Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ ակնկալում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը, երբ Նիկոլ Փաշինյանը երկրի դիլեման դարձրեց պայքար, իբրեւ անկախականների եւ «ծայրագավառականների» միջեւ». Վիգեն Հակոբյան

Սեպտեմբեր 26,2023 19:30

Ո՞ւմ շահերն է սպասարկում ընդդիմությունը. Aravot.am-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը

-Պարոն Հակոբյան, Արցախը փաստացի կորսված է, Սյունիքի նկատմամբ վտանգը շատ իրական է, մարդկանց մի ստվար զանգված ինքնաբուխ դուրս է եկել հրապարակ, ընդդիմադիր որոշակի շրջանակներ, այդ թվում նաեւ ինստիտուցիոնալ ընդդիմության ներկայացուցիչները, քանի որ Ազգային կոմիտեի կազմում նաեւ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն են, հարթակում են. ելույթներ են հնչում, քննադատություն, այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի նկատմամբ մեղադրանքներ կամ պաշտպանական ճառեր եւ այլն, բայց ի՞նչ անել, ինչպե՞ս անել հարցերի պատասխանները մարդիկ դեռ չունեն: Ձեր գնահատմամբ,  ի՞նչ գործառույթ է իրականացնում ընդդիմությունը մանավանդ, Ձեր վերջին հարցազրույցներից մեկում տարակուսանք էիք հայտնել՝ ասելով՝ «Այսինքն՝ այստեղ մեծ հարց է, թե փաստացի ո՞վ է ավելի մեծ ծառայություն մատուցել Ռուսաստանին՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ այն ընդդիմությունը, որը Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու համար անընդհատ նույն տեխնոլոգիաներով և մեթոդաբանությունը կիրառելով, փորձում է ամեն անգամ տարբեր արդյունքներ ստանալ»:

– Եթե մենք խոսում ենք հարթակային ընդդիմության մասին, այն ընդդիմության, որը որ հավաքվում է Հանրապետության հրապարակում, որովհետեւ հիմա մենք տեսնում ենք, որ նաեւ Ազատության հրապարակում էլ են հավաքներ լինում, ապա, իրենք ծրագիր, որպես այդպիսին, ներկայացնում են եւ այդ ծրագիրն այսպիսինն է՝ հավաքվենք, շատանանք, անհնազանդության ակցիաներ անենք, այնքան անենք այդ ակցիաները եւ այնքան շատանանք, որ որոշակի կրիտիկական զանգված հավաքվի, որպեսզի այդ զանգվածի ճնշման ներքո, ինչ-որ գործողությունների արդյունքում, իշխանությունը, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը, այսպես ասենք՝ հանձնվի եւ հեռանա: Սա է ընդհանուր պլանը, որը, որ չի տարբերվում 1,5 տարի առաջ «Դիմադրության» շարժման, դրանից էլ առաջ «Հայրենիքի փրկության շարժման» ծրագրից: Այսինքն, տեսականորեն ծրագիր կա, այն հիմնված է բոլորին հայտնի տեխնոլոգիաների վրա, որոնք մի շարք երկրներում արդյունք են տվել, այդ թվում նաեւ Հայաստանում՝ 2018 թվականին: Նիկոլ Փաշինյանը գրեթե նույն տեխնոլոգիաներն օգտագործելով՝ եկել հասել է որոշակի արդյունքի:

Խնդիրը, սակայն, այն է, որ տեխնոլոգիաներն իմանալը շատ կարեւոր է, բայց, այնուամենայնիվ, այդ  տեխնոլոգիաները պետք է կարողանալ կիրառել գործնականում: Այսինքն, պետք է ունենալ համապատասխան ռեսուրս, որով կիրառվել են այդ տեխնոլոգիաները, մասնավորաբար, դրանք կիրառելուն պատրաստ, վաղուց ուսուցում անցած «ավանգարդ», որը որ առաջին գծում է եւ իրականացնում է ակցիաները: Իսկ հասարակությունը, որը որ ինքնաբուխ կամ ինչ-որ կոչով փորձում է մասնակցել, ըստ էության, օժանդակում է այդ «ավանգարդին»՝ հատուկ ուսուցանված ուժերին, ինչպես դա եղավ 2018 թվականին: Այլ հարց է, որ 2018 թվականին այդ տեխնոլոգիայի ամենակարեւոր բաղկացուցիչներից մեկն էլ այն էր, որ մարդկանց ուղեղները լցում էին, թե սա դուք եք անում, մենք՝ բոլորս ենք անում. իրենք ճանապարհը փակում էին նստարաններով, մեքենաներով, շերեփները խփելով, ազդանշաններ տալով եւ այլ գործողություն էին անում, մարդկանց ասում էին՝ դուք էլ արեք ու հրամցնում էին այն գաղափարը, թե սա դուք եք արել՝ նրանց դարձնելով գործընթացի իբր տերեր: Եվ մինչեւ հիմա կան շատ մարդիկ, ովքեր այն ժամանակ այդ գործընթացի մեջ էին, այսպես ասենք, դրա տակից դուրս չեն գալիս՝ համարելով, որ իրենք են արել, իրենք են սխալվել:

Ինչեւէ, երկու կարեւոր՝ հիմնաքարային ասպեկտ կա. ասում են՝ կրիտիկական զանգված, իսկ ի՞նչ է նշանակում այդ կրիտիկական զանգվածը: Տարբեր վիճակներում, կրիտիկական զանգվածը տարբեր է լինում. մեկ կրիտիկական զանգվածը կարող է լինել 300 հազար մարդ, մեկ այլ իրավիճակում՝ 30 հազար, իրավիճակներ կան, որ ասենք 3 հազար մարդ է լինում: Ղրղըզստանում, օրինակ, 10 հազար մարդով, մի քանի անգամ հեղափոխություններ արեցին: Այսինքն, կրիտիկական զանգվածը դոգմա չի: Ասենք, եթե 2018 թվականին դա կազմում էր, օրինակ, 100 հազար մարդ, ասել, թե հիմա էլ 100 հազար մարդ չլինի՝ դա կրիտիկական զանգված չի…

Ինչքա՞ն է կրիտիկական զանգվածը՝ մե՞կ հրապարակ, երկո՞ւ հրապարակ, երե՞ք հրապարակ, որովհետեւ, մենք նույնիսկ հիմա, ունեցել ենք 1-1,5 օր, երբ մարդկանց քանակը մոտ է եղել մեկ հրապարակին:

Եվ երկրորդ՝ ասենք, այդ կրիտիկական զանգվածը հավաքվում է. ինչի՞ համար է հավաքվում, ի՞նչ գործողության համար:

Եթե մարդկանց հստակ չեն հասկացնում, թե որքա՞ն մարդ պետք է լինի եւ ի՞նչ քայլի համար, մարդիկ, մեկ-երկու անգամ գնալ-գալուց, միեւնույն գործողություններն անելուց  հետո, ինչն անում են վերջին երեք տարվա ընթացքում, իրենք սկսում են ոչ պարտադիր համարել իրենց մասնակցությունն այս պահին: Ասենք, երեկ եղել է մարդը, այսօր կհամարի ոչ պարտադիր, վաղը հնարավոր է նորից գա եւ այսպես. ու չի ստացվում, որ մարդիկ անընդհատ գան եւ մարդկանց քանակն ավելանա:

Այսինքն, տեխնոլոգիան ճիշտ է, իրականացումը՝ կասկածում եմ, ռեսուրսների վրա կասկածում եմ, եւ, ամենակարեւորը, այս երկու հիմնական հարցերը բաց են մնում:

-Չեմ կարծում, թե ընդդիմության մեջ չկան մարդիկ, ովքեր այս ամենը չեն հասկանում. հետեւաբար, ինչո՞ւ են շարունակում նույն ձեւով, նույն տեմպով:

-Դժվարանում եմ միանշանակ պատասխան տալ:

Գիտեք, այդ տեխնոլոգիաների մասին որ խոսում ենք, շատ դեպքում ասվում է թավշյա եղանակների մասին՝ տարբեր անուններով՝ գունավոր, վարդերի, բաց ձեռքերի  հեղափոխություններ եւ այլն, բայց, այնուամենայնիվ, օրվա առանձնահատկությունը մի քիչ շատ բան է որոշում: Ընդդիմությունը միշտ պետք է հասկանա, որ գալիս է մի կետ՝ անշրջելիության կետը, որն այն կետն է, որ ընդդիմությունը պետք է որոշի՝ նո՞ւյն ճանապարհով է գնում, թե՞ կոշտացնում է պայքարի ձեւը: Ես կարծում եմ, որ անցած տարվա «Դիմադրության» շարժման ժամանակ, առնվազն երկու անգամ նման պահ ունեցել է ընդդիմությունը, բայց շարունակել է մոնոտոն ճանապարհը: Հիմա էլ եմ այդ տենդենցը տեսնում:

Ես էլ եմ կարծում, որ այնտեղ կան մարդիկ, ովքեր այդ տեխնոլոգիաներին տիրապետում են, առնվազն վերլուծելու հնարավորություն ունեն եւ առնվազն գիտեն նաեւ այն դասական տեսությունը, որ ամեն անգամ նույն բանն անելով ակնկալել այլ արդյունք՝ դա տրամաբանությունից դուրս է: Ինչո՞ւ են իրենք այս ամենն անում՝ շարունակելով այս ձեւը, ես, համենայնդեպս, չեմ ցանկանում գնահատական տալ. երբ գործընթացներն այս կամ այն ուղղությամբ գնան, կգնահատենք: Նաեւ՝ իմ կողմից կոռեկտ չէ գնահատելը, քանի որ ընդդիմության շրջանում կան հավանաբար նաեւ մասնագետներ, որոնք աշխատում են այս ամենի վրա. կոլեգաների գործունեությանը քննադատել կամ գնահատական տալը կոռեկտ չէ: Ինչը որ պետք է ասեի՝ ասացի:

-Այս ամենի արդյունքում, հանրային տարբեր շերտերի մոտ տպավորություն է առաջանում, որ ընդդիմությունը սինխրոնիզացված աշխատում է իշխանության հետ: Եվ այն հանգամանքը, որ այս ողբերգության սկզբից՝ սեպտեմբերի 19-ից, ՀՀ երեք նախագահները լռեցին, անգամ որեւէ հայտարարությամբ հանդես չեկան, էլ չեմ ասում հրապարակ դուրս գալու մասին, հանրային տարբեր շրջանակներում ամրանում է այն թեզը, որ «նախկիններն էս հարիֆին բերեցին՝ գցեցին իր գրպանը, ամեն ինչ որոշված էր վաղուց»: Ամեն դեպքում, այս թեզը դոմինանտ է դառնում, քանի որ քաղաքական դերակատարների եւ պատասխանատուների պահվածքը դրա օգտին է:

-Ես կարծում եմ, որ եթե ինչ-որ մի բան անընդհատ չի ստացվում, եւ, կարծես նույն եղանակով են շարունակում գործել, կարող են նման կասկածներ, նման խոսակցություններ լինել. դա երեւի բնական է: Մեկնաբանելու առանձնապես բան չկա, քանի որ  Ձեր հարցում դուք հնչեցրեցիք այն մտահոգությունները, որոնք հասարակության որոշ շերտերի մոտ իսկապես կան:

Ինչ վերաբերվում է երեք նախագահների լռությանը, կարծում եմ, որ տվյալ պարագայում, առնվազն երկրորդ եւ երրորդ նախագահների հրապարակային պասիվությունը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որպեսզի իշխանությանը հնարավորություն չտան նորից ուղղակիորեն խաղի մեջ մտցնել «նախկինների» գործոնը, որ «նախկիններն» են ուզում վերադառնալ, ռեւանշիստական գործընթաց է: Այլ հարց է, թե որքանո՞վ է դա ճիշտ կամ էֆեկտիվ, որովհետեւ, միեւնույն է, այդ թեման կա:

Բայց ես, անկեղծ ասած, սպասում էի, որ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո, թե ինքը անկախության շարժման առաջնորդն է, որ ինքն է հենց այդ մեկ մարդը, ով պետք է առաջնորդի անկախության շարժումը,  առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծիք կհայտնի՝ թե անկախության, թե այդ մեկ մարդու առաջնորդության վերաբերյալ: Երկիրը բառացիորեն օրհասական վիճակում է եւ անկախության նշաձողն օր-օրի էլ ավելի է իջնում, երկիրը գրեթե արտաքին կառավարման տակ է հայտնված, ընդ որում, տարբեր շրջանները կարծես թե տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կառավարման տակ են գտնվում եւ այս պայմաններում, այն մարդն ում իշխանության օրոք այս վիճակն ենք ստացել,  ինքն իրեն հռչակում է անկախության շարժման միակ առաջնորդ… Իմ կարծիքով, շատ հետաքրքիր եւ կարեւոր կլիներ լսել առաջին նախագահի կարծիքը՝ թե գործընթացների, թե տվյալ անձի առաջնորդության մասին, որպես ՀՀ անկախ պետության հիմնադիր նախագահ:

Դեռ ակնկալում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը լսել այս իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանը երկրի դիլեման դարձրեց պայքար, իբրեւ անկախականների եւ «ծայրագավառականների» միջեւ:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930