Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունելի չէ մի ղեկավար, որն իր երկիրն ու ժողովրդին չի պաշտպանում, չեմ հասկանում՝ ինչպես է այդ ժողովուրդը պահում իրեն. Մուրադ Փափազյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 27,2023 11:00

«Հրապարակի» զրուցակիցն է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

– Ֆրանսիան կարո՞ղ է, որպես բարեկամ երկիր, Ադրբեջանի նկատմամբ որոշակի պատժամիջոցներ կիրառել։

– Կարող է լինել․ կախված է այն հանգամանքից, թե Ադրբեջանը մինչեւ ուր կգնա։ Այսինքն՝ եթե իսկապես Ադրբեջանը վռնդի հայությանն Արցախից, եթե Ադրբեջանը կոտորած անի հայ բնակչության դեմ, ապա նրա դեմ պատժամիջոցներ կկիրառի եւ հետ կուղարկի Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին Բաքու, քայլեր կկարողանա ձեռնարկել, եթե Ադրբեջանը շատ հեռուն գնա։

– Արցախում ռազմական ագրեսիայի արդյունքում զոհերի մեջ կան երեխաներ, քաղաքացիական անձինք, կանայք, հարյուրավոր անհետ կորած մարդիկ։ Հիմա բռնագաղթ է տեղի ունենում։ Դա բավարար հիմք չէ՞ր՝ այդ քայլերին դիմելու համար։

– Դուք պիտի հասկանաք՝ երբ մենք պահանջում ենք Ֆրանսիայից այս լուրջ քայլերը ձեռնարկել, Ֆրանսիան ասում է՝ կանենք, բայց Հայաստանն ինքը չի անում։ Այսինքն՝ Հայաստանը չի պաշտպանում Արցախը, այլեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չի պաշտպանելու Արցախը, եւ կարծես թե Փաշինյանը հպարտ է, որ Հայաստանը չի պաշտպանելու Արցախը։ Ուրեմն, երբ որ մենք աշխատում ենք սփյուռքի մեջ՝ ի նպաստ Արցախի, եւ երբ որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեզ ասում են՝ ինչո՞ւ եք մեզնից պահանջում, որ ճանաչենք Արցախի Հանրապետությունը, այն դեպքում, երբ ՀՀ-ն՝ ինքը, մերժում է ճանաչել։ Հիմա, երբ ասում են՝ օգնեք Արցախին, ասում ենք՝ օգնենք, բայց ինչի՞ եք մեզ ասում, երբ Հայաստանը՝ ինքը, մերժում է օգնել Արցախին։ Մենք լուրջ պրոբլեմ ունենք, դուք լուրջ պրոբլեմ ունեք Հայաստանում։ Պահելով այս ղեկավարությունը՝ ոչ միայն Արցախը կթաղվի․ Արցախից հետո Հայաստանի հերթն է գալու։ Գիտե՞ք ինչու․ որովհետեւ Ալիեւը հայտարարեց, որ Հայաստանի հերթը պիտի գա, եւ երբ Ալիեւը խոսում է Հայաստանի մասին, խոսում է Արեւմտյան Ադրբեջանի մասին։ Ուրեմն, հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը պիտի ուշադրություն դարձնի այս հանգամանքին՝ Արցախի հարցը չէ միայն։ Այս կառավարությունը, որ չի պաշտպանում Հայաստանն ու հայ ընտանիքներին, չի պաշտպանի, եթե Ադրբեջանը մտնի Հայաստան։ Դուք այս մասին պիտի մտածեք ու գետնի վրա քննարկում կազմակերպեք՝ հարցնելով, թե ինչին է ծառայում Փաշինյանի կառավարությունը, եթե չի պաշտպանում Հայաստանը։ Կառավարության առաջին պարտականությունն է՝ պաշտպանել իր ժողովուրդն ու իր սահմանները, չի պաշտպանում սահմանները՝ չի պաշտպանի ժողովրդին։

– Հայաստանը որքա՞ն ժամանակ ունի՝ իշխանություն փոխելու եւ քայլեր ձեռնարկելու համար։

– Արագ պիտի անեք, որովհետեւ վաղն ուշ կլինի։ Արագ։ Նույնիսկ մեր դաշնակից երկրներն անհանգիստ են։ Մոլդովայում ժողովը, որ տեղի ունեցավ, երբ Մակրոն, Փաշինյան, Շոլց, Ալիեւ, Շառլ Միշել հանդիպումը եղավ, Ալիեւը շատ ուժեղ էր, Շառլ Միշելը զորավիգ էր Ալիեւին, Փաշինյանը լուռ էր, եւ միայն Մակրոնն էր պաշտպանում Հայաստանը։ Ընդունելի չէ մի ղեկավար, որն իր երկիրն ու իր ժողովրդին չի պաշտպանում, չեմ հասկանում, թե ինչպես է այդ ժողովուրդը պահում իրեն։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930