Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարց եմ տալիս բոլոր հին ու նոր իշխանություններին՝ ի՞նչ գործ ունեին մեր զավակներն այն հողում, որն այսօր պիտի ընդունեիք որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն». Նազելի Տերտերյան

Սեպտեմբեր 27,2023 11:15

«Ինձ համար հավասարաչափ մեղավոր են եւ նախկին, եւ ներկա ղեկավարները, բոլորը հավասարաչափ։ Այսօր գոյաբանական խնդրի առաջ ենք կանգնած, եւ դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն եւ ներկաները, եւ նախկինները»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված հերոս Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը։

Այսօր 44-օրյա պատերազմի տարելիցն է։ Պատերազմից երեք տարի անց Նազելի Տերտերյանը հարցադրում է անում, թե ինչո՞ւ իշխանություններն իրենց զավակներին զոհաբերեցին, եթե Արցախը ճանաչում էին Ադրբեջանի մաս։

«Տարիներ շարունակ իշխանությունը հնարավորություն ուներ միջազգային ատյաններում հարցը բարձրացնել, հասնել Արցախի հարցի լուծման իրավական կարգավորմանը, ամեն ինչ անել, որպեսզի միջազգային հանրությունը, գերհզոր պետություններն Արցախին տային իրավական որեւէ կարգավիճակ։ Սակայն հարցը ձգվեց տարիներ շարունակ՝ հանցավոր անփութության, ինքնավստահության, չարդարացված անտարբերության հետեւանքով։ Եկան նորերը եւ հանկարծ նոր հայտնաբերեցին, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ 2018 թվականին մի՞թե դա չպետք է լիներ իշխանության գերխնդիրը՝ պարզել, վերհանել բոլոր արխիվները, հստակեցնել բոլոր բանավոր ու գրավոր պայմանավորվածությունները, ստանձնած պարտավորությունները խորությամբ ուսումնասիրել եւ դրանից բխող քայլեր ձեռնարկել։ Ո՞ւր էր այդ մտածողությունը, երբ 2020 թվականին մեր զավակներին մղում էին դեպի պատերազմ։ Եվ այն վերջին լուսանկարը, որն իմ ձեռքով է արված, լուսանկարի վրա ֆիքսված է՝ Ադրբեջան, 27-ը սեպտեմբեր։ Հարց եմ տալիս բոլոր հին ու նոր իշխանություններին՝ ի՞նչ գործ ունեին մեր զավակներն այն հողում, որն այսօր պիտի ընդունեիք որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Տվեք իմ հարցի պատասխանը՝ հստակ, առանց մանիպուլյացիաների։ Ինչո՞ւ էիք մեր զավակներին տանում դեպի մսաղաց, բոլորը հանցավոր են՝ հին ու նոր, առանց բացառության»,- ասաց Նազելի Տերտերյանը։

Նա նշեց, որ բոլոր իշխանությունները մեկ շղթայի նույն օղակներն են, որ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովրդի ճակատագիրը հասցեին այս օրվան եւ ոտնակոխ արեցին ժողովրդի հավատն ու հույսը։ «Այսօր ժողովուրդը բթացել է, քարացել է, անտարբերություն է համատարած, սա բթացման պրոցես է»,- հավելեց Ալեն Մարգարյանի մայրը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Դա միտումնավոր հայերի բնաջնջում էր կանխամտածված կոտորած ուղղված մեր սերունդների դեմ

  2. Նարինե says:

    Դա միտումնավոր հայերի բնաջնջում էր կանխամտածված կոտորած ուղղված մեր սերունդների դեմ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930