«Ժամը 15-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 50243 անձ: Այս պահի դրությամբ կեցության հարց պետության միջոցներով հոգացվել է շուրջ 5700 անձի համար: Կոռնիձորում ունենք կայանատեղի, որը հատելուց հետո մարդիկ նաեւ հաշվառման գործընթաց են անցնում, որտեղ գնահատվում են կարիքները»,-ասուլիսում հայտնեց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նրա խոսքով, մնացած քաղաքացիները հրաժարվել են եւ ուղեւորվել իրենց կեցության վայրերը. «Ես հորդորում եմ հաշվառման գործընթացն իրականացնել արդեն իրենց ժամանակավոր բնակության վայրերում, որովհետեւ ՀՀ բոլոր մարզերում եւ տարբեր քաղաքներում գործում են աշխատանքային խմբեր: Եվ հաշվառման գործընթացը կարեւոր է նրա համար, որպեսզի հետագայում հումանիտար ծրագրերը նպատակային իրականացվեն»,-ասաց նա:
Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ժամը 14-ի դրությամբ եւս 74 բուժառու տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, եւ նրանց ընդհանուր թիվը կազմում է 311: Դուրս գրված քաղաքացիներ չկան:
Նա հավելեց, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝114 թեժ գծին ստացվել է 6900 զանգ, 4900 քաղաքացու կարիքների գնահատում է իրականացվել: Նշեց նաեւ, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է kamavor.mlsa.am հարթակը, որտեղ 660 հայտ է լրացված:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ