Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագրով Արցախի անվտանգության երաշխավորի դերը մեր սիրելի Պուտինն է ստանձնել»․ Գագիկ Մելքոնյան

Սեպտեմբեր 27,2023 16:03

«Մենք տեսանք, թե ինչ եղավ Արցախում, երբ մեկ ամիս առաջ իշխանության եկան մարդիկ, որոնք ձգտում էին ավելի շուտ գալ իշխանության։ Եվ մենք տեսանք, թե իշխանության եկող ուժերը ինչ գեղեցիկ ձեւով Արցախը հանձնեցին»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը (շրջանցելով այն, որ Հայաստանի իշխանությունը մենակ էր թողել Արցախին․– խմբ․

«Այսինքն՝ կապիտուլյացիան, որի մասին իրենք խոսում էին միշտ, տեղի ունեցավ իրենց ձեռքով, իրենք ստորագրեցին այս կապիտուլյացիան։ Հիմա ՀՀ իշխանությունը արցախցի մեր քույրերին ու եղբայրներին ընդունում է այստեղ, բոլորի համար արդեն կացարաններ են պատրաստված։ Նրանց փախստականի կարգավիճակ է տրվելու, այդ կարգավիճակով նրանք մնալու են, եւ հնարավոր է նաեւ այնպիսի տարբերակ, որ իրենց համար տներ կառուցվեն այն գյուղերում, որտեղ բնակչությունը քիչ է»,- ասաց Մելքոնյանը։

Հարցին, թե ՀՀ իշխանությունների մեղքի բաժինը չկա՞ Արցախում տեղի ունեցածի մեջ, Գագիկ Մելքոնյանը պատասխանեց․ «Եթե մենք վերցնենք, ամեն մի հայ մեղավոր է։ Հայաստանի Հանրապետությունը մինչեւ 2020 թվականի պատերազմը եղել է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Պատերազմից հետո նոյեմբերի 9-ի պայմանագրով երաշխավորը փոխվեց, դարձավ Ռուսաստանի Դաշնությունը՝ իր խաղաղապահ զորքով։ Այնտեղ իրենք ունեին հնարավորություն, Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, պետք է ռուսական խաղաղապահները պահեին։ Բայց մենք տեսանք, որ չպահվեց դա։ Դրանից առաջ Խծաբերդում մեր 60 տղաները գերեվարվեցին նույն ռուսների աչքի առաջ։ Խծաբերդից հետո Փառուխը հանձնվեց, եւ ոչ մի բան։ Հետո միջանցքը փակվեց, 5 կմ-ն դարձավ ճանապարհ, հետո ճանապարհի վրա դրվեց անցակետ»։

Դիտարկմանը, որ ռուս խաղաղապահներն Արցախ են մտել նաեւ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ, հայկական կողմից պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, Գագիկ Մելքոնյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը հրադադարի պայմանագիր է ստորագրել։ Հրադադարը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ից հետո, երբ նախատեսված էր, որ Հայաստանն իր զորքերը պիտի դուրս հանի, հանեցինք։ Ինչ կետեր որ կան այնտեղ, Հայաստանը կատարել է։ Այդ հրադադարն ադրբեջանցիների կողմից չի կատարվել, Ռուսաստանի կողմից չի կատարվել, Հայաստանի կողմից կատարվել է»։

Դիտարկմանը, որ միջազգային հանրությունը մեջբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին է, Գագիկ Մելքոնյանը պատասխանեց․ «Դուք Ռուսաստանի մեղադրանքներն եք մեջբերում։ Ռուսաստանի նախագահը 2020 թվականի դեկտեմբերին ասաց, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անխախտելի մաս է կազմում։ Մի անգամ էլ հարցազրույցում ասաց, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր։ Մենք ունեցել ենք երեք նախագահ, ո՞ր նախագահն է ասել, որ Արցախն Ադրբեջանի կազմում չէ։ Միջազգային բոլոր հանդիպումների ժամանակ իրենք լուռ ու մունջ ստորագրել են ու ճանաչել են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, իրենք չեն արտահայտվել, չեն ասել ժողովրդին, բայց իրենց պայմանագրերում իրենք ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում։ Հրապարակավ չեն ասել, որովհետեւ իրենք այդ դուխը չեն ունեցել, ժողովրդից վախեցել են, չեն ասել։ Փաշինյանն ասել է, որ սա է, Ադրբեջանի կազմում է Ղարաբաղը, դրանից առաջ Պուտինն է ասել»։

«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ Հայաստանի որեւէ ղեկավար, մինչեւ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ չի հայտարարել, թե ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառում են այդ տարածքում։

Գագիկ Մելքոնյանը նշեց, որ ադրբեջանցիները սուտ հայտարարություններ են անում, ուզում են, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմ լինի։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, չէր կարող հանգեցնել այս իրավիճակին։ «Մինչեւ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահը, որը 2020 թվականից Արցախի անվտանգության երաշխավորն է, արդեն այդ հայտարարությունն արել է»,- ասաց նա։

Հարցին, այսինքն՝ ՀՀ իշխանությունը պատասխանատվությունը գցում է երրորդ երկրի վրա՞, Մելքոնյանը պատասխանեց․ «Չի գցում, երրորդ երկիրը պատասխանատվությունը վերցրել էր իր վրա՝ համաձայն 2020 նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագրի։ Այդ պարտավորությունն ինքն է ստանձնել, մեր սիրելի Պուտինը, մեր սիրելի Վլադիմիր Վլադիմիրովիչը։ Եթե հիշում եք, այդ ժամանակ նա ասում էր՝ նոյեմբերի 9-ի այս պայմանագիրը ես եմ գրել։ Հլա հիշեք, իր գրելով՝ ինքը պատասխանատվությունն արդեն վերցրել է իր վրա։ Մենք պետություն ենք, բայց պարտությունից հետո այնքան չենք հզորացել, որ կարողանայինք այդ հարցերը մեր բանակով լուծեինք։ Պատերազմից անցել է ընդամենը 3 տարի։ Երբ ադրբեջանցիները 1994 թվականին պարտվեցին, 26 տարի անծպտուն նստեցին, սկսեցին զինվել, բարեկամ երկրների ճարեցին, Թուրքիայի նման պետություն է կանգնած իրենց մեջքին, մեր մեջքին ո՞վ է կանգնած եղել։ Մեր բանակը հիմա վերակառուցվում է, վերազինվում է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր անկախությունը չխաթարվի, եւ ՀՀ անվտանգությունը պահպանենք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930