Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց, Ֆինլանդիան «գնաց», «մնաց» Թաթարստանը. մեր հասարակական-քաղաքական կյանքի գերխնդիրը միշտ էլ եղել է «կոմպրոմատի», ոչ թե փաստարկի վրա հիմնված քարոզչությունը. Հակոբ Բադալյան

Սեպտեմբեր 27,2023 17:30

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս մասին չեմ գրել, երբ Հայաստանում ծավալվում էր արշավը «Թաթարստանի» թեմայով: Չեմ գրել ոչ այն պատճառով, որ անհանգստացել եմ, թե ինձ կարող էին դիտել Ռուբեն Վարդանյանի «գործակալ» :)) Իմ որեւէ կարծիք արտահայտելիս բացարձակապես չի հետաքրքրել ու չի հետաքրքրում, թե դրանից հետո ինձ ում հետ կասոցացնեն, ինձ համար կարեւորն այն է, որ արտահայտեմ այն, ինչ տեսնում եմ ու մտածում՝ առանց անսխալականության բարդույթի, առավել եւս, որ այստեղ բիզնես նկատառումներով չէ, որ արտահայտվում եմ:

Պարզապես, չեմ գրել, համարելով, որ ներքին քաղաքական պայքար է, ամեն ոք թող իրեն պաշտպանի, իսկ Հայաստանի հարցերը շատ ավելի խորն են:

Թեեւ, համոզված եմ եղել, որ այդ արշավի հանրային ընկալման եւ «մարսման» պատճառները Հայաստանի այդ խորքային խնդիրներից մեկն են:

Եվ այդ պատճառով է նաեւ, որ այժմ, երբ Վարդանյանն ադրբեջանական գերության մեջ է, ուզեցի անդրադառնալ թեմային:

Ի՞նչ էր ասում նա Թաթարստանի մասին, եւ ի՞նչ էր ասում՝ Թաթարստանից բացի: «Միութենական պետության» մասին հարցին նա պատասխանում էր, որ, եթե դա մեզ համար դառնա անխուսափելի իրավիճակ, ապա առավելագույն ջանք գործադրենք, որ գոնե ունենանք այնպիսի կարգավիճակ, ինչպես Թաթարստանը Ռուսաստանի կազմում, որը ներկայումս, ըստ էության, անկախ պետություն չէ թերեւս միայն նրանով, որ ֆորմալ առումով ՌԴ դաշնային սուբյեկտ է: Անգամ դա չպետք է լինի ձգտելու հեռանկար, բայց Վարդանյանի խոսքը վերաբերում էր անխուսափելիությանը, եթե մենք չունենանք այլ տարբերակի ուժ եւ հնարավորություն, եւ ձգտենք այդ կարգավիճակին գոնե, որ հետո, երբ աշխարհում հնարավոր է լինի նոր պատմական պատեհություն, մենք վերականգնենք մեր դե յուրե անկախությունը:

Սրա շուրջ հնարավոր է վիճել նույնիսկ ժամերով, բայց այստեղ կարեւոր է շարունակությունը:

Իսկ Վարդանյանը շարունակել էր, որ, ինչ վերաբերում է իր ցանկությանն ու պատկերացմանը, ապա իր համար առավել նախընտրելին Ֆինլանդիայի տարբերակն է, որ թե մեկ, թե մյուս բևեռեին կարողանանք համոզել, փաստարկել, բացատրել, որ մեզ չդնեն կործանարար ընտրության առաջ եւ մենք երկուստեք հարաբերվենք, ինչպես Ֆինլանդիան էր հարաբերվում ԽՍՀՄ եւ Արեւմուտքի հետ:

Սրա վերաբերյալ էլ կարող են լինել բազում քննարկումներ:

Բայց, Ֆինլանդիան «գնաց», «մնաց» Թաթարստանը, այն էլ ոչ թե փաստարկված քննարկումների դաշտում, այլ գերազանցապես քարոզչական պատերազմների: Որովհետեւ, մեր հասարակական-քաղաքական կյանքի գերխնդիրը միշտ էլ եղել է «կոմպրոմատի», ոչ թե փաստարկի վրա հիմնված քարոզչությունը:

Դրանք քաղաքականության անբաժանելի մասն են, ցավոք, եւ այստեղ իրավիճակը տեսանելի ապագայում հազիվ թե փոխվի:

Բայց, եթե չփոխվեն նաեւ հանրային ընկալումները, որոնք հասցվել են հիվանդագին աստիճանի, մոլուցքի, մենք քայքայվելու ենք խրախճանքի ուղեկցությամբ: Խրախճանք, որի օրվա հերոսները կլինեն փոփոխական, իսկ զոհը անփոփոխ՝ Հայաստանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930