ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ սեպտեմբերի 24-ին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է հանցագործության վերաբերյալ հաղորդում, որը վերաբերում է սոցիալական ցանցում տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանի գրառմանը։
Վերջինս Փաշինյանին անվանել էր եզակի տղամարդ, որը նրա ձեւակերպմամբ «ղարաբաղցի-ալբանացիների երախից պոկեց մեր երկիրը»։ Ի թիվս այլնի, Թադեւոսյանն իր գրառմամբ Արցախը հանձնելու մեջ մեղադրել էր Դաշնակցությանը, որն իբր սադրել է Ադրբեջանին՝ հարձակվելու Հայաստանի վրա։
Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն էր խնդրել Լիլիթ Գալստյանից: «Մեր անսահման ցավի, ավելի կոնկրետ՝ Արցախում ցեղասպանության և հայրենազրկումի համատեքստում «մանկավարժությամբ և գիտությամբ զբաղվող» դոկտորի աստիճան ունեցող Զոյա Թադևոսյանը փառաբանում է Նիկոլին, ով «ալբանացի-ղարաբաղցի» երախից պոկեց երկիրը։ Այս խոսքերի հեղինակն ակնհայտորեն բարոյականության հետ խնդիրներ ունի, սա թշնամու և ուրացողի խոսք է, սա ազգային այլասերումի կոչ է։ Մարդկայնորեն անգամ անբացատրելի է․ մեր Հայրենիքի ու նրա մարդու նկատմամբ դավադիր, թշնամական վարք։ Հետո զարմանում ենք, թե մեր պարտություններն ու նվաստացումները որտեղից են գալիս, մեր անհայրենիք տեսակն ինչ սերմից է սերվում։ Եվ այս տեսակը լսարան է մտնում ու սերունդ «կրթում»։ Ցավալի օրինաչափությամբ այս տեսակն է Նիկոլի հենարանը, ու մեր հոգևոր աղետն ու անապատացումը նաև այստեղից է գալիս։ Եթե՝ ոչ Նիկոլի արդարադատությունը, ապա հետո՝ հաստատ սրանք չեն խուսափի պատասխանատվությունից։ Մինչ այդ հանրային պարսավանքի են արժանի․ հանրությունը պիտի ճանաչի ու մերժի սրանց․․․ »,-ասաց տիկին Գալստյանը։
Կարդացեք նաև
Տելեգրամում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ քաղաքացին պատասխանում է Զոյա Թադեւոսյանի գրառմանը: Անի Աբաջյանը՝ մտնելով Զոյա Թադեւոսյանի աշխատասենյակ, ասում է. «Բարեւ ձեզ, տիկին Թադեւոսյան, ես բերել եմ արցախցի ժողովրդի, արցախցի երեխաների կողմից Նիկոլի ոտքերի ջուրը, որի մասին հրապարակում էիք արել, որ արեւշատության կենացը խմի ժողովուրդը՝ ղարաբաղցիներից ազատելու համար, ես պետք է ձեզ ասեմ, որ 120 հազար արցախցիներ կոտորվելու են Երեւանի փողոցներում»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ