Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անվճար բնակարան, աշխատանք, սնունդ, հագուստ ու ծառայություններ արցախցիներին

Սեպտեմբեր 26,2023 17:50

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու համար ստեղծվել են մի շարք նախաձեռնություններ ու հարթակներ:

Մասնավորապես, աշխատանք փնտրող արցախահայերի համար տելեգրամյան ալիքում տեղադրվում են անընդհատ թարմացվող նորանոր առաջարկներ: Այս պահին ավելի քան 200 աշխատատեղի առաջարկ է արել «Երեւան սիթին»: Աշխատանքի առաջարկներ են տեղադրել նաեւ «Վեստան» եւ «Դոմուսը»: Ընկերությունները առաջարկում են հիմնականում վաճառքի մենեջերի, մատնահարդարի, վարսահարդարի, հաշվապահի, դերձակի, տուրիզմի մասնագետի, մատուցողի, գանձապահի, վարորդի, բուժքրոջ, առաքիչի եւ այլ հաստիքներ: Ընդ որում, շատերը պատրաստակամ են անցկացնել դասընթացներ, հաշվի չառնել աշխատանքային փորձը:

Բացի այդ, ՀՀ աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարարությունը նույնպես ստեղծել է միասնական հարթակ, որտեղ կազմակերպությունները եւ նախաձեռնությունները կարող են գրանցել իրենց առաջարկները, թափուր հաստիքները`կայքում:

Արցախահայերին բնակարանով, կացարանով ապահովելու համար ֆեյսբուքում բազմաթիվ օգտատերեր տեղադրում են իրենց անհատական առաջարկները, բայց ստեղծվել է նաեւ «Թիկունք» կայքը: Այստեղ բնակարանով ապահովման առաջարկներ կան Դիլիջանում, Սիսիանում, Արտաշավանում, Կապանում:

ՌեԱրմենիա կայքում հավաքագրված են ինչպես անհատ նախաձեռնողների, այնպես էլ հայտնի խոշոր ընկերությունների առաջարկները՝ կացարանով ապահովման: Մասնավորապես, Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանը պատրաստ է ընդունել Արցախի մեր հայրենակիցներին, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը նույնպես առաջարկել է դիմել՝ տարբեր մարզերում կացարաններով ապահովելու համար: Դիլիջանի, Հանքավանի հյուրատները նույնպես անվճար տրամադրում են սենյակներ: Առանձին քաղաքացիներ նվիրաբերում են սեփական տուն՝ տնամերձ հողակտորով՝ Մովսես գյուղում:

Նույն հարթակում նաեւ քաղաքացիները սնունդ, հագուստ, հումանիտար օգնություն, բեռների տեղափոխման եւ տարբեր ծառայություններ են առաջարկում արցախահայերին:

Սննդի, հագուստի, այլ հումանիտար օգնության տվյալներ հավաքագրվում են նաեւ հետեւյալ կազմակերպություններում՝ «Homeland Development Initiative Foundation», արցախահայերը կարող են կապ հաստատել 077 473335 հեռախոսահամարով, «Հայորդի» կազմակերպությունը՝ 098 306969, «Armenian Progressive Youth» կազմակերպությունը՝ 010 583399, «All for Armenia»՝ 033 654495, 093 211243, «Armenian food bank»-ը՝ 095 208084:

Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում՝ Երեւանում մի քանի տասնյակ բժիշկներ՝ հոգեբաններ, ստոմատոլոգներ, վիրաբույժներ, գինեկոլոգներ առաջարկում են անվճար ծառայություններ մատուցել արցախահայերին: Առաջարկները դարձյալ տեղադրված են https://rearmenia.com/hy/collaborations/artsakh-people-support-initiatives?tab=story եւ https://tikunq.am/hy կայքերում:

Տարհանված արցախցիների համար աջակցության տարբեր նախաձեռնություններ կան նաեւ Ֆեյսբուքյան «Թեւութիկունք» կոչվող էջում։

Այստեղ առաջարկներ են տեղադրվել արցախահայերի բեռների անվճար տեղափոխման, անվճար ինտերնետ եւ հեռախոսակապ տրամադրելու, ինչպես նաեւ Գորիսից Երեւան 300 դրամով տեղափոխման մասին:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930