Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Պետրոսյան. «Պետք է միջազգային կառույցները ձայն բարձրացնեն Ռուբեն Վարդանյանին ազատելու եւ նրան Հայաստան տեղափոխելու առումով»

Սեպտեմբեր 27,2023 15:36

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Հակարիի կամրջին դրված ապօրինի անցակետում առեւանգելու լուրին:

«Բոլորիս համար սա սպասելի էր: Սպասելի էր, որովհետեւ Ադրբեջանն ունի կոնկրետ անձանց ցուցակներ: Մի դեպքում ասում են՝ 300, ես կարծում եմ՝ հազարավոր մարդկանց ցուցակներ կունենան: Եվ չպետք է կասկածել, որ այդ ցուցակները համաձայնեցված են այս ազգակործան պատուհասների հետ: Ցավալի լուր է, որովհետեւ Ռուբեն Վարդանյանը՝ լուրջ հայրենասեր մարդ, թողնելով ամեն ինչ, ինն ամիս շրջափակման մեջ փորձում էր կանոնակարգել Արցախում տեղի ունեցող ողբերգությունը:

Նույն թուրքերի պահանջով չէ՞ր, որ Ռուբեն Վարդանյանին հանեցին պետնախարարի պաշտոնից՝ Նիկոլ Փաշինյանի, Արցախում էլ՝ մի ազգակործան պատուհաս Արայիկ Հարությունյանի հետ համաձայնեցնելով:

Ահավոր լուր է սա, որովհետեւ թուրքերը լավ գիտեն՝ ինչ են անում հայրենանվեր անձանց նկատմամբ: Եվ ես կանխակարծիք ունեմ, որ թուրքերն Արցախից իրենց ամբողջ վրեժը հանելու են Ռուբեն Վարդանյանից:

Պետք է միջազգային կառույցները ձայն բարձրացնեն Ռուբեն Վարդանյանին ազատելու եւ նրան Հայաստան տեղափոխելու առումով: Արցախից Հակարիի կամրջով յուրաքանչյուր տղամարդ տեղափոխվելու դեպքում ենթարկվելու է ֆիլտրացիայի: Մեր հազարավոր հայրենանվեր տղաների եւս ձերբակալելու են: Այնպես որ, մեր ժողովուրդը պետք է սպասի ավելի լուրջ արհավիրքների, քան այսօր ունենք»,-ասաց պարոն Պետրոսյանը:

Այնուհետեւ գեներալ-,մայորը այս տեղափոխումը համեմատեց նույն Հակարիի կամրջով երեկ Արցախից Երեւան եկած Սամվել Բաբայանի անխոչընդոտ անցնելու հետ:

«Ռուբեն Վարդանյանին Հակարիի կամրջին ձերբակալում են, իսկ Սամվել Բաբայանը երջանիկ հայացքով գալիս է Հայաստան: Նա նաեւ Հ1-ով ելույթ ունեցավ: Ու հայտարարում էր, որ ինքը առանձին հանդիպումներ է ունեցել ադրբեջանցիների հետ: Սա կոնկրետ հանցագործության մասին հաղորդում է: Եվ ԱԱԾ-ն պարտավոր է արձագանքել այդ հաղորդմանը: Նա դա ասում է որպես սովորական ֆիզիկական անձ, որը որեւէ պաշտոն չգրավելով՝ փորձել է բանակցությունների մեջ մտնել մեր թշնամու հետ: Հետեւաբար, այդ բանակցությունների միջնորդությունն ո՞վ է կազմակերպել, որտե՞ղ են այդ բանակցությունները տեղի ունեցել, ի՞նչ է նա հայտնել մեր թշնամիներին: Սամվել Բաբայանը պետք է օր առաջ ձերբակալվի եւ ցուցմունքներ տա, թե ինչ կարգով եւ ինչպես է նա Հակարիի կամրջով տեղափոխվել: Մինչեւ այս ստահակների իշխանության գալը բավականին լուրջ տեղեկություններ կային, որ Սամվել Բաբայանի նկատմամբ նույնպես քրեական հետապնդում էր իրականացվել Ադրբեջանի կողմից եւ ընդհուպ, միջազգային հետախուզում էր հայտարարվել: Հիմա ի՞նչ փոխվեց: Բոլորիս ակնհայտ է. փոխվեց մի բան, որ սա Նիկոլի հանձնարարականով կապավոր է դարձել ադրբեջանցիների հետ: Եվ եթե նա առաջարկներ է փոխանցել, ես հիմնավոր իրավունք ունեմ կարծել, որ նա ադրբեջանցիների հետ եղել է ուղիղ կապի մեջ եւ ռազմական, պետական եւ այլ գաղտնիքների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել:

Պետք է նաեւ հիշել, թե նա 44-օրյա պատերազմի ընթացքում ում հետ միասին էր գնվում ռազմական բունկերներում: Ի՞նչ տեղեկություններ են ստացել: Համոզված եղեք, որ նա այդ տեղեկությունները փոխանցել է ադրբեջանցիներին: Հիմա համեմատեք Ռուբեն Վարդանյանի Հայաստան տեղափոխվելը եւ Սամվել Բաբայանինը: Սամվել Բաբայանը երբ կուզի, կգնա Ադրբեջան եւ երբ կուզի, կվերադառնա: Նա այդպիսի խնդիր չունի: Ինքն է դա ժպտերես ասում »,- ասաց Թաթուլ Պետրոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930