Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին

Սեպտեմբեր 27,2023 10:26

«Ամերիկայի ձայն». ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը («UNHCR») խորապես անհանգստացած է վերջին օրերին Հայաստան տեղափոխվող փախստականների թվի աճով։

«UNHCR»-ը կոչ է արել պաշտպանել քաղաքացիական անձանց և հարգել միջազգային մարդասիրական և փախստականների իրավունքը:

«Այսօր՝ կեսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 23-ից Հայաստան է մուտք գործել մոտ 19 հազար մարդ, ինչը երեք անգամ ավելի է երեկվա համեմատ։ Սահմաններին երկար հերթեր են»,- իր հաղորդագրության մեջ նշում է գործակալությունը:

Ըստ «UNHCR»-ի, ժամանողների մեծ մասը խոցելի խմբերից են, այդ թվում՝ հիմնականում տարեց մարդիկ, կանայք և երեխաներ։ Հայաստան հասած մարդիկ ուժասպառ են և շտապ օգնության, հոգեբանական ու սոցիալական աջակցության կարիք ունեն։ Գիշերները ցրտող եղանակն ու տեղակայման համար սահմանափակ պայմանները հրատապ են դարձրել ապաստարանների տրամադրումը:

«Տասնամյակներ շարունակվող այս հակամարտությունը, որը կրկին բռնկվել է, հազարավոր մարդկանց տեղահանման պատճառ է հանդիսացել։ Մեր թիմերը տեղում են և փորձում են անհապաղ օգնություն ցուցաբերել։ Պետք է համոզվենք, որ քաղաքացիական անձինք պաշտպանված են, և մարդասիրական օգնությունը կարող է հասնել կարիքավորներին»,- հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:

Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության, Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել համակարգող կառույցի ստեղծմանը՝ ՄԱԿ-ի աջակցությամբ, որի նպատակն է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի հետ միասին համատեղ իրականացնել միջգերատեսչական արտակարգ իրավիճակների և արձագանքման ծրագիրը՝ օգնելու կառավարությանը:

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին «UNHCR»-ն հատկացրել է ոչ պարենային ապրանքներ՝ ծալովի մահճակալներ ու ներքնակներ: Նախապատրաստվում է այլ ապրանքների տրամադրում ևս, քանի որ «կարիքները շարունակում են աճել»:

Կառավարությունը տեղահանվածների համար գրանցման մի քանի կետեր է ստեղծել Սյունիքի հարավ-արևելյան հատվածում և Գեղարքունիքի մարզում, որտեղ գնահատվում են նաև պաշտպանության և օգնության կարիքները։ «UNHCR»-ը հայտնել է, թե տրամադրում է նաև տեխնիկական աջակցություն:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը կրկնել է իր կոչը՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կհանգեցնեն քաղաքացիական անձանց հետագա տեղահանմանը, և ապահովել նրանց անվտանգությունը, ապահովությունը և մարդու իրավունքները:

«Ոչ ոքի չպետք է հարկադրել փախչել իր տանից»,- ընդգծել է «UNHCR»-ը։

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930