«ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում միայն հումանիտար կարեկցանքով չի կարելի պայմանավորել, քանի որ նրանք իրենց քաղաքականությունը պայմանավորում են սեփական պետության ռազմավարությամբ»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք ԱՄՆ–ի եւ միջազգային դերակատարների այսպիսի սրտացավությունը Հայաստանում կատարվողի հանդեպ պայմանավորված է ստեղծված մարդասիրական աղետո՞վ, թե՞ ՌԴ–Հայաստան լարվածությամբ, այսպես պատասխանեց Քաղաքական գիտությունների թեկնածու, ազգային շահերի և պետության ռազմավարական քաղաքականության փորձագետ Գուրգեն Սիմոնյանը։
Ըստ նրա՝ ՀՀ-ի ներկայիս իրողությունները բավականին մտահոգիչ են նաև այն առումով, որ այն կողմը, որը ՀՀ-ի կողմից դիտարկվում էր՝ իբրև ռազմավարական դաշնակից, բացի այն հանգամանքից, որ բազմաթիվ փորձությունների համատեքստում իր ռազմավարական դաշնակցի պարտականությունները չկատարեց, այլև ՌԴ-ն չի կատարել 1997-ին փոխըմբռնման և փոխադարձ օգնության պայմանագրով հաստատված իր ստանձնած պարտավորությունները, 2000 թվականի ռազմավարական համագործակցության դեկլարացիայի հռչակագրային մոտեցումները․ «Նաև ժամանակակից իրողություններում տարբեր անուղղակի մեթոդներով կասկածի տակ է դնում ՀՀ ինքնիշխանությունը, հայ ժողովրդի՝ ինքնիշխան պետություն ունենալու իրավունքը։
Այս հանգամանքը գոյութենական խնդիր է ստեղծել հենց ՀՀ-ի համար, ՀՀ-ում ձևավորված, միջազգային ասպարեզում ճանաչված ժողովրդավարական կարգերի համար, և ՀՀ կամքն իր սեփական ինքնիշխանությունը և անկախությունը պաշտպանելու ուղղությամբ իր օժանդակությունն է գտնելու ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի կողմից, և սա օրինաչափ է։ Բացի այդ օրինաչափությունը, որ ՀՀ-ն իր ինքնիշխանությունը փորձելու է իրեն հասու մեթոդներով ու միջոցներով պաշտպանել, այդ գործընթացում փորձելու է փնտրել դաշնակիցներ ինչպես միջազգային ասպարեզում՝ հանձին հավաքական Արևմուտքի, ԱՄՆ-ի, այդպես էլ տարածաշրջանում՝ ի դեմս Իրանի։
Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարող ենք փաստել, որ արևմուտքը նկատի ունենալով նաև այդ քաղաքական մերձեցումը ՀՀ-ի հետ, նաև այդ իրողությունը, որ ՀՀ-ն նման խնդիր ունի, ենթատեսքտում միշտ իր ռազմաքաղաքական հետաքրքրությունները սպասարկելու է։ Իսկ ո՞րն է դա․ որ ուկրաինական պատերազմի համատեքստում ՌԴ կողմից սանձազերծված ագրեսիայով պայմանավորված՝ Արևմուտքը հստակ սահմանել է մի իրողություն՝ համաձայն որի՝ ՌԴ-ն պետք է պարտավորություն կրի բոլոր թատերաբեմերում, դուրս մղվի նախկինում իր բոլոր ազդեցության գոտիներ կոչվածներից և նաև ծրագրերից մեկն է, որ ՀՀ ինքնիշխանության պաշտպանմանը սատարմանը զուգահեռ ստեղծվեն հնարավորություններ և հիմքեր, որ ՌԴ-ն այլևս ներկայացված չլինի Անդրկովկասում՝ որպես այդպիսին։
Կարդացեք նաև
Այս ամենը, անշուշտ, հակոտնյա է գնում ՌԴ քաղաքականությանը։ Նրանք փորձելու են վերախաղարկել, բայց այն հանգամանքը, որ հենց ՌԴ-ի սխալ ռազմական ռազմավարական որոշումները, որոնք հիմք էին հանդիսացել տարածաշրջանում այս հումանիտար աղետի, ստեղծելու է այնպիսի իրադրություն, որի պարագայում ուղղակի անխուսափելի է լինելու ՌԴ-ի՝ տարածաշրջանից դուրսբերումը»։
Ըստ Գուրգեն Սիմոնյանի՝ համաձայն ռուսական ծրագրի՝ 2020-ի 44-օրյա աղետալի պատերազմից հետո ՀՀ-ում պետք է ներքաղաքական ճգնաժամերի ալիք բարձրանար, որի վերջնարդյունքում ՀՀ-ում տեղի կունենար իշխանափոխություն․ «Նոր ձևավորված իշխանությունը կկարողանար ռուսական քաղաքականությունն առավելագույնս իրացնել տարածաշրջանում և երկիրը մտցնել միութենական պետության կազմ։ Սա կհանգեցներ նրան, որ դե ֆակտո ՀՀ-ն կդադարեր գոյություն ունենալ տարածաշրջանում՝ իբրև անկախ պետություն, և ՌԴ-ն արդեն առանց կամարտահայտություն հարցնելու որևէ դերակատարից իր ներկայությունը կհավիտենականացներ տարածաշրջանում։ Բայց արի ու տես, որ այդ պլանների ձախողում տեղի ունեցավ հայ ժողովրդի կամքի շնորհիվ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ