«Հիմա փոխհատուցելու համար այդ անգործությունը, փորձում են սրտացավություն ցուցաբերել և ֆինանսական աջակցություն տրամադրելով բռնի տեղահանված արցախցիներին, նրանց քիչ թե շատ նորմալ կյանք ապահովելու համար՝ ինչպես ասում են իրենց մեղքը քավել»,- Aravot.am-ի հարցին՝ ԱՄՆ–ի եւ միջազգային դերակատարների այսպիսի սրտացավությունը Հայաստանում և Արցախում կատարվողի հանդեպ պայմանավորված է ստեղծված մարդասիրական աղետո՞վ, թե՞ ՌԴ–Հայաստան լարվածությամբ, այսպես պատասխանեց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։
Ըստ նրա՝ միջազգային դերակատարների այս վերաբերմունքը նախ կապված է նրա հետ, որ և′ ԱՄՆ-ն, և′ Եվրամիությունը զգում են իրենց պատասխանատվությունն այն ողբերգության համար, որը կատարվում է Արցախում։ Նրանք չէին կարող չկանխատեսել, որ Ադրբեջանը գնալու է այդ քայլերին, և փաստորեն ոչ մի լուրջ գործողության չդիմեցին, որպեսզի բացառեն հարցի՝ նման դաժան ուժային լուծումը․ «Սա է հիմնական մոտիվացիան, բայց, իհարկե, նաև աշխարհաքաղաքական առաջնահերթությունները նույնպես այստեղ դեր են խաղում։ Հաշվի առնելով, որ Արևմուտքը միանշանակ շահագրգռված չէ, որ այդպիսի լարվածությունը Հարավային Կովկասում պահպանվի և գիտակցում է, որ ՌԴ-ն կամ չի ցանկանում, կամ չի կարող կայունացնել այստեղի վիճակը և բացառել հետագա ռազմական գործողությունները, փորձում է գոնե այս ամեն կատարվածից հետո քիչ թե շատ օգտակար լինել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»։
Մեր դիտարկմանը՝ ինչպես Դուք եք նշում՝ նաև իրենց մեղքերի քավելու համար են անում և հարցին՝ այդ դեպքում ի՞նչը նրանց խանգարեց, որ կանխեն այս աղետը՝ իրենց շահե՞րը, ՌԴ-ի, Թուրքիայի դերակատարությո՞ւնը, Բորիս Նավասարդյանը պատասխանեց․ «Առաջին հերթին, որ գիտակցում էին, որ Թուրքիան կարևոր գործընկեր է, և ցանկացած քայլ, որը զսպելու էր Ադրբեջանին, կնշանակեր, որ կառաջացներ Թուրքիայի դժգոհությունը։ Այն հանգամանքը, որ ՌԴ-ն ներկա էր իր ռազմական ուժով, կենթադրեր, որ Արևմուտքի՝ ավելի գործուն միջամտությունը կնշանակի ևս մեկ օջախ ՌԴ-ի արդեն ռազմական հակամարտության, որից խուսափում է Արևմուտքը։ Այսինքն՝ Ուկրաինան իրենց բավական է արդեն նման հակամարտության շարունակության տեսակետից։ Իհարկե, նաև Ադրբեջանի գործոնը, որը բավականին վճռական էր, որը պատրաստ չէր գնալ փոխզիջումների, կամ ենթարկվել զսպման մեխանիզմներին։ Դա ինչ-որ տեղ կարող էր նույնիսկ անսպասելի լինել Արևմուտքի համար, քանի որ ենթադրում էին, որ ունեն լծակներ Բաքվի վրա ազդելու վրա։ Բայց, փաստորեն, ստացվեց, որ՝ ոչ»։
Ըստ Բորիս Նավասարդյանի՝ սրա պատճառը նաև այն է, որ Արևմուտքի աշխարհաքաղաքական կշիռը նվազում է․ նոր լուրջ ազդեցության կենտրոններ են առաջանում, որոնք կաշկանդում են Արևմուտքին վճռական գործողությունների իրականացման տեսակետից, և Ադրբեջանը մնում է բավականին կարևոր գործընկեր՝ մասնավորապես ԵՄ-ի համար էներգակիրների ապահովման տեսակետից։
Կարդացեք նաև
Բորիս Նավասարդյանն ասաց՝ նկատի ունի, որ շատ ավելի հավակնոտ արտաքին քաղաքականություն են իրականացնում Չինաստանն ու Հնդկաստանը․ «Այդ գործոնները պետք է Արևմուտքը հաշվի առնի, երբ իրականացնում է այս կամ այն քայլը այս կամ այն տարածաշրջանում։ Եվ այո, գոնե մեր տարածաշրջանում Արևմուտքը պատրաստ չէր ինքնուրույն լուծել հարցերը՝ առանց հաշվի առնելու իմ նշած խաղացողների դերակատարությունը, մանավանդ, որ այս տարածաշրջանում կա ևս մեկ կարևոր երկիր Արևմուտքի համար՝ Պակիստանը, որը ինչպես Թուրքիան, միանշանակ իր աջակցությունն է ցուցաբերում Ադրբեջանին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ