ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում, խոսելով Հակարիի կամրջին ապօրինաբար տեղադրված ադրբեջանական անցակետում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առեւանգելու եւ նրան պատանդի կարգավիճակում պահելու մասին, ասաց. «Վիճակը օրհասական է: Սա այս իշխանությունների հետ համատեղ գործողությունների մի մասն է կազմում եւ այսօր սարսափելի պատկեր է: Սամվել Բաբայան կոչվածը, իր իսկ խոսքերով, առանց որեւէ խոչընդոտի ողջունում է Ադրբեջանի զինծառայողներին եւ առանց որեւէ զննության, պահանջի, խնդրի՝ հանգիստ առաջինն է դուրս գալիս Արցախից: Իսկ այն մարդկանց, որոնք պայքարել են, կյանքը, առողջությունը դրել հայրենանվեր գործի վրա, ադրբեջանցիներն իրենց ցուցակներով ձերբակալում են: Նրանք տարվում Ադրբեջան՝ հայտնի բանտեր, որտեղ տեղեր են պատրաստվում Արցախում կենաց-մահու կռիվ տված բոլոր հայտնի հայրենասեր հայերի համար»:
Օգտվելով առիթից՝ Գառնիկ Դանիելյանը նորից ու կրկին դիմեց ժողովրդին. «Մեր սիրելի հայրենակիցներ: Հերթով մտնելու են բոլորի տները, հերթով ձերբակալելու եւ ադրբեջանական բանտեր են տանելու բոլոր այն հայրենասերներին, նվիրյալ մարդկանց, որոնց համար հայրենիքը թանկ է: Բոլորիս համար օր առաջ սթափվելու, լրջանալու, համախմբվելու, բոլոր տարաձայնությունները, բոլոր խնդիրները, մեկը՝ մյուսին սիրել-չսիրելը թողնում ենք մի կողմ: Արցախը հայաթափվում է: Արդեն 48 հազար մարդ հատել է Արցախի սահմանը: Մարդիկ թողել են իրենց տուն-տեղը եւ ընդամենը հագի շորերով տեղափոխվել Հայաստան: Հիմա հայրենասեր մարդիկ այնտեղ են ձերբակալվում ադրբեջանցիների կողմից, իսկ վաղը Հայաստանում նույնպես տեղի են ունենալու ձերբակալություններ»,-ասաց բանախոսը եւ կոչ արեց մի քանի օր թողնել անձնական բոլոր գործերը, դուրս գալ պայքարի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ