չկանգնեն, ուղիղ գան Գորիս»,-նշեց Սյունիքի մարզպետը։
Չնայած մարզպետի աշխատակազմում նախապես աշխատանքային խումբ էր ստեղծվել, որի կազմում 350 մարդ է ընդգրկված, սակայն պատկերացնել ինչ տիպի աշխատանքներ են սպասվում՝ հնարավոր չէր, մարդկանց հոսքը անդադար ու անկանոն է։
Այս պահին աշխատանքի հիմնական բեռը Սյունիքի վրա է, քանի որ բոլորին դիմավորում են այստեղ, փորձում քարտեզագրել կարիքներն ու ճանապարհում այլ մարզեր։ Կոնկրետ Գորիս համայնքում բոլոր խանութները, սննդի օբյեկտները, հացի արտադրամասերը 24 ժամ աշխատում են, սակայն էլի դժգոհություններ լինում են։
Կարդացեք նաև
«Գորիսի փողոցներն ամբողջությամբ կաթվածահար են՝ տասնյակ հազարավոր մեքենաների պատճառով։ Իսկ ինչ վերաբերում է սննդին, դեղորայքին եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաներին որեւէ խնդիր չկա: 37 տարբեր կետերում սնունդ եւ ջուր ենք մատակարարում»,-նշեց Ռոբերտ Ղուկասյանը։
Վերջինս համոզված է՝ Կոռնիձորում հաշվառում չիրականացնելը կնպաստի աշխատանքների ավելի արագ կազմակերպելուն։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ