Ստեփանակերտում երեկ տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո, այսօր Հայաստան տեղափոխվածներից 67 տուժած անձ գտնվում է Երեւանի այրվածքաբանության կենտրոնում. այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Պացիենտների մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ծանր: Ունենք փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր: Նաեւ՝ երկու օր առաջ 23 վիրավորներ տեղափոխվել էին Երեւանի տարբեր կլինիկաներ, նրանք շարունակում են բուժօգնություն ստանալ: Նրանք ստացել են վիրահատական միջամտություններ: Ուրախությամբ գնահատենք, որ մեր 13 տարեկան տղայի վիճակը դրական տեղաշարժ ունի»,-ասաց Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ այսօր առավոտյան էլ Երեւան է տեղափոխվել մեկ նորածին երեխա՝ բավական ծանր վիճակում. եւ երեխան, եւ մայրը մասնագետների հսկողության տակ են:
Այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել նաեւ 125 աճյուն. աճյունները դատաբժշկական փորձագիտական կենտրոնի համապատասխան ստորաբաժանումներում են:
Կարդացեք նաև
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 20 270 հազար մարդ է հատել Կոռնիձորի հայկական անցակետը: Բռնի տեղահանվածներից 2850-ին պետությունն ապահովել է կեցավայրով. «20 270 անձ արդեն իսկ ստացել է հաշվառումը եւ տեղի է ունենում տեղաբաշխում: Պետությունը հոգացել է 2850 բռնի տեղահանված անձի կեցության հարց: Մասնավորապես, Գորիսում լուծվել է 615 անձի կեցության հարց, Սիսիանում՝ 169, Տաթեւում՝ 171, Կապանում՝ 324, Մեղրիում՝ 19: Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզում տեղաբաշխվել է 1298 տեղահանված անձ, Վայոց Ձորում ունենք 532, Գեղարքունիքում՝ 752, Տավուշում՝ 268»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ