Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղթանակ» զբոսայգու տարածքում օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է

Սեպտեմբեր 27,2023 16:23

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի Բաբայան և Ուլնեցի փողոցների հատման մասում գտնվող հողամասի վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Բաբայան և Ուլնեցի փողոցների հատման մասում գտնվող 6900 քմ մակերեսով հողամասի վարձակալության մրցույթում հաղթող է ճանաչվել քաղաքացի Ա.Պ.-ն, ով 2003 թվականի փետրվարի 18-ին Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումով հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու պատճառով հրաժարվում է վարձակալության մրցույթում իր առաջարկած գնից՝ խնդրելով հաղթող ճանաչել մեկ այլ անձի:

Մրցույթին մասնակցած մյուս երկու մասնակիցները ևս հրաժարվել են վարձակալության պայմանագրից, որից հետո հողամասը վարձակալելու առաջարկ է ներկայացվել մրցույթի չորրորդ մասնակցին՝ Վ.Պ.-ին. վերջինս մրցույթում հաղթող է ճանաչվել:

Երևանի քաղաքապետի և Վ.Պ.-ի միջև 2003 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված վարձակալության պայմանագրով՝ Բաբայան և Ուլնեցի փողոցների հատման մասում գտնվող 6900 քմ մակերեսով հողամասը 25 տարի ժամկետով՝ հանգստի և ժամանցի համալիր կազմակերպելու նպատակով, տրամադրվել է Վ.Պ.-ին: Վարձակալին տրամադրվել է նաև գնման նախապատվության իրավունք: Արդյունքում՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ, վարձակալությամբ տրամադրված 6900 քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքի չափով՝ 10 մլն 105 հազար 878 դրամով, օտարվել է Վ.Պ.-ին: Երևանի քաղաքապետի 2011 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ՝ վերոնշյալ հողամասին տրվել է Բաբայան 1/1 հասցե:

2011 թվականի հուլիսի 18-ին կնքված պայմանագրով՝ Վ.Պ.-ն հողամասն օտարել է մեկ այլ քաղաքացու՝ Ի.Պ.-ին, վերջինս էլ այն օտարել է Ռ.Գ.-ին: Ռ.Գ.-ն 2020 թվականի փետրվարի 27-ին հողամասն ամբողջությամբ ներդրել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում, իսկ 2023 թվականի հունվարի 31-ին՝ վերոնշյալ ընկերությունն իր գույքը՝ ներառյալ հողամասը, 10 մլրդ դրամի դիմաց գրավադրել է բանկում:

2023 թվականի օգոստոսի 23-ին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Քաղաքաշինության կոմիտեից ստացված գրությունը, որով պարզվել է, որ «Հաղթանակ» զբոսայգու տարածքը սահմանազատված է Ազատության պողոտայով, Սարալանջի և Բաբայան փողոցներով:

Բացի այդ, Երևանի քաղաքապետի 2004 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ՝ Ուլնեցի, Բաբայան փողոցներով և երկաթգծով պարփակված հատվածում սահմանված է եղել կառուցապատման հատուկ ռեժիմ, այն է՝ կառուցապատման սահմանափակ հնարավորություն, որը ենթակա չէր օտարման:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե:

2023 թվականի սեպտեմբերի 20-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930