Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալիք նոր իշխանությունից

Սեպտեմբեր 27,2023 10:00

Ի՞նչն է փոխվելու, երբ Փաշինյանի ռեժիմը վերջնականապես տապալվի: Թուրքիան եւ Ադրբեջանը, բնականաբար, չեն հրաժարվի իրենց հիմնական նպատակից՝ Հարավային Կովկասում հայկական պետականության վերացման ծրագրից: Բայց նրանք այդ ծրագիրն ունեին միշտ, մասնավորապես, 1991 թվականից սկսած: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս ստացվեց, որ մինչեւ 2018 թվականը դա չէր հաջողվում իրականացնել, իսկ հիմա հաջողվում է: Իհարկե, կան զանազան գործոններ, որոնց թվում, սակայն, ոչ երկրորդական դեր է խաղում Հայաստանի ներկա իշխանության տգիտությունն ու ապաշնորհությունը: Եթե 30 տարի հնարավոր էր խուսափել աղետից, ապա հիմա էլ հնարավոր կլինի խուսափել աղետի շարունակությունից:

Հայաստանում իշխանափոխության ազդեցության տակ Ռուսաստանը նույնպես չի փոխի իր քաղաքականությունը: Տեսանելի ապագայում Ռուսաստանը շարունակելու է աջակցել Թուրքիայի եւ Ադրբեջանի նշված ծրագրերին՝ իր օրակարգի մեջ պահելով նաեւ ՀՀ ներկայիս տարածքում կամ դրա մի մասում «միութենական պետության» անդամ ինչ-որ մի միավորի ստեղծումը: Ինչ խոսք, նոր իշխանությունը պետք է քաղաքավարի, առանց այսօրվա հիստերիկ բացականչությունների, մերժի այդ նկրտումները:

Չի փոխվի նաեւ Արեւմուտքի դիրքորոշումը: ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն հայտարարությունների մակարդակով «ուժեղ» կամ նույնիսկ «ուժեղագույն» ձեւով աջակցելու են հայ ժողովրդին, գաղթականների համար գումարներ են հատկացնելու, գուցե «նանսենյան անձնագրեր» են բաժանելու: Բայց նրանք չեն անելու Ալիեւի հետ այն, ինչ 1990-ական թվականներին արեցին Սլոբոդան Միլոշեւիչի հետ, չնայած Ադրբեջանի ղեկավարը դրան թերեւս ավելի արժանի է, քան նախկին Հարավսլավիայի առաջնորդը: Հայաստանի նոր ղեկավարը պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործի Արեւմուտքի աջակցությունը՝ հեռանկարում ունենալով, կարծում եմ, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացումը: Բայց դա պետք է անի՝ առանց աչքերը փակ Արեւմուտքի գիրկը նետվելու, առանց ամիսը մեկ դիրքորոշումը փոխելու:

Ներքին կյանքում ես նոր ղեկավարից ակնկալում եմ, մասնավորապես, «ֆեյքերի ֆաբրիկայի» լուծարում, հիստերիկ եւ պարանոյիկ իշխանական քարոզչության դադարեցում եւ ազատված պետական միջոցների ուղղորդում՝ հասարակական համերաշխությանը եւ ազգային արժեքների քարոզչությանը:

Սպասել, որ հաջորդ ընտրությունների արդյունքում գալու են ինչ-որ սրբեր կամ հրեշտակներ՝ անիմաստ է: Բայց ակնկալել, որ քաղաքական գործիչների այդ խումբը կիրագործի այն, ինչ գրված կլինի նրանց նախընտրական ծրագրում, համոզված եմ, միանգամայն իրավաչափ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    դուք լաւատես էք, աղէտը դեռ պիտի շարունակուի.

    իսկ ձեր այս սրիկաներուն հիսթերիք կամ փոփոխամիտ կամ ապաշնորհ նկարագրելը քիչ մը միամիտ է. իրենց դրսի խորհրդատուները շատ ընդունակ են, հետեւողական եւ շատ պաղարիւն։

    զուգադիպութիւ՞ն է որ այս վերջին արարէն ճիշդ առաջ թափ առին ՌԴի եւ ՀԱՊԿի հանդէպ անվստահութեան “հիսթերիք” հարցազրոյցները եւ ճառերը, տարածքային ամբողջականութեան եւ միջանցքներու հետ զուգահեռ.

    դեռ պիտի շարունակուի.

  2. Nimar says:

    Միամիտ ռոմանտիզմ և մոլորություն է հավատալը, որ պատմությանը կարելի է ստիպել զարգանալ ինչ-որ մեկի նախընտրական ծրագրի սցենարով։
    “Երբեք այնքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից առաջ։” Այս արտահայտությունը սխալմամբ վերագրվում է ֆոն Բիսմարկին, իրականում դրա հեղինակը եղել է այն ժամանակվա Ռայխստագի պատգամավորներից մեկը։
    Այնուամենայնիվ, սահմանումը շատ ճշգրիտ է, դիպուկ: Քաղաքական գործչի խնդիրն ընտրություններում հաղթելն է, և եթե ընտրողն այնքան հիմար է, որ կարող ես նրան խոստանալ դրախտ երկրի վրա, ապա դա այն է, ինչ պետք է անես: Իրականում քաղաքականության արվեստը անորոշության և արագ փոփոխվող պայմաններում օպտիմալ որոշումներ կայացնելու ունակության մեջ է։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930