«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում ասաց, որ իր տեղեկություններով՝ առաջիկա օրերի ընթացքում, Ալիեւի պահանջով եւ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով, Արցախի բոլոր պետական կառույցները, իշխանության բոլոր մարմինները պիտի հայտարարեն իրենց լուծարման մասին:
«Սա է իրողությունը: Եվ հենց այն պահից, երբ Արցախի պետական իշխանությունները՝ խորհրդարան, նախագահական, կառավարություն կհայտարարեն, որ ինքնալուծարվում են փրկության համար, այդ պահին կազդարարվի Հայաստանի Երրորդ Հանրապետության ավարտը: Արցախի ողջ պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանը ստանալու է Արցախ առանց որեւէ մեկ հայի. այն, ինչին ձգտում էր Նիկոլ Փաշինյանը, ինչին փորձում է հասնել Ադրբեջանը: Եվ եթե մենք նրա ձեռքը չբռնենք, ժամերի եւ օրերի ընթացքում դրան կհասնի Նիկոլ Փաշինյանը»,-ասաց տիկին Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղերձում իր դիտարկած տողատակերին՝ ընդգծելով, որ նա, ըստ էության, հայտարարեց, որ հիմա արդեն պետք է խոսենք Հայաստանի ինքնիշխանության մասին, պիտի աղերսենք միջազգային հանրությանը՝ փրկել Հայաստանի ինքնիշխանությունը: «Նիկոլ Փաշինյանն այլեւս խոսում է Հայաստանը կորցնելու մասին եւ պատահական չէ, որ ԱՄՆ նախագահ Բայդենը եւ Էմանուել Մակրոնը հայտարարել են, որ կփորձեն ամեն ինչ անել՝ երաշխավորելու Հայաստանի սուվերենությունը:
Սյունեցիներ, հատուկ հրավիրում եմ ձեր ուշադրությունը: Որ ձեզանից շատերը անտարբեր նստած նայում էին, թե ոնց է հանձնվում Արցախը, ուզում եմ տեղեկացնել, որ երեկ Նախիջեւանում տեղի է ունեցել Ալիեւ-Էրդողան հանդիպումը, ինչի ժամանակ Ալիեւը հայտարարել է, թե, ցավոք, արեւմտյան Զանգեզուրը ժամանակին սովետական իշխանության թեթեւ ձեռքով կտրվել է Ադրբեջանից: Եվ ժամանակն է այդ ամենը վերականգնելու: Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Ադրբեջանը սպասում է Զանգեզուրի միջանցքի բացմանը եւ որ Հայաստանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունը:
Կարդացեք նաև
Հիշո՞ւմ եք, ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը: Ասում էր, թե Գորիս-Կապան ճանապարհն ու Լաչինի միջանցքը տալիս է, որ Զանգեզուրի միջանցք չուզեն: Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարը երեկ հայտարարեց, որ սպասում է Նիկոլ Փաշինյանի խոստմանը, այն է՝ տրամադրել Զանգեզուրի միջանցք: Սյունեցիներ, հիմա հասկանո՞ւմ եք, որ հաջորդ թիրախը Սյունիքն է: Եվ Ալիեւն ու Էրդողանը, բնավ, կատակ չեն անում, որ ասում են հաջորդը վերցնելու են Սյունիքը»,- ասաց տիկին Զոհրաբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ