«Իշխանություններն իրենց դավաճանությամբ ու քաղաքականությամբ զրոյացրեցին մեր տղաների պայքարը։ Մենք անտուն, անհայրենիք մարդ ենք, Արցախն ամբողջովին հանձնված է»,- Եռաբլուրում «Առավոտի» հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հերոս Հովհաննես Խոդերյանի մայրը՝ Հայաստան Մկրտչյանը։
«Թեւանիկ» ֆիլմի գլխավոր հերոս Հովհաննեսը ծնվել ու մեծացել է Շուշիում։ «Երբ պատերազմի լուրը լսեցինք, առաջինը միջնեկ տղաս մեկնեց, հետո՝ Հովհաննեսը։ Հոկտեմբերի 16-ին իմ Հովհաննեսը զոհվեց Հադրութում՝ Թութակներում։ Շրջափակման մեջ են ընկել, շատ բարդ ճանապարհ են անցել։ Հերոս տղաներ ունեմ, ինքը չէր վախենում, ասում էր՝ բա ո՞նց չգնամ, իմ հայրենիքն է։ Հիմա իր ծննդավայր Շուշին չկա, ամբողջ Արցախը չկա, ոչ մի բան չունենք, անհայրենիք մարդ ենք մենք»,- ասաց մայրը։
Հովհաննեսը 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած է համարվել, նրա մարմինը հարազատներին հանձնել են պատերազմից 4 ամիս անց։
«Ես հիմա գիտե՞ք ինչ եմ ուզում, ուզում եմ, որ այս դավաճանին, ով դավաճանեց, հրապարակում կախեն, տան զոհված ծնողների ձեռքը։ Ի՞նչ է կատարվում Արցախում այս օրերին՝ մորթում են, ցեղասպանություն, հանձնեցին, ժողովրդին դուրս արեցին։ Ես մինչեւ վերջ չէի հավատում, սպասում էի, որ Արցախի ճանապարհը կբացեն, ես կգնամ նորից իմ Արցախում կապրեմ։ Արցախցին մենակ էր պաշտպանում, մենակ էր թուրքի ձեռքին, ոչ ոք չօգնեց, ստիպված հանձնվեցին, ի՞նչ անեն։ Մարդիկ 9 ամիս սովամահ եղան, ո՞վ մտածեց, կույր աշխարհ է, ոչ ոք։ Ասացին՝ մեր տղաները հանուն ոչնչի զոհվեցին, իրոք այդպես էլ եղավ, իրենք դա գիտեին»,- ասաց Հայաստան Մկրտչյանը։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ Արցախը հանձնելով՝ Հայաստանի անվտանգությունը չի ապահովվի։ «Մեղքը բոլոր իշխանություններին է, բոլորը սրբապիղծ են, բայց գլխավոր մեղավորն այս իշխանությունն է»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ