Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանում ու Արցախում չկա գոնե մեկ հայ/Հայաստանի քաղաքացի, ում ադրբեջանցիները ձերբակալեն ու ես դրանից ցավ չզգամ։ Սա վերաբերում է նույնիսկ ինձ ամենավերջին վատություն արած մարդկանց։
Հիմա տեսնում եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին հրապարակումների «հա-հա»-ների ցանկը (մեծ մասը հայեր են) ու հասկանում՝ ինչքան հիվանդ մարդ կա այս երկրում։
Երևանի քաղաքապետի մամուլի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարդացեք նաև
Եկեք իրերը կոչենք իրենց անուններով։ Էն, որ ադրբեջանցիների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալության համար չարախնդացողների մեջ հազարավոր հայեր կան, դրա հիմնական պատասխանատուն էն կեղտոտ քարոզչությունն է, որ սանձազերծել էր Վարդանյանի դեմ նիկոլական պրոպագանդան՝ մի քանի անբարո մարդկանց գլխավորությամբ։
Էն, որ քաղաքական դաշտը ամայացել է այնքան, որ իշխանության մաս դառնալու լուրջ հայտ են ներկայացնում խայտառակ հայհոյախոս կերպարները, հետեւանքն է շատ թե քիչ լուրջ քաղաքական մրցակիցներին հեղինակազրկելու նիկոլական հետեւողական քաղաքականության։ Նրանք էս ամենի պատասխանն, իհարկե, տալու են, բայց արանքում անդառնալի կորուստներ ենք ունենում։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության անձնագրով քաղբանտարկյալ է։ Անկախ իր քաղաքական գործունեության նկատմամբ վերաբերմունքից, Հայաստանի Հանրապետությունը պետք է նրան պաշտպանի իրավական ու դիվանագիտական մեթոդներով։
Նույնը վերաբերվում է ՀՀ քաղաքացու անձնագրով բոլոր այն անձանց, որոնք ապօրինաբար ազատազրկված են (կամ կազատազրկվեն) Ադրբեջանի կողմից։