Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ էր մեղավոր 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի եւ 2023թ. մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններից առաջ

Սեպտեմբեր 27,2023 12:00

2020թ. նոյեմբերի 9-ից հետո ընդդեմ Հայաստանի Հանրապետության Բաքվի ու Անկարայի քաղաքականության առնչությամբ Ռուսաստանի իշխանությունների հետեւողական լռությունն ու արհամարհանքն ինչո՞վ էր պայմանավորված

Պաշտոնական Մոսկվան հստակ շեշտում է, որ Արցախի պատկանելության հարցը, որպես այդպիսին, լուծված է, ավելին` Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի հայտարարությունից հետո կան բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Օրերս նման գնահատական հնչեցրեց ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, հստակ ընդգծելով, որ այդ հարցում Ռուսաստանը պետք է դեր ստանձնի:

Հայաստանի իշխանությունների գնահատականը եւս պարզ է ու բազմիցս հնչեցվել է` Մոսկվան չի երաշխավորում ստանձնած պարտավորությունները։ Ռուս խաղաղապահների աչքի առաջ ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ իրականացրեց Արցախում, խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ են զոհվել, այնուհետեւ ռուս խաղաղապահների աչքի առաջ եւ մասնակցությամբ տեղի է ունենում Արցախի հայաթափում: Ավելին, Մոսկվան եւ ռուսական քարոզչամեքենան լուռ է անգամ ադրբեջանցիների կողմից ռուս խաղաղապահների սպանություններից հետո, Ռուսաստանը որեւէ մեղադրանք չի հնչեցրել Ադրբեջանի հասցեին: Միայն Իլհամ Ալիեւն է օրեր առաջ զանգահարել Պուտինին ու կատարվածի համար «ներողություն խնդրել»։ Թե քանի՞ խաղաղապահ է զոհվել, ինչպե՞ս, ո՛չ Բաքուն, ո՛չ Մոսկվան պաշտոնապես հարկ էլ չեն համարում պարզաբանումներ ներկայացնել։

Ռուսական քարոզչամեքենան բոլորովին այլ ուղղությամբ է աշխատում, եւ կարելի է ասել` որեւէ ջանք չի խնայում: Meduza-ն հղում անելով իր անանուն աղբյուրներին, հաղորդեց, որ Կրեմլը հրահանգ է իջեցրել պետական լրատվամիջոցներին՝ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները լուսաբանելու վերաբերյալ։ Հիմնական թեզը հետեւյալն է՝ ամեն ինչում մեղավոր են Հայաստանն ու նրա արեւմտյան «գործընկերները»։ Իսկ ռուս խաղաղապահները հերոսաբար փրկում են խաղաղ բնակիչներին գնդակոծությունից: Մինչ այս պահը Մոսկվայից ու ռուսական պետական լրատվամիջոցներից ստացվող հաղորդագրությունները տեղավորվում են այդ տրամաբանության մեջ։

Հայ ժողովրդի եւ Հայաստան պետության վերաբերյալ ռուսական քարոզչամեքենայի սպասարկուները վիրավորական, նսեմացնող հայտարարություններ են անում: Մոսկվան եւ Բաքուն համարում են, որ` «ԼՂ խնդիրը լուծված է», բայց հարց չի հնչում, իսկ ի՞նչ ենք հիմա ակնկալում Հայաստանից, բացի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը…

Այն, որ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու էր ոչ միայն ՌԴ խաղաղապահ առաքելությունը, այլեւ Հայաստանի իշխանությունները, դա փաստ է: Որքան էլ ՀՀ իշխանություններն Արցախի իշխանությունների վրա բարդեն Արցախը հանձնելու մեղքը` կապված նրանց ընդունած վերջին որոշման հետ` ադրբեջանական կողմի հետ բանակցությունների գնալու եւ համաձայնությունների գալու, մինչ այդ պահը Հայաստանն ունեցել է պարտավորություններ Արցախի նկատմամբ:

Հիմա արդեն Մոսկվան, Բաքուն եւ Անկարան Հայաստանի իշխանություններից քայլեր են ակնկալում եւ աշխատում են այդ ուղղությամբ, եւ այդ աշխատանքն, իսկապես, բավական կոշտ է: Բոլոր նախադրյալները կան կանխատեսելու, որ Հայաստանի նկատմամբ «պատժամիջոցներ» կկիրառվեն:

Մոսկվան օգտագործում է «Փաշինյանի առիթը»` Հայաստանի վրա նորանոր մեղքեր բարդելու համար: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած ասուլիսում հստակ արձանագրեց` Եվրամիությունը Միացյալ Նահանգների հետ միասին ապակայունացնում է Հարավային Կովկասը. «Այժմ Բրյուսելն իր միջնորդական ծառայություններն է պարտադրում Ադրբեջանին եւ Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ միասին ապակայունացնելով Հարավային Կովկասը»։

Նա պնդեց, թե արեւմտամետ հզոր լոբբի է աշխատում Հայաստանում ընդդեմ Ռուսաստանի ազդեցության. «Հայաստանում, ինչպես նաեւ նախկին Խորհրդային Միության մի շարք այլ երկրներում կա հզոր լոբբի հասարակական կազմակերպությունների տեսքով, ստեղծված այդ թվում՝ արեւմտյան բազմաթիվ հիմնադրամների միջոցով, եւ առաջ են մղում Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների շահերը։ Իսկ այդ շահերը «Ռուսաստանի ազդեցությունը խաթարելու» համար են»: Ապա հավելեց. «Հիմա, երբ Երեւանի եւ Բաքվի ղեկավարները կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի, դրա հաստատման, վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբն ամեն կերպ կնպաստի դրան»։ Թե ինչպես է 2020թ. նոյեմբերին 5 տարի ժամկետով Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորախումբը «նպաստելու» Երեւանի ու Բաքվի միջեւ վստահության ամրապնդմանը, նա չպարզաբանեց։

Այսպես, մեղադրանքը հստակ է` ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ապակայունացնում են Հարավային Կովկասը: Լավրովը նշել է, որ, ցավոք, Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար ինքն է «կրակի վրա յուղ լցնում»։ «Եվ երբ հայ հասարակության մեջ քննարկումներ սկսվեցին ղարաբաղյան խնդրի համատեքստում Ռուսաստանի դերի մասին, Հայաստանի խորհրդարանի նախագահը չամաչեց հայտարարել, որ Ղարաբաղը ադրբեջանցուն տվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ 2020թ. նոյեմբերին։ Մինչդեռ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում ասվում էր, որ Ղարաբաղը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին է, եւ ենթադրվում էր, որ Ղարաբաղի կարգավիճակը հետաձգվում է ու կդիտարկվի ավելի ուշ»,-ասել է նա։ Ըստ ՌԴ արտգործնախարարի` երբ Հայաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահի հետ Պրահայում ստորագրեց փաստաթուղթը` ճանաչելով Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, Ռուսաստանին մեղադրելն անընդունելի է։

Անկարան ու Բաքուն ավելի «անկեղծ» են, նրանց հաջորդ «ակնկալիքն» արդեն Հայաստանից է, դա գաղտնիք չէ` «Զանգեզուրի միջանցքը»:

Լավրովի հայտարարություններից մեկ օր անց Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, որում շեշտեց, որ արտաքին անվտանգության համակարգերը, որոնցում ներգրավված է Հայաստանը, արդյունավետ չեն… Նա թվարկելով մի շարք իրադարձություններ՝ Խծաբերդի, Փառուխի դեպքերը, Արցախի բնակչության ահաբեկում, ադրբեջանական վերջին հարձակումը՝ նշեց, որ այս ամենը լրջագույն հարցեր են բարձրացնում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության եւ մոտիվների վերաբերյալ։ «Եթե ԼՂ հայերի իրենց տներում ապրելու իրական պայմաններ եւ էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է։ Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի եւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա», – նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ իր կառավարությունը միջազգային գործընկերների հետ աշխատում է Արցախի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային մեխանիզմների ձեւավորման վրա։ «Բայց եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, կառավարությունը Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին եւ եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի ՀՀ», – ասաց նա՝ նշելով, սակայն, որ սրանով վերոնշյալ հարցերն ավելի կսրվեն։

Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ ՀՀ-ն իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել, բայց իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ «անվտանգության այն համակարգերը եւ այն դաշնակիցները, որոնց վրա մենք երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիությունները ի ցույց դնելու եւ հայ ժողովրդի անկախ պետության անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել»։ Ընդ որում, ըստ նրա, նման քաղաքականությունը կապ չունի 2018-ին հեղափոխությամբ հաստատված կառավարության հետ, այդ քաղաքականության դրսեւորումները եղել են նաեւ դրանից առաջ։

Անուններ չտալով՝ նա նկատեց, որ որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում ՀՀ-ի խոցելիությունն ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում՝ հարվածի տակ դնելով ներքին անվտանգությունն ու կայունությունը։ Նա մեղադրեց այդ գործընկերներին դիվանագիտական, միջպետական հարաբերությունների, էթիկայի, կոռեկտության բոլոր նորմերն անցնելու, ընդհուպ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ «Կոչ ենք անում եւ հորդորում ենք մեր գործընկերներին հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը եւ մեր վճռական կամքն ենք արտահայտում՝ ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, արտաքին եւ ներքին անվտանգությունը, միջազգային հանրությանը կոչ ենք անում անսասան աջակցություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը», – հորդորեց Փաշինյանը՝ անհրաժեշտ համարելով ամրացնել, վերափոխել, լրացնել ՀՀ արտաքին ու ներքին անվտանգության գործիքները՝ համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ։

Նա խոսեց նաեւ Հռոմի ստատուտից՝ ասելով, որ այն վավերացնելու որոշումը կայացվել է 2022թ. դեկտեմբերին, երբ ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ եւ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար։ Փաշինյանը եւս մեկ անգամ կրկնեց՝ այդ որոշումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ «Վերջին տարիներին եւ այսօր էլ մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունների խորքային իմաստը հենց սա է՝ Հայաստանը լինելու է ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետությո՞ւն, թե՞ վախվորած ծայրագավառ», – ասաց նա՝ հավելելով, որ պետք է գնալ ՀՀ անկախության պաշտպանության շարժման հետեւից՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց «լինելու է»։

Բավարա՞ր են լինելու Փաշինյանի պարզաբանումները Մոսկվային, օրինակ` Հռոմի ստատուտի ընդունման որոշման մասով, իհարկե` ո՛չ: «Գնացքն արդեն գնացել է»: Ոչ Երեւանը, ոչ Մոսկվան, կարծես, զիջելու տեղ չեն թողել, կարմիր բոլոր գծերը տրորված են:

Նույնիսկ արդեն անիմաստ է թվում Հայաստանի ռազմավարական դաշնակցին հարց ուղղել, որ եթե Հայաստանի իշխանությունների մեղքով ԼՂ-ն Ադրբեջանի մաս է դարձել, ապա ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության խաթարման 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Բաքվի ու Անկարայի քաղաքականության առնչությամբ Ռուսաստանի իշխանությունների հետեւողական լռությունն ու արհամարհանքն ինչո՞վ էր պայմանավորված: Չէ՞ որ այդ գիծը Ադրբեջանը բռնեց հենց 2020թ. պատերազմից, նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը ստորագրելուց հետո, երբ դեռ չկային ո՛չ 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի եւ ո՛չ էլ 2023թ. մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածությունները:

Հայաստանի տարածքային ամբողջականության մասին առայժմ հիշատակում են Վաշինգտոնն ու Փարիզը: Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների եւ անվտանգության պաշտպանության վերաբերյալ, ապա հավելել է. «Միացյալ Նահանգները կշարունակի իր անսասան աջակցությունը Հայաստանին, նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղական հեռուստաալիքների հետ զրույցում ասել է, որ անհանգստացած է Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական հարձակմամբ՝ ընդգծելով, որ Բաքուն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: «Ֆրանսիան շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում: Այսօր կա Ռուսաստան, որը Ադրբեջանի հանցակիցն է, եւ Թուրքիա, որը միշտ աջակցել է այդ ձգտումները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Մակրոնը կրկին անընդունելի է համարել Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում, կարեւորել է արցախահայությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար ջանքերի համախմբումը եւ ընդգծել, որ արցախահայերի իրավունքները պետք է հարգվեն:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 26.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930