Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ ՀՀ տեղափոխված անձանց թիվը կազմում է 47 115։ Այսօր կեսօրին վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրել էր, որ այսօր ժամը 8:00-ի դրությամբ 42 500 անձ է հատել Հակարիի կամուրջը, մի քանի ժամվա ընթացքում այդ թիվը 5000-ով ավելացավ։
Հումանիտար կենտրոնում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ նրանք, որոնք չեն ցանկանում օգտվել պետության տրամադրած կացարաններից, ազատ են գնալ իրենց ուզած վայրը։ Անկախ դրանից, ինչպես ասաց նախարարը, այս անձանց հետ էլ նախարարությունը կապ է հաստատում, գույքագրում կարիքները։
«ԼՂ մեր հայրենակիցներին տրամադրվող ծրագրերը կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ են։ Այս պահին մեր խնդիրն է նրանց հնարավորություն տալ տեղակայվելու կացարաններում։ Կարիքների ամբողջական գնահատում իրականացնելուց հետո կոնկրետ ծրագրեր կներկայացնենք»,-ասաց նախարարը։
Մկրտչյանը վստահեցրեց, որ շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հնարավորություն է տալու օգտվել բնակարանի վարձակալության եւ հյուրընկալության ծրագրից։ Այն գործելու է Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում։
Կարդացեք նաև
«Այս ծրագիրն ունենալու է եւս մեկ բաղադրիչ՝ սննդի քարտեր են տրամադրվելու, որպեսզի պարենային զամբյուղի համապատասխան պարենի խնդիրը լուծվի։ Հաշվի առնելով, որ շուտով ձմեռ է, չենք բացառում նաեւ ապագայում կոմունալ ծախսերի որոշակի փոխհատուցում լինի»,-ասաց Մկրտչյանը։
Ապա ներկայացնելով աշխատանքները, նախարարն ասաց՝ գործարկվել է առաջնային կարիքի հարթակ, որտեղ ԼՂ մեր հայրենակիցները կարող են արձանագրել իրենց կարիքները․ «Այս պահին ունենք ավելի քան երեք հազար դեպք, եւ այս դեպքերի մասով գնահատում է իրականացվելու, աջակցություն է տրամադրվելու՝ սնունդ, հագուստ, սոցիալական եւ խնամքի որոշակի աջակցություն»։
Նա հիշեցրեց՝ գործարկվել է սոցիալական աջակցության քարտեզագրման հարթակը։ «Տարբեր ՀԿ-ներ եւ նախաձեռնություններ ցանկություն են հայտնել աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը, եւ որպեսզի մասնակցեն գործընթացին եւ ռեսուրսները ճիշտ տեղաբաշխվեն՝ այս հարթակում 170-ից ավելի առաջարկ ենք ստացել, կրկին կգնահատենք կարիքները եւ դրան համապատասխան կուղղորդենք»-ասաց Մկրտչյանը։
Գործարկվել է թեժ գիծը՝ 114 կարճ համարը։
Հայաստանի տարածքում գործող հումանիտար կենտրոնների հասցեներն ու հեռախոսահամարները
Եթե ցանկանում եք հայտագրվել՝ ըստ անհրաժեշտության կամավոր աշխատանքներին մասնակցելու նպատակով, ապա կարող եք անցնել հետեւյալ հղումով եւ անհրաժեշտ պատուհաններում մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։
Կամավորների հերթագրման հարթակում գրանցված են 650 կամավորներ, ըստ նախարարի՝ կարիքները գնահատելուց հետո կամավորներին կուղղորդեն համապատասխան կենտրոններ։
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 19-ից ռազմական գործողությունների, նաեւ Ստեփանակերտին հարակից տարածքում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Հայաստան է տեղափոխվել 237 բուժառու, որից 142-ը՝ ուղղաթիռով , 95-ը՝ շտապ օգնության մեքենայով, այսօր նախատեսվում է 80 բուժառուի տեղափոխում։
Նարեկ Մկրտչյանի փոխանցմամբ՝ սոցաշխատողները հիվանդանոցներում աշխատում են ԼՂ-ից տեղափոխված բուժառուների հետ, կարիքի գնահատում անում՝ հասկանալու՝ ՀՀ-ում գտնվող նրանց ընտանիքներն ինչպիսի աջակցության կարիք ունեն։
Նախարարն ասաց, որ նրանք, ովքեր հատել են ՀՀ սահմանը, սակայն չեն հաշվառվել, միանգամից իրենց կեցության վայր են մեկնել, կարեւոր է, որպեսզի դիմեն սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ կամ մարզային հաշվառման կետեր։ Սա հարկավոր է, որպեսզի նրանց կարիքները գնահատվի, այնուհետեւ բացի կարճաժամկետ աջակցությունից նաեւ երկարաժամկետ ծրագրեր առաջարկվեն նրանց։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ