Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցածը միանշանակ քաղաքական հետապնդում է. Դավիթ Սարգսյան

Սեպտեմբեր 27,2023 15:22

«Տեղի ունեցածի գնահատումը, կարծում եմ, իրավիճակը սթափ ընկալող ցանկացած անձի համար միանշանակ է՝ քաղաքական հետապնդում: Մեր ակցիայի միակ նպատակը եղել է ԵՊՀ-ի կողմից հակահայկական ձեւակերպումներով հայտարարության ընդունումը թույլ չտալը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազատ արձակված լրագրող Դավիթ Սարգսյանը:

«Ընդ որում, դա ակցիայի չէր վերածվի, եթե մեր առջեւ՝ իբրեւ երկու համալսարանականների, ուսանողական կառույցների երկու նախկին նախագահների, դռներ չփակեին: Մենք միշտ ազատ ելումուտ ենք ունեցել համալսարան, եւ որեւէ համալսարանական պաշտոնյա, այդ թվում՝ լուսահոգի Արամ Սիմոնյանը, մտքի ծայրով անգամ չի անցկացրել, որ կարելի է գիտխորհրդի նիստերի դահլիճի դուռը փակել համալսարանականների առջեւ ՝ հատկապես նման զգայուն հարցերի քննարկման ժամանակ:

Մեզ թույլ չտվին ներկա լինել, մենք մեկ-երկու փորձ արեցինք գիտխորհրդի դահլիճի փակ դուռը բացելու, մինչեւ դեկաններից մեկ-երկուսն իրենք դուրս եկան՝ պարզաբանելու, թե ինչ է տեղի ունենում: Եվ Ռուբեն Մելքոնյանը, ըստ էության, հաստատեց մեր կասկածները: Իսկ այդ փաստաթղթի նախագծի տեքստը մեկ-երկու օր առաջ իմ լրատվամիջոցում՝ «168 ժամ»-ում շրջանառվել էր, որտեղ փաստացի ԵՊՀ-ի անունից համերաշխություն էր հայտնվում այս իշխանության վարած գծին, որը խայտառակություն կլիներ»,-ընդգծեց լրագրողը:

«Այդտեղ նստած դեկանների մեծագույն մասը Արցախում հարյուրավոր ծառեր է տնկել, Բերձորում Համալսարանի 90-ամյակի, ապա եւ 100-ամյակի պուրակ է հիմնել: Եվ այդ մարդիկ նման ծառայամիտ կեցվածքով, Հովհաննես Հովհաննիսյանի ուղիղ սպառնալիքի եւ ճնշման ներքո, առանց ֆորմալ ընթացակարգերի եկել էին այդտեղ, մինչդեռ ԵՊՀ-ն ունի երկու ֆորմալ կառավարման մարմին՝ կառավարման խորհուրդը եւ գիտական խորհուրդը, եւ երկուսում էլ ներգրաված են նաեւ ուսանողներ, եւ պարզ է, որ ուսանողները նման հայտարարության ընդունում թույլ չէին տա:

Ես ուրախ եմ, որ թեեւ նման հետապնդման գնով, ամեն դեպքում այդ հայտարարության ընդունումը տապալվեց»,-ասաց Դավիթ Սարգսյանը:

Հարցրինք, թե ինչո՞ւ են առգրավել իր հեռախոսը: «Ինձ դեռեւս որեւէ հիմնավորում չեն ներկայացրել, նախաքննությունը շարունակվում է, բայց ոչ ինձ, ոչ Ցոլակ Ակոպյանին մեղադրանք առաջադրված չէ: Ես ըմբռնումով եմ մոտենում, եւ նման հարցերի հետեւից շատ չեմ ընկնում, կարեւորը ազատության մեջ ենք եւ շարունակում ենք մեր գործունեությունն ու պայքարը»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930