Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանը ստում է»․ Ինչո՞ւ չի կարող միջանցքն անցել Իրանի տարածքով

Սեպտեմբեր 26,2023 22:22

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը՝ «եթե ​​Հայաստանը կանխի «Զանգեզուրի միջանցքի» բացումը, այն կարող է անցնել Իրանով», համարեց մանիպուլյացիա, բացահայտ կեղծիք։

Ըստ մեր զրուցակցի, թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջն այն է, որ Հայաստանի տարածքով բացվի «Զանգեզուրի միջանցքը», որպեսզի ոչ մի բեռ չստուգվի։

Այսինքն՝ Հայաստանը, բացելով այդ ենթակառուցվածքը, ոչ մի լիազորություն չունենա, չվերահսկի։ Իսկ իրենք այդ միջանցքով կարողանան անցկացնել ինչ ցանկանան, այդ թվում ռազմական բեռներ՝ առանց զննման։ Նման պայմանի, բնականաբար, ոչ մի դեպքում չի համաձայնի Իրանը, հետևաբար և Իրանի տարածքով միջանցք ստանալու մասին հայտարարությունը պարզապես մանիպուլյացիա է։

Իսկ Իրանի դեմ պատերազմով այն ստանալն ուղղակի անիրականանալի է։

Գագիկ Համբարյանի համոզմամբ, Հայաստանին վերահսկողական գործառույթից զրկելն է թերևս խոչընդոտ հանդիսանում, որ նույնիսկ Հայաստանի իր ձևակերպմամբ՝ «թրքամետ իշխանությունը» համաձայնություն տա այդ միջանցքի բացմանը։

Ռուսական կողմն էլ, ըստ քաղաքագետի, համաձայն է այդ միջանցքի գործարկմանը՝ պայմանով, որ ինքը ստուգի բեռները։

«Որևէ մեկի նույնիսկ հիվանդ ուղեղում չի կարող տեղավորվել, որ այդ միջանցքը կանցնի Իրանով, անհնար է մտածել, որ այն, ինչ պահանջում են թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչները Հայաստանից և չեն ստանում, հանկարծ տրամադրի Իրանը։

Չի կարող լինել նման բան, ավելին ասեմ, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս նշել են, որ Նախիջևանը մինչ 44-օրյա պատերազմը միշտ էլ ցամաքային և օդային կապ է ունեցել Ադրբեջանի հետ Իրանի ցամաքային և օդային տարածքով։

Բաքվից դեպի Նախիջևան թռնող ինքնաթիռներն անցել են Իրանի օդային տարածքով, Բաքվից դեպի Նախիջևան ուղարկվող բեռներն անցել են Իրանի ցամաքային տարածքով, և որևէ անգամ պաշտոնական Թեհրանը չի խոչընդոտել, որպեսզի քաղաքացիական բեռներն անխափան անցնեն Ադրբեջանից դեպի Նախիջևան։

Հաշվի առնելով սա, ինչպես նաև այն փաստը, որ պաշտոնական Բաքուն և Անկարան ջանադրաբար, ամեն մեթոդի դիմելով՝ պարտադրում են իրենց կողմից նվաստացված, նսեմացած Նիկոլ Փաշինյանին տրամադրել իրենց «Զանգեզուրի միջանցքը», որը բացահայտ հարձակում է Հայաստանի վրա, տարածքային ամբողջականության խախտում է, ապացուցում են, որ Բաքուն և Անկարն այդ միջանցքի տոտալ վերահսկողությունն են իրականացնելու։ Հայաստանին զրկելն այդ վերահսկողությունից ունի մեկ նպատակ․ ռազմական բեռների տեղափոխում այդ ճանապարհով, որն արգելում է անել Իրանը։

Ի դեպ, պետք է նաև նշեմ, որ Նախիջևանը Ադրբեջանի հետ կապ ունի Թուրքիայի և Վրաստանի տարածքով, որովհետև Նախիջևան-Թուրքիա կամրջով բավական մեծ քանակությամբ բեռներ նաև Վրաստանի տարածքով են տեղափոխվում Ադրբեջանից դեպի Նախիջևան և Նախիջևանից դեպի Ադրբեջան։

Հասկանալի է, թե ինչ բեռներ են ցանկանում տեղափոխել թուրքերն ու ադրբեջանցիները, որի մասին չեն ցանկանում, որ տեղեկացված լինեն նաև Վրաստանի նման երկրում, որտեղ բավական ուժեղ թուրք-ադրբեջանական տանդեմ կա և որտեղ կան քաղաքական ուժեր, որոնք սպասարկում են այդ տանդեմի շահերը»,-ասում է Գագիկ Համբարյանը։

Վերջինս առավել հավանական է համարում, որ Էրդողանը ու Ալիևն ամեն գնով պարտադրեն Նիկոլ Փաշինյանին բացել այդ միջանցքը։

Հիշեցնենք՝ Էրդողանը հայտարարել էր․ «Մենք բոլոր ջանքերը կգործադրենք այս միջանցքը (Զանգեզուրի միջանցք) հնարավորինս արագ բացելու համար։ Թուրքիայի և Ադրբեջանի համար շատ կարևոր այս միջանցքի իրականացումը ռազմավարական բնույթ է կրում և պետք է ավարտին հասցվի։

Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից մեկնող մեքենաներն ու գնացքներն անմիջապես կհասնեն Կարս»։

Գագիկ Համբարյանն ասում է․ «Ժամանակին իբր թե ուղիղ կապ հաստատելու համար Ադրբեջանի և Թուրքիայի միջև կառուցվեց Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղին, հիմա հարց է ծագում՝ եթե Ադրբեջանը Թուրքիայի հետ արդեն ունի երկաթուղային կապ, որի վրա Բաքուն և Անկարան ծախսել են ահռելի գումարներ, ի՞նչն է ստիպում Էդրողանին և Ադրբեջանի բռնապետին, որպեսզի իրենք էլ ավելի մեծ գումարներ ծախելով՝ բացեն «զանգեզուրյան միջանցք» կոչվածը։

Պատասխանը մեկն է՝ եթե նրանք չեն կարող Վրաստանին և Իրանին պարտադրեն, որպեսզի նրանց տարածքով անցնող բեռները վերահսկվեն և չստուգվեն համապատասխան պետությունների մաքսային ու հատուկ ծառայությունների կողմից, ապա Էրդողանը և Ալիևը համոզված են, որ պարտադրելով այս միջանցքի բացումը՝ իրենք կկարողանան Նիկոլ Փաշինյանին պարտադրել՝ միջանցքը ստանա այնպիսի կարգավիճակ, որ Հայաստանի իշխանությունները չկարողանան այն վերահսկել ընդհանրապես, և նրանք այդ միջանցքով տեղափոխեն, ինչ ցանկանան»։

Մեր զրուցակիցը նշում է, որ Էդրողանի համար չափազանց կարևոր է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, քանի որ նա Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմք հանդիսացող նեոպանթուրանական և նեոպանօսմանական ծրագրի ջատագովն է, իսկ միջանցքն այդ ծրագրի իրագործման համար շատ կարևոր է։

Թուրքիան այդպիսով որևէ մեկի կողմից չվերահսկվող ենթակառուցվածքներ կստանա դեպի Ադրբեջան, որի տարածքից էլ Կասպից ծովով անմիջականորեն դուրս կգա դեպի Միջին Ասիայի թյուրքալեզու երկրներ, իսկ այդտեղից էլ Չինաստանի հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում են 40-50 միլիոն թյուրքալեզու ույգուրներ։

Գագիկ Համբարյանը նաև նշում է, որ հայ հասարակության պատերացումները «Զանգեզուրյան միջանցքի» մասին սխալ են, այն չի անցնում միայն Մեղրիով։

«Զանգեզուրի միջանցքը» դա Սյունիքի և Վայոց ձորի մարզերն են․ մեր մոտ մի փոքր սխալ են պատկերացնում, որ «զանգեզուրյան միջանցքը» դա ընդամենը Մեղրիի տարածքով անցնող երկաթուղին է կամ մայրուղին, ո՛չ։

2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Ադրբեջանի իշխանությունն ահռելի գումարներ է ծախսում Մռավի լեռնաշղթայի տակով մեծ թունելներ փորելու համար, որը կկապի Գանձակը Քարվաճառի հետ, որտեղից ճանապարհը կշարունակվի դեպի Սիսիան, իսկ Սիսիանից դեպի Նախիջևանի հյուսիսում և Հայաստանի սահմանին գտնվող Սադարակ քաղաք, որով կմտնի դեպի Թուրքիա՝ Իգդիր։

Սա «զանգեզուրյան միջանցքի» կարևոր ենթակառուցվածքներից մեկն է։

Հաջորդը դա Հորադիզից դեպի Նախիջևան երկաթգիծն է և ավտոմայրուղին, որոնք անցնում են Մեղրիով։

Եվ ադրբեջանական կողմը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բավական մեծ աշխատանքներ է կատարել Հորադիզից մինչև Մեղրի երկաթուղին և ավտոմոբիլային ճանապարհը վերականգնելու նպատակով»։

 

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930