Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդ հանրահավաքից առաջ Ազգային կոմիտեն հետագա քայլերը կհրապարակի. Վազգեն Մանուկյան

Սեպտեմբեր 26,2023 23:20

«Պատճառներ շատ կան, բայց ամենակարեւոր պատճառն այն է, որ այսօր շատ մեծ թափով փախստականներ են գալիս, օթեւան չունեն եւ մարդիկ հիմա իրենց անձնական ջանքերով զբաղված են այդ մարդկանց տեղավորելով: Բերում են զոհվածների դիակներ, Եռաբլուրում արդեն տասնյակ փոսերը փորված են՝ թաղելու համար: Այս պայմաններում հանրահավաք անելը, գոռալ, ծափ տալ, երթ անել, մենք որոշեցինք, որ պատեհ չէ»,- այսօր Հանրապետության հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը:

Հիշեցնենք, Ազգային կոմիտեն չեղարկեց նախապես Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը: Չնայած դրան, հարյուրավոր քաղաքացիներ այսօր էլ գնացել են Հանրապետության հրապարակ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ ամենայն հավանականությամբ, վաղը չէ մյուս օրը հանրահավաքները կրկին կվերսկսվեն:

«Ցանկացած իշխանություն փոխելու համար, իշխանությունը պետք է խուճապ ապրի: Իշխանությունն ապրում է խուճապ այն դեպքում, երբ իր կառույցները սկսում են փլուզվել: Երբ որ ճիշտ խոսքը հասնում է մարդկանց եւ մարդիկ ոտքի են կանգնում, իշխանությունը փլուզվում է»,- ասաց Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ հանրահավաքների նպատակը գեղեցիկ խոսքեր ասելը չէ, այլ երկրում երկիշխանություն ստեղծելը, ինչպես եղավ 1988-ին՝ արցախյան շարժման սկզբից, երբ հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց: Նա հիշեց, որ այն շրջանում կառավարությունը նույնիսկ շատ հարցեր չէր կարողանում լուծել, մինչեւ «Ղարաբաղ» կոմիտեն իր հավանությունը չտար:

Վազգեն Մանուկյանը չհամաձայնեց լրագրողների դիտարկումներին, որ մարդիկ սկսում են հիասթափվել եւ մարդկանց թիվը նվազում է. «Առաջին օրը մեծ պոռթկում էր, մարդիկ եկան, ոչ ոք նրանց չէր կանչել: Ամենամեծ հանրահավաքը եղավ կիրակի օրը, երեկ հանրահավաքն ավելի փոքր էր: Ես ձեզ հավատացնում եմ եւ համոզված եմ, քանի որ վաղը չէ մյուս օրվա հանրահավաքը հայտարարելուց առաջ կասվի, թե մենք ի՞նչ ենք անելու եւ ի՞նչ ենք քննարկում, հրապարակում ավելի շատ մարդ կլինի, քան կիրակի օրն էր»:

Խոսելով հետագա անելիքների մասին էլ, Վազգեն Մանուկյանն ասաց, որ Ազգային կոմիտեում ընդգրկվելու համար կդիմեն այն կառույցներին, որոնք մարդկային ռեսուրս ունեն, նաեւ այն անհատներին, ովքեր այդ ռեսուրսը չունեն, բայց մեծ հեղինակություն ունեն. «Մենք երեք հոգու դիմել ենք, հիմա անունները չեմ ասի, սպասում ենք իրենց պատասխանին, որովհետեւ այնպես չի, որ բոլորը ձգտում են մտնել Կոմիտե: Շատ մարդիկ էլ ձգտում են մտնել, բայց մենք գտնում ենք, որ նպատակահարմար չի: Կոմիտեն դանդաղ, բայց կընդլայնվի: Հիմա քննարկում ենք Կոմիտեին կից մի այնպիսի կառույցի ստեղծում, որտեղ ավելի ընդլայնված կազմ կլինի»:

Լրագրողի ճշտող հարցին էլ Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին Կոմիտեի կազմում ընդգրկելու մասին խոսք չի եղել, վերջինս իր ընկերն է, նրան շատ է հարգում, բայց ինքը շատ կցանկանար, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը եւ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը լինեին Կոմիտեի կազմում:

Շարժման առաջնորդի մասին հարցին էլ նա պատասխանեց, որ առաջնորդները առաջանում են շարժման ժամանակ:

Այս շարժումն, ըստ Վազգեն Մանուկյանի հաջողություն կգրանցի միայն այն դեպքում, երբ հնարավորինս շատ հասարակական կառույցներ ներգրավված լինեն աշխատանքում: Կոմիտեին կից կստեղծվեն նաեւ փորձագիտական հանձնաժողովներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930