Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է Ալիեւի հետ օպերատիվ կապից մի հատ բարակ մալուխ գնում է նաեւ Սամվել Բաբայանի հեռախոսին». Արթուր Խաչատրյան

Սեպտեմբեր 27,2023 18:19

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում մեղադրում էր, որ Արցախի իշխանությունները ստորագրել են Ռուսաստանի տված տեքստի տակ, որտեղ գրված է՝ Հայաստանը իր բանակը պետք է հանի. «Հայաստանը այնտեղ բանակ չունի, ի՞նչ պիտի հանի, էդ տեքստը ո՞վ է գրել, ես գիտեմ, ռուսական կողմն է գրել, տվել, որ Հայաստանին մտցնի խաղի մեջ, որ չի կատարել իր պարտականությունը, Ադրբեջանը դրա համար հարվածներ է հասցրել»:

Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ Հայաստանն արցախահայերին թողել էր մենակ Ադրբեջանի զինված ու մարզված զորքի դեմ. «Հայաստանի իշխանությունները դուռ-պատուհանները փակել էին, որ չլսեին, թե ինչպես են Արցախում հայերը կոտորվում: Ադրբեջանը դարձավ այսքան սանձարձակ, երբ Փաշինյանը ճանաչեց Արցախի գերիշխանությունը Արցախի նկատմամբ, Արցախին թողեց մենակ եւ դա Ադրբեջանը ընկալեց՝ որպես «ֆաս» հրաման՝ հոշոտելու խոցված Արցախը: Դա է արմատը: Այլապես տպավորություն է ստեղծվում, որ այս իշխանությունները եւ Արցախի որոշ մարդիկ միայն հրճվում են նրանից, որ Արցախը հայաթափվել է, հարյուրավոր մարդիկ զոհվել են, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են գաղթական, հիմա արդեն կարող են իրենց մեղքը ուրիշների վրա բարդել: Փաշինյանի ամբողջ քաղաքականությունը դա է՝ մեղավորներ փնտրել ժամանակի եւ տարածության մեջ: Նա ասում էր՝ ես նստեցի, որ իմ մեղադրական եզրակացությունը գրեմ, բայց չհասկացա ինչ մեղադրանք առաջադրեմ: Մեղադրանքն այն է, որ ինքը կործանման եզրին հասցրեց Արցախի Հանրապետությունը եւ նույն ճանապարհով է տանում նաեւ Հայաստանի Հանրապետությունը»:

Սամվել Բաբայանը պնդում էր, որ հնարավոր էր խուսափել պատերազմից. «Կարող էինք մեր տարածքի վրա ստեղծել ավտոնոմ ռեսպուբլիկա, մեր գվարդիան ունենայինք: Ադրբեջանը համաձայնել է դրան, ես բանակցել եմ միջնորդավորված, ուղիղ ես չեմ եղել, ես գրավոր ուղարկել եմ, իրենք էլ համաձայնվել են: Էդ մարդիկ էլ կան, ովքեր բանակցել են, տարել, բերել են, բոլորը կգան դատարանում ցուցմունք կտան: Ադրբեջանը համաձայնել էր, որ մենք տեղական ինքնակառավարում ունենայինք, ամեն ինչ: Իրենք չեն արել, պետական հանցագործ են»:

Արթուր Խաչատրյանն ի պատասխան հեգնեց. «Ինքը կարո՞ղ է 2010 թվականի թղթեր է կարդացել: Ադրբեջանը հայտարարում է՝ որեւէ ինքնավարություն չի լինելու, Լեռնային Ղարաբաղ վարչատարածքային միավոր չի լինելու, լինելու է Ղարաբաղի տնտեսական գոտի, որտեղ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը նախկին ավելի փոքր տարածք էր կազմելու, քան թե այդ շրջակա տարածքները: Դա Ադրբեջանի հայտարարություններն են: Եթե Ալիեւը իրեն առանձին զանգել, ինչ-որ բան է առաջարկել ու ինքը այդքան մտերիմ հարաբերություններ ունի՝ ինքը, Նիկոլ Փաշինյանը, Ալիեւը, թող դա հրապարակի: Թող գան ցուցմունք տան»:

Հարցին՝ ո՞նց է ստացվում, որ Սամվել Բաբայանը կարողանում է ադրբեջանցիների հետ բանակցել՝ Արցախի իշխանությունների մեջքի հետեւում, ԱԱԾ չկա՞՝ Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Այդ հարցը ես էլ կուզենայի տայի՝ գաղտնի ծառայություններ չկա՞ն, Դուշանբեում Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ հաստատված օպերատիվ կապը դեռեւս գործո՞ւմ է, կարո՞ղ է այդ օպերատիվ կապից մի հատ բարակ մալուխ գնում է նաեւ Սամվել Բաբայանի հեռախոսին: Սրանք հարցեր են: Հույս ունեմ, որ կա ԱԱԾ եւ վերջիվերջո այս ամենը պարզ կդառնա»:

Արթուր Խաչատրյանը համոզված է, որ Սամվել Բաբայանը, որը հնչեցնում էր Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաների անունները Հանրայինի եթերում, ցուցում էր տալիս ադրբեջանցիներին. «Ասեց՝ իրենք այնտեղ են, եթե ադրբեջանցիք չբռնեն, ուշադիր եղեք՝ դուք բռնեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930