«Հայաստանն իր 5000-ամյա պատմության ամենասեւ էջերից մեկն է հիմա ապրում եւ մենք դրա ականատեսն ենք: Այո, Արցախը Հայաստանի անվտանգության վահանն է, մեր հայրենիքի անբաժանելի մասը, բայց այսօր ցեղասպանության մեջ է: Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանությունն այսօր հանցակիցն են մեր հայրենակիցների նկատմամբ ծրագրված ցեղասպանության՝ չկանխելով դա: Մենք իրավունք չունենք ընկրկելու, որովհետեւ Արցախից հետո հաջորդը Հայաստանն է, Հայաստանի ինքնիշխանությունը, եւ, ընդհանրապես, հայ մարդու՝ իր բնօրրանում ապրելու իրավունքն է այսօր խնդրի առջեւ»,- այսօր, Հանրապետության հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:
Հիշեցնենք, Ազգային կոմիտեն երեկոյան չեղարկեց նախապես, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը: Չնայած դրան, հարյուրավոր քաղաքացիներ այսօր էլ գնացել են Հանրապետության հրապարակ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Թադեւոս Ավետիսյանի բնութագրմամբ, Թուրքիային, Ադրբեջանին եւ նրանց շահերը սպասարկող ՀՀ իշխանությանը պետք չի ուժեղ Հայաստան, հարեւան հայ ժողովուրդ, նրանց պետք են միայն Հայաստանի տարածքները՝ թե 100 տարի առաջ, թե հիմա, թե 100 տարի հետո: Նրա համոզմամբ, խաղաղությունը թշնամին չի նվիրում, այն վաստակում են ուժով, խելքով, համախմբմամբ ու միասնությամբ, մինչդեռ ՀՀ գործող իշխանությունը պառակտող եւ հայրենադավ է, հայրենիք հանձնող, ինչի շուրջ որեւէ հայ մարդ չի կարող համախմբվել:
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարում է՝ ՀՀ գործող իշխանությունը դեն է նետել Հայաստանի եւ ազգային, եւ անվտանգային շահերը՝ մի պատճառով՝ դա հակասում է իրենց իշխանության մնալու շահերին: Այս «հակահայ» իշխանության հեռանալու այլընտրանքը հայրենազրկումն ու ցեղասպանությունը, ինչին այժմ ականատես ենք Արցախում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ