«Պատերազմից երեք տարի է անցել, ի՞նչ ունենք այսօր՝ շարունակվող դժոխք՝ մի մարդու առաջնորդությամբ ու գլխավորությամբ։ Այս դժոխքը կարող էր ավարտվել գոնե երեք տարի առաջ՝ պատերազմի ավարտով, եւ այս դժոխքի կրողը միայն այն ծնողները կլինեին, ովքեր անձնական կորուստներ ունեցան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Գեւորգյանի մայրը՝ Ալիսա Գեւորգյանը։
Նրա խոսքով՝ այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, շարունակվում է Հայաստանի սահմաններին եւ ամենայն հավանականությամբ դեռ կշարունակվի։ «Դա այն է, ինչ հավանաբար ընտրեց մեր ժողովուրդը, իսկ եթե ժողովուրդը որոշում է, որ ինքը պիտի կործանվի, դժվար թե նրան որեւէ մեկը կարողանա խանգարել»,- ասաց Ալիսա Գեւորգյանը։
Նրա խոսքով՝ այս իշխանությունները մսխեցին ու կործանեցին երկու հայկական պետություն։ «Այն հիմար լոզունգները, թե 30 տարի թալանել են, երեք տարի է՝ այդ թալանածը թուրքը տանում է, եւ դեռ չի ավարտվում։ Ասում էին՝ զենք չունեին մեր տղաները, որ կռվեին, բայց երեք տարի է՝ այդ զենքը տալիս են թուրքին, եւ թուրքը դեռ տանում է` չի ավարտվել։ Մենք պատերազմից հետո տեսանք, որ 6 մլրդ արժողությամբ զենք հանձնվեց Ադրբեջանին, երկու օր առաջ էլ տեսանք Արցախի պահեստներում կուտակված այն զենքը, որը պատերազմի օրերին թե ինչու չի կրակել, այդ հարցը պատասխանը երեւի մի օր այս հրեշը կտա կամ չի տա։ Սա ամենամեծ բացահայտված սուտն է, որ մենք ունեցել ենք զենք, որը չի կրակել թշնամու վրա, այսօր նվիրում են ուղղակի, ինչպես ամեն ինչ է նվիրվում այս երկրում»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ալիսա Գեւորգյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման մասին։ «Արցախն էր Հայաստանի ողնաշարը, Արցախը դեռ չհանձնած՝ թուրքն արդեն ՀՀ սահմաններին առաջ էր եկել։ Դուք շատ լավ գիտեք, թե ՀՀ տարածքում ի՞նչ ռազմավարական դիրքեր են ադրբեջանցիները գրավել եւ քանի կմ են առաջ եկել, եւ դեռ գալու են։ Ինչպես ասում են՝ կինոն դեռ նոր է սկսվում։ Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Հայաստանի ինքնիշխանության մասին, ես նույն սարսափն եմ ապրում, երբ ինքն ասում էր՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Երբ ինքը խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, դրանից միայն պետք է սարսափել։ Դա նշանակում է, Հայաստանի տարածքային ամբողջականությունն արդեն չկա, իր բանավոր պայմանավորվածությամբ նաեւ այդ հարցն է լուծել»,- նշեց նա։
Դավիթ Գեւորգյանը պատերազմի ժամանակ Վարանդայում էր ծառայում։ Վերջին անգամ տուն էր զանգել հոկտեմբերի 16-ին։ Դրանից հետո նրա հետ կապը կորել է, Դավիթի մասունքները հարազատներին են հանձնվել 11 ամիս անց։ «Իմ տղայի հրամանատարն անձամբ էր Արցախից եկել, որպեսզի պատմեր, թե ինքն ինչ հերոսությամբ է այնտեղ կռվել։ «Արիության» մեդալ ունի։ Հրամանատարը, ում հետ Դավիթը կռվել է, ասում էր՝ ես այնտեղ 19 տարեկան տղա չեմ տեսել, ինձ հետ հավասար 40 տարեկանի նման Դավիթը կռվել է։ Ըստ հրամանատարի՝ Դավիթն այնպիսի գործողություն է կատարել, որ 60 հոգու կյանք է փրկել, թուրքերի կրaկը միայնակ պահել է, եւ ընկերները կարողացել են շրջափակման միջից դուրս գալ»,- ասաց Ալիսա Գեւորգյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ