Այս պահին 19 հազար մարդ է հատել Կոռնիձորի մեր անցակետը. դրանցից ավելի քան 2500-ը արդեն գտնվում են իրենց տեղակայման վայրերում, որոնք դիմել են կառավարությանը աջակցություն ստանալու համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում նշեց ՀՀ փոխվարչապետ, հումանիտար կենտրոնի համակարգող Տիգրան Խաչատրյանը:
«Տեղահանվածներից մոտ 1000 հոգի տեղակայված են Սյունիքի տարբեր հյուրանոցներում և հյուրատներում, 500-ը Վայքում, մոտ 500-ը՝ Գեղարքունիքում և այս ժամերին շարունակվում է տեղակայումը Տավուշի տարբեր հյուրատներում: Բնականաբար, սահմանը հատած մարդկանց փորձում ենք հոգալ սննդի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների կարիքները»,-ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով, կարիքների գնահատման տեսանկյունից, կենտրոնն առաջին հերթին փորձում է պարզել տեղահանված մարդկանց կեցավայրի հարցը: Գորիսում և Կոռնիձորում տեղակայված հումանիտար կայաններում կազմակերպում են նրանց կեցության հարցերը, հարազատների մոտ տեղափոխվող մարդկանց տրանսպորտային հարցերն են կազմակերպում, իսկ կեցավայր չունեցողներին տեղափոխում են արդեն առանձնացված հյուրանոցներ:
«Այս պահին Գորիսում է 1200 մարդ, որոնք գտնվում են տեղավորման գործընթացում: Դա հասկանալի պատճառներով որոշակի ժամեր է պահանջում: Մնացած մարդիկ ասել են, որ ունեն իրենց բնակության վայրերը: Մենք հասկանալով, որ դա մարդկանց կամքն է, ընդառաջ գնալով այդ կամքին՝ չենք առարկել, որ գնան այն հասցեները, որտեղ որոշել են: Այնուամենայնիվ, ես հուսով եմ, որ շուտով այդ հոսքը կթուլանա, և երբ տեղավորման հետ կապված ամենակարեւոր հարցերը կարգավորած կլինենք, կգտնենք նաև այն մարդկանց, որոնք գտնվում են իրենց կողմից որոշված վայրերում և գուցե տարբեր ձևաչափերով կպարզենք, թե ինչ անելիքներ կան իրենց հետ կապված:
Կարդացեք նաև
Մի դեպքում դրանք կարող են լինել երեխաների կրթության հետ կապված հարցեր, մի դեպքում առողջապահության, մի դեպքում, բնակության պայմանները բարելավելու հետ կապված հարցեր: Այս բոլոր հարցերը առանձին-առանձին կհասկացվեն և յուրաքանչյուր խմբի հետ տարվող աշխատանքի արդյունքում լուծումներ կտրվեն»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ հիմա քննարկվում է այդ մարդկանց աջակցելու գործիքակազմը ընդլայնելու հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ