Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի անգին գոհարը․ Գտչավանք

Սեպտեմբեր 27,2023 15:30

Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի տարածքում՝ Տողասարի կամ Ճգնավորի լեռան հյուսիսարևմտյան լանջին, թավուտ անտառների մեջ է գտնվում Գտչավանք միջնադարյան վանական համալիրը։

Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գտչավանքը վաղնջական ժամանակներից ի վեր եղել է «Հայոց արևելից կողմանց» քաղաքական ու հոգևոր կենտրոններից մեկը։ Իբրև եպիսկոպոսանիստ հիշատակվում է վաղ միջնադարից։ Գտչավանքը XIII դարի կեսերին ընդարձակվում է նորանոր շենքերով, իսկ Դիզակի մելիքների, հատկապես մելիք Ավանի (նույն ինքը՝ Եգանի), իշխանության ժամանակ հասնում է իր զարգացման գագաթնակետին՝ դառնալով Հայաստանի նշանավոր վանական համալիրներից մեկը։

XII-XVII դարերին պատկանող հարուստ վիմագիր արձանագրությունները, որոնք փորագրված են վանքի պատերին, կարևոր տվյալներ են հաղորդում գավառի միջնադարյան պատմության մասին։

Պահպանված իրեղեն նյութերը հաստատում են, որ հնագույն ժամանակներում կառուցված վանքն ավերվել է արաբական տիրապետության ժամանակաշրջանում։ Հին կառույցների հիմքերի վրա, ինչպես մատնանշում է ներկայիս եկեղեցու հյուսիսային պատի ընդարձակ արձանագրությունը, Ամարասից այստեղ տեղափոխված երկու եպիսկոպոսները՝ Տեր Սարգիս և Տեր Վրդանես եղբայրները, կառուցել են Գտչավանքի գլխավոր եկեղեցին։ Շինարարությունն սկսվել է 1241 թ-ին և ավարտվել յոթ տարի հետո՝ 1248 թ-ին։

Նույն արձանագրությունը պատմում է ժամանակի քաղաքական սոսկալի անցքերի մասին, որոնք ավերակ դարձնելով այս երկիրը, կործանեցին Ամարասը։ Այդ է պատճառը, որ հիշյալ երկու եպիսկոպոսներն այստեղ են հավաքում Ամարասի միաբանության մնացորդները։ Վիմագիր արձանագրության մեջ նշված են ոչ միայն վանքի շինարարության հետ կապված տվյալներ, այլև կարծես վկայակոչված են վանքապատկան տարածությունները, որոնք վանքին են նվիրել Գագիկ թագավորի ժառանգորդներն ու այլ նվիրատուներ։

Գտչավանքը կազմված է գլխավոր եկեղեցուց, գավթից և ևս մի քանի եկեղեցիներից։ Վանքի գլխավոր եկեղեցու հարդարանքի որոշ մոտիվներ հիշեցնում են Ամարասի և Գանձասարի եկեղեցիների զարդարանքը։ Սա, իհարկե, պատահական չէ, քանի որ, եկեղեցին կառուցել են Ամարասի թեմից եկած եպիսկոպոսները և շինարարությունն էլ ընթացել է Գանձասարի հռչակավոր տաճարից ու նրա նավակատիքից ստացած թարմ տպավորությամբ։

XIX դարում Գտչավանքի վանահայր Առաքել վարդապետ Կոստանդյանը 18 տարի շարունակ գրել է պատմագիտական և ազգագրական մի ձեռագիր աշխատություն, որն ամբողջությամբ պահպանվում է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։

Գտչավանքը, լինելով Դիզակի հոգևոր և մշակութային գլխավոր կենտրոնը, իր դերը հաջողությամբ կատարել է մինչև XX դարի սկիզբը։ Այստեղ էին նստում թեմի եպիսկոպոսները, հավաքվում էին նշանավոր բազմաթիվ գրչագրեր։

Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930