Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նամակն իր վերնագրից է կարդացվում»

Սեպտեմբեր 27,2023 12:30

2018թ. «Թավշյա հեղափոխությունից» 2 ամիս հետո, որին մասնակցել էի նաեւ ես, մեծ հույսեր էի կապել: Առաջին անգամ Հայաստան էի այցելել 2011թ. նոյեմբերին, ու մարդիկ երկու բացասական զգացումների մեջ էին՝ դժգոհ ու հոռետես էին, որովհետեւ ինձ ասում էին, թե շատ են փորձել վերջին երկու նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության ավարտը տեսնել:

2018-ին, երբ հեղափոխությունը սկսվեց, թե ես ու թե շատերը՝ արտասահմանից ու հայաստանաբնակ, այն համոզման էին, թե այս շարժումը կվիժեցվի, ու թերեւս, ես ենթադրում էի, թե այսքան տարիների փորձից հետո այս մեկը կհաջողվի: Շատերն իրենց աչքերին չհավատացին, երբ Հանրապետական կուսակցությունը, որ Ազգային ժողովի մեջ մեծամասնություն էր, քվեարկեց ի նպաստ Նիկոլ Փաշինյանի: Նրան, ով պիտի դառնար վարչապետ ու «պայքարեր օլիգարխիկ համակարգի եւ նրանից բխած քաղաքական համակարգի» դեմ:

Ու ես բոլորի նման խանդավառ ու լավատես, հուսալիր լսում էի «ուրախ անակնկալները»: Աշխատավարձի բարձրացում, թալանի վերադարձ… Ինձ ասում էին, թե համբերատար չեմ, սակայն ես ընդունելով հանդերձ, որ համբերատար չեմ, ունեմ այլ մոտեցում. լիբանանյան ասացվածքից. «Նամակն իր վերնագրից է կարդացվում», զգում էի, որ գոնե մեկ առաջընթաց չկա եւ երկրորդ նոր իշխանության արդարացումներն ինձ համար սկսվել էին հիմնվել ժողովրդի պարզամտության վրա, որն անկեղծ տպավորություն չէր թողնում վրաս:

Ու օր առ օր այդ համոզումն ինձ մոտ խորանում էր ու աճում: Իշխանության համակիրների շարքերը նոսրանում էին եւ կարծես թե իշխանությունը խնդիր չուներ այդ հարցով, կարծես թե զտում էր անում ու իր համար ավելի պարզամտորեն, մակերեսային, ոչ խորը քննարկող ու ամենից կարեւորը ոչ շատ լսող ու ականջ դնող ոչ իշխանական քարոզչության առջեւ փակող քաղաքացին էր նկատում օրինակելի, իդեալական, վստահելի ու հավատարիմ:

Եվ սկսվեց իշխանամետ քարոզչական մեքենայի «շանտաժը», որ ամեն քննադատող, հարցապնդող, 2018-ին հեղափոխության մասնակցող, ով փորձում էր նշել, թե հեղափոխության սկզբունքներն այսպես չէին, սկսվում էր «ամբաստանությունը», թե այս տարրերը պարզապես «նախկիններն են», «թալանչիներ», «ոոբասերժականներ» կամ ծայրահեղ դեպքում, եթե հրաշքով կարող էր փաստել «նախկինների» լինելու «մեղադրանքի անմեղությունը», կմեղադրվեր, որպես մարդ, որ շեղվել է հեղափոխական սկզբունքներից եւ ծրագրում է օժանդակել ու նպաստել նախկինների վերադարձին:

Ու այս խաղ-շանտաժ մանիպուլյացիան ահավոր երկար տեւեց ու հազարավոր մարդիկ, որոնք հակառակ էին նախկին քաղաքական իշխանություններին, բախվեցին այս «նախկին լինելու» զենքին, մինչեւ որ այս զենքը մաշվեց, հնացավ, փտեց, մինչեւ որ վերջնականապես սպառվեց ու հոգին ավանդեց, երբ Երեւանի քաղաքացիները դարձան այն բժիշկը, որ հռչակեցին այդ հնամաշ, ձանձրալի, անհամ զենքի մահը Երեւանի ավագանու ընտրության ժամանակ:

Բայց այս իշխանությունը իր համառ դիմադրությունը դրսեւորեց ներքին ճակատում:

Այ երանի, թե նույն համառ ամրությունը ցուցաբերեր արտաքին թշնամիների առջեւ ու գտավ նոր հնարք, նոր կարգախոս ու նոր պատրաստի մեղադրանք ու հիմա ամեն անձ, որ իրեն ընդդիմադիր է, «հաստատ պատկանում է ռուս-թուրքական տանդեմին», «ռուսամետ է», «5-րդ շարասյուն» ու այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» եւ իր զինակիցները, նրա շուրջը գտնվող ուժերը հանկարծ դարձել են «ինքնիշխան Հայաստանի ախոյանները, ջահակիրները, առաջատար մարտիկները», որոնք աջ ու ձախ բոլորին դասեր են տալիս «ինքնիշխանության» անհրաժեշտության մասին:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
26.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930