Այսօր Հանրապետության հրապարակում էր ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: Չնայած այսօր Ազգային կոմիտեն հանրահավաքը հետաձգել էր, բայց Սահակյանցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տանը նստել այս օրերին չի կարող. «Այս օրերին հնարավոր չէ ուղղակի տանը նստել, ես գալիս եմ այստեղ՝ նախ ցույց տալու, որ պայքարը չի լինում դադարներով, հանգստյան օրեր…Ես չեմ հասկանում: Կարող է կա ստրատեգիա, որից ես տեղյակ չեմ, բայց ամեն դեպքում իմ գլխի մեջ չի տեղավորվում՝ ոնց կարելի է պայքարել ինչ-որ օրեր ու ինչ-որ օրեր չպայքարել, եթե կատարվում է այն, ինչ կատարվում է: Կապ չունի՝ կա՞ն այսօր բանախոսներ, բեմը հավաքվե՞լ է, թե՞ չի հավաքվել, կարող է օբյեկտիվ պատճառներով հետաձգվեց, բայց ամեն դեպքում ես ինքս անձամբ համարում եմ, որ այստեղ պետք է միշտ լինի մարդ, որ իշխանությունը հանկարծ մեկ վայրկյան էլ չմտածի, որ այս երկրում բոլորը հանձնված վիճակում են: Թող հանկարծ իշխանությունը չմտածի, որ պայքարող հասարակություն գոյություն չունի»:
Նա ասաց, որ եթե կա ճանապարհային քարտեզ, պատրաստ է գնալ այն ճանապարհով, որը ցույց կտան, բայց քանի դեռ չկա որեւէ ծրագիր, պետք է պարզապես հրապարակ գալով՝ ցույց տալ պայքար:
Սահակյանցն ասաց, որ այս իշխանությունների ձեռքը ինչին կպել է, տապալել են ու այսօր մենք այն իրավիճակում ենք, որ մտածում ենք՝ մենք արդյոք առավոտյան կարթնանա՞նք, թե՞ ոչ. «Նրանք հիմա կատարածու են: Փաշինյան-Ալիեւ-Էրդողան տրիադա է, նրանք գործում են այդ ֆորմատով, դրա համար ակնկալել, որ որեւէ բան ի նպաստ հայերի կլինի, ես խիստ կասկածում եմ: Էն ֆրազան կար, որ Արցախի հարցը պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանի ժողովրդի համար: Ես հիմա ուզում եմ հասկանամ՝ ո՞րն է իրենց ասածներից այսօր ընդունելի արցախցու համար եւ հայաստանցու համար: Ուղղակի թող մատնանշեն այն մի փաստը, որը ընդունելի է բոլորիս համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ