Երևանի պետական համալսարանը այս օրերին ստեղծված դժվարին իրավիճակում հարկ է համարում մեկ անգամ ևս բոլոր սովորողներին ու աշխատողներին հիշեցնել ՀՀ օրենսդրության, ԵՊՀ ներքին իրավական ակտերի պահանջները՝ կոչ անելով չխախտել կրթության սահմանադրական իրավունքը և պահպանել բուհի ինքնակառավարման սկզբունքը։
ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, որի կենսագործումը ներառում է կրթական կազմակերպություններում որակյալ կրթության ապահովումը, կրթական համակարգի բնականոն գործառութավորումը, ներառյալ՝ պատշաճ կառավարումը, այդ իրավունքի կենսագործման ու պաշտպանության բավարար և անհրաժեշտ կառուցակարգերի առկայությունը (տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի 22․02․2022թ․ ՍԴՈ-1629 որոշումը)։
Պետությունը պարտավոր է ապահովել կրթության իրավունքի իրականացումը՝ անկախ քաղաքական կամ այլ հայացքներից («Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված):
Ելնելով ՀՀ օրենսդրության հիման վրա գործելու պարտավորությունից՝ ԵՊՀ կանոնադրությամբ ամրագրվել են կրթության իրավունքի ապահովման համար սովորողների և աշխատողների պարտականությունները (ԵՊՀ կանոնադրության 123-րդ և 128-րդ կետեր), որոնցից ուղղակիորեն հետևում է, որ ԵՊՀ աշխատողները պարտավոր են ապահովել ԵՊՀ-ում աշխատաժամանակի ռեժիմը։
Կարդացեք նաև
Ստեղծված իրավիճակում ԵՊՀ-ում կրթության կազմակերպման ընթացքում ԵՊՀ սովորողների և աշխատողների կողմից քաղաքական տարբեր բնույթի հայտարարությունները, կոչերը խախտում են ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բուհի ինքնակառավարման սկզբունքը, որը կրթական համակարգի անքակտելի բաղադրատարր է և ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում (ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարական (1997թ.)/ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 13-րդ համընդհանուր մեկնաբանություն/Եվրոպական համալսարանների ռեկտորների կողմից 1988 թվականի սեպտեմբերի 18-ին ստորագրված «Magna Charta Universitatum»)։
ՀՀ Սահմանադրական դատարանը, 02․08․2021 թվականի ՍԴՈ-1608 որոշմամբ հաստատելով բուհերի ինքնակառավարման սկզբունքի մի քանի կարևոր տարրեր, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «բուհերի ինքնավարության իրավունքը հիմնարար արժեք է: Այդ ինքնավարությունը բաղկացած է ուսումնական հաստատության ինքնակառավարման իրավունքից, ակադեմիական ու հետազոտական ազատություններից և երաշխիք է բուհի գործունեությանը գաղափարական, քաղաքական և կրոնական միջամտությունից զերծ պահելու համար»։
Բուհի ինքնակառավարման սկզբունքի երաշխավորմանն է ուղղված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, որը արգելում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում հասարակական–քաղաքական կազմակերպությունների և միավորումների գործունեությունը (տե՛ս նաև ԵՊՀ գործող կանոնադրության 19-րդ կետը)։
Վերոգրյալից բխում է, որ բուհի ինքնակառավարման սկզբունքը կոչված է երաշխավորելու, որ բուհը զերծ մնա ցանկացած եղանակով քաղաքական որևէ միջամտությունից։ Այս համատեքստում խիստ մտահոգիչ է վերջին շրջանում ԵՊՀ գործունեությանը քաղաքական տարբեր կոչերի, հայտարարությունների միջոցով միջամտությունը, ինչի արդյունքում խախտվում են թե՛ կրթության սահմանադրական իրավունքը, թե՛ բուհի ինքնակառավարման սկզբունքը։
Հայտնում ենք, որ ԵՊՀ-ն հետևողական է լինելու բուհում քաղաքական քարոզչության և բուհի գործունեությանը քաղաքական միջամտության անթույլատրելի դեպքերը բացահայտելու հարցում և ընդգծում, որ թե՛ սովորողների, թե՛ աշխատողների կողմից կրթության սահմանադրական իրավունքի և բուհի ինքնակառավարման սկզբունքի խախտմանն ուղղված ոչ իրավաչափ վարքագիծը հանգեցնելու է պատասխանատվության ՀՀ օրենսդրության և ԵՊՀ ներքին իրավական ակտերով սահմանված դրույթների շրջանակում։
Միաժամանակ ընդգծում ենք, որ ԵՊՀ սովորողներն ու աշխատողներն ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք, որը կարող է իրականացվել կրթական գործընթացից դուրս։
ԵՊՀ