Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախն այլեւս «սակրալ թեմա» չէ

Սեպտեմբեր 27,2023 14:00

Նորերը դեռ չեն ձեւավորվել

2020 թվականին լույս տեսավ Էդվարդ Աթայանին նվիրված ժողովածուն, որն ընդգրկում է թե՛ ականավոր փիլիսոփայի եւ լեզվաբանի հոդվածները, եւ թե՛ նրան առնչվող այլ մտավորականների նյութեր: Ժողովածուն կոչվում է «Մեր խաչը», որը նաեւ Աթայանի հոդվածներից մեկի անունն է: Ինչպես եւ ցանկացած լավ տեքստում, վերնագիրը բազմանշանակ է: Մի կողմից, իհարկե, աստվածաշնչյան զուգահեռներ են՝ այն իմաստով, որ մեր ազգը կամ նրա լավագույն ներկայացուցիչները տանում են իրենց խաչը: Մյուս կողմից՝ անմիջական իմաստը. Հայաստանը, Հայքը գտնվում է խաչմերուկում՝ Հյուսիս (Ռուսաստան), Հարավ (Իրան), Արեւելք (Հնդկաստան), Արեւմուտք (Եվրոպա): Ինձ թվում է, անկախ նրանից, թե այս պահին ինչ ռեժիմներ են այս «չորս կողմերում», հոգեւոր իմաստով մենք ոչ միայն կրում ենք նրանց ազդեցությունը, այլեւ, ապրելով աշխարհի կարեւորագույն այս կետում, ունենալով սեփական ուժեղ էներգետիկան, կոչված ենք դառնալ այդ չորսի կենտրոնացված մարմնավորումը, միջուկը, եւ աշխարհին ներկայանալ մեր այդ «սինթեզված» դեմքով:

Այս երեք տասնամյակների ընթացքում մենք հիմնականում վիճում ենք Արեւմուտքի  եւ Հյուսիսի մասին, այն էլ՝ ոչ թե «հոգեւոր սինթեզի», այլ «կողմնորոշումների» առումով: Մինչդեռ պարսկական եւ հնդկական հոգեւոր մշակույթը մեզ համար նույնքան կարեւոր են, այնտեղ տեղի ունեցող ներքին գործընթացները՝ նույնքան բախտորոշ: Հիշում եմ, տարիներ առաջ ես զրուցում էի իրանցի մի պաշտոնյայի հետ, եւ նա ինձ հռետորական հարց տվեց՝ «ինչո՞ւ եք դուք կարծում, որ աշխարհի վրա ազդում են միայն պետությունների ղեկավարները կամ ինչ-որ «ուժային կենտրոններ», ու ոչ թե՝ նաեւ «էներգետիկ հանգույցներ», որոնց գոյության մասին մենք միայն կռահում ենք»: Եվ ես հիշեցի ռուս միստիկ Ելենա Բլավատսկայայի մտքերը Հիմալայներում ապրող մահաթմաների մասին:

Մեր այս ողբերգական վիճակում նման դատողությունները կարող են չափից դուրս վերացական, կյանքից կտրված թվալ: Բայց մեր ճգնաժամն այսօր, ինձ թվում է, նախեւառաջ հոգեւոր է՝ մենք կորցրել ենք այդ «սակրալ (սրբազան) թեման» (գուցե անհաջող տերմին է, բայց հիմա պարզ կդառնա, թե ինչի մասին է խոսքը), որը հիմք է տալիս մեզ այստեղ ապրելու եւ անկախ պետություն ունենալու: Առանց այդ «թեմայի»՝ դու կարող ես 100 հատ «Իսքանդեր» կամ նույնիսկ ատոմային զենք ունենաս, բայց, միեւնույն է՝ կլանվես այլ պետությունների կողմից:

Այդ առումով ուզում եմ նույն ժողովածուից մեջբերել մի միտք, որի հեղինակը պրոֆեսոր Լեւոն-Հարություն Աբրահամյանն է (հայրս): Հիշելով, թե ինչ ոգեւորություն էր առաջացրել Աթայանի մոտ ղարաբաղյան շարժումը, նա հավելում է. «90-ական թվականներին այդ շարժման նշանակությունը մեզ համար պարզ էր, միասնական էր՝ դա հնարավորություն էր ժողովրդի համար մաքրվելու, դառնալու ավելին, քան ինքը կա»: Մեր վերջին «սակրալ թեման» Արցախն է: Մնացած թեմաները նման հավակնություններ ունեին կամ ունեն, բայց այդպես չեն աշխատում:

20-րդ դարում մեր նշանավոր մտածողներ Հայկ Ասատրյանը եւ Գարեգին Նժդեհը այդ «թեմաների» փնտրտուքի մեջ էին: Բայց ո՛չ տարոնականությունը (Վարդան Մամիկոնյանի պատումը «սակրալ» դարձնելը), ո՛չ ցեղակրոնությունը (Վահագն աստծո տաճարներ կառուցելու ծրագրերը) «թեմայի» կարգավիճակ ձեռք չբերեցին: Պատճառները բազմաթիվ են, այդ թվում այն, որ այդ գաղափարների քարոզը տարվում էր իշխող ՀՀԿ-ի կողմից, որն իրականում դրանցից շատ հեռու էր: Երբ Բրեժնեւը խոսում էր կոմունիզմի, ՀՀԿ-ականները՝ ցեղակրոնության, իսկ հիմա Փաշինյանը՝ Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության մասին՝ դրանք նույն կարգի երեւույթներ են՝ կեղծիքի, ստախոսության վրա հնարավոր չէ «թեմա» կառուցել:

Բայց «փչացնել»՝ միանգամայն հնարավոր է: Երրորդ հանրապետության հիմքում ընկած «սակրալ թեման»՝ Արցախը, փչացավ ու վերացավ նույնպես տարբեր պատճառներով: Իրենց դերը խաղացին, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ու նրանց շրջապատի վարքագիծը, իսկ հետո՝ մոտավորապես 2007  թվականի աշնանից սկսած, նպատակաուղղված եւ վայրագ հակաարցախյան քարոզչությունը: Այդպես մենք հասանք այսօրվան, երբ արդեն գրեթե պաշտոնապես ասվում է, որ Արցախն ու արցախցիները «դժգույն-դժբախտ» են ու նրանց համար չարժե պայքարել: Իշխանությունը հանգիստ հրամցնում է իր թեզերը՝ «արցախցիները ռուսամետ են, դրա համար իրենց հասնում է», «մենք ձեզ զենք ենք տվել, իսկ դուք չկռվեցիք» եւ այլն: Եվ դա նորմալ է ընդունվում՝ չի դիտվում որպես մարդատյացություն, մարդակերություն: «Անկախությանն ու ինքնիշխանութանը» դու չես կարող դարձնել «սակրալ թեմա», բայց համոզելը, որ արցախցիները վատն են եւ բոլոր դժբախտությունների պատճառն են՝ դա մեկից մեկ է:

Ինձ համար, ճիշտն ասած, հիմա այնքան էլ կարեւոր չէ, թե ով ինչ է քարոզում՝ այսօր մի բան են ասում, վաղը՝ այլ բան: Կարեւոր է, որ Գյումրիում հայոց լեզվի ուսուցիչը հորդորում է ընդվզմանը պատրաստ աշակերտին՝ «բա քեզ պե՞տք է, դու՝ որտեղ, Արցախը՝ որտեղ»: (Ի դեպ, Սյունիքն էլ է Գյումրիից բավականին հեռու): Այդպիսի ոգով դաստիարակված զինվորը չի կռվի ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետության համար: Նույնիսկ, եթե, կրկնեմ, մեր հանրապետությունն ատոմային զենք ունենա, մենք չեն կարողանա մեր ինքնիշխանությունը պաշտպանել:

Մի խոսքով, արցախյան թեման, որպես «սակրալ գաղափար», ավաղ, սպառվել է: Ինչն էլ կարող դրդել մեր ժողովրդին «ինքնամաքրվել, դառնալ ավելին, քան կա», ես, բնականաբար, չգիտեմ: Եթե նույնիսկ ինչ-որ բան առաջարկեմ, դա որեւէ օգուտ չի տա: Առաջարկելով չի՝ դա պետք է բնական ճանապարհով հասունանա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Aha says:

    This is one of Mr. Abrahamyan’s best pieces, There is an exit, end of an era, or end of career smell to it.

    If it’s any consolation, the editor should remember that, in my humble view, he is one of the best journalists/thinkers of Armenia and he did all he could for his country in the past 32 years. If/when a new sacred theme emerges it will also be in part due to the atmosphere and healthy intellectual space that Aram created in his editorials.

  2. Հ. Շ. says:

    Յարգելի Խմբագիր, ոչ դուք, ոչ ես, ծեր չենք տակաւին: Սակայն երեւի… որոշ տեղ մը հասանք, կեանքի մէջ: Այսուհետեւ, հիմնականօրէն, մեզի յաջորդող սերունդներն են որ պիտի ստանձնեն մեր ազգի ապագան: Ինչպէս որ եղաւ, նոյնպէս աղէտների ընդմէջէն, Հայութեան նախորդ սերունդների պարագային:

    Իմ այժմու մօտեցումս այն է որ, ասկէ ետք, այսքանից յետոյ, թէ ով է յանցաւորը, ով է մեղաւորը, այդքան ալ իմաստալից նիւթեր չեն: Չ’արժեր կեանքի մնացորդն ալ վատնել այդպիսի ապարդիւն բաներով:

    Հիմա ամէն մի հայ, ինքն իր մէջ, պիտի հաստատէ թէ՝ ինք, անձնապէս, յանցանք ունի՞, էական սխալ մը գործե՞ց, ծանր թերացում մը ունեցա՞ւ՝ տեղի ունեցած անասելի Աղէտին կապակցութեամբ: Այսինքն, կը մնայ միայն անհատական, անձնական, խղճի հարցը:

    Ողջ մնացողը, ձեւ մը կը գտնէ՝ կեանքը շարունակելու: Արցախից հիմա տարհանուող երեխաների եւ երիտասարդների պարագային, դեռ անոնցմէ շատերը, իրենց նախկին հեռանկարների բաղդատած, աւելի լաւ կեանքեր ալ կ’ունենան: Գոնէ անձնական գետնի վրայ:

    Փաստօրէն, չափահաս հայերս, ի վիճակի չէինք այդ երեխաներին մարդավարի կեանք մը դասաւորելու: Ոչ իսկ նրանց տարրական անվտանգութիւնը ապահովելու:

    Ուրեմն մինչեւ ե՞րբ պիտի զիրենք զոհաբերէինք, գաղափարական – կամ նոյնիսկ հոգեւորական – նկատառումներով… Մեր տեսլականը կամ աղօթքները իրականացնելու համար…

    Այս ալ ուրեմն, մեր սերունդի ազգային ճակատագիրն էր:

    Կարեկցաբար,

    Հ.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930