Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից տեղահանված մայրը սարսափում էր, որ Հակարիի կամուրջում ադրբեջանցիները կջարդեն զոհված որդու լուսանկարը

Սեպտեմբեր 27,2023 12:21

«44-օրյա պատերազմում զոհված տղայիս նկարն եմ վերցրել, շորերս ու մի քանի հազար դրամ։ Ինչ կուտակել էի մինչեւ բլոկադան՝ բաղիս բերքը ծախելով»,-ասում է 57-ամյա Շուշաննա Նահապետյանը։ «Ես կորցնելու բան չունեմ, տղայիս գերեզմանի մոտ պիտի մնայի, բայց հարսս ու երկու թոռներս մենակ չէին կարող գալ Հայաստան, որտե՞ղ մնան, ո՞ւմ ձեռքին նայեն»,-ասում տիկին Շուշաննան ու պատմում, որ երբ Հակարիի կամուրջում թշնամու սահմանապահները բարձրացան ավտոբուս՝ «լեղաճաք եղավ»։

«Տղայիս լուսանկարը թափանցիկ տոպրակի մեջ էր։ Մտածեցի՝ չվերցնեն ջարդեն, որովհետեւ լսել էի, որ մտել էին հայերի տները, առաջինը պատից կախված զոհվածների նկարներն էի ջարդել»,-ասում է մեր զրուցակիցը։

Հիմա մի քանի հոգով, իր իսկ խոսքով՝ «բռնազավթածներով» Գորիսի զոհվածների հուշահամալիր են գնալու՝ ծաղիկներ դնեն, խնկարկեն 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։

Զրուցակիցս՝ հարսի եւ երկու թոռների հետ Գորիսում բարեկամի տանն է տեղավորվել։ Բարեկամի հարեւանը Ռուսաստանում է, եւ հիմա փորձում են խոսել, որ տունը վարձակալությամբ վերցնեն։ «Դե ռուսաց լեզվի ուսուցչուհի եմ, երեւի գործ կգտնեմ, ասում են՝ դասատուների կարիք կա՝ բայց մեր հողը, երեքհարկանի տունս մնաց էդ թաղվածներին»,-լացակումած ասում է զրուցակիցս։

Տեղահանված արցախցիները Aravot.am-ի հետ զրույցում նշեցին, որ Երեւան գնացողներն որոշել են հետ գալ Սյունիք, քանի որ այնտեղ կեցավայրով չեն ապահովվում։ Գորիսի հաշվառման կենտրոնից մեզ տեղեկացրին, որ իրենց մոտ հաշվառվածներին առաջարկում են կեցավայր՝ մարզի բնակավայրերում։ «Լինում են, որ չեն ուզում այստեղ մնալ ու գնում են, այդ առումով մենք չենք կարող ոչինչ ասել։ Կան մարդիկ, որ իրենց անձնական ավտոմեքենաներով միանգամից գնում են Երեւան՝ առանց այստեղ հաշվառվելու։ Սակայն կարծում եմ, որ վերադառնան՝ անպայման այստեղ կհոգանք նրանց կարիքները»,-նշեց Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

Aravot.am-ը կփորձի այս հարցի շուրջ պարզաբանում ստանալ իրավասու կառույցներից։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930