«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը ազատ արձակվեց ոստիկանական բաժանմունքից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ոստիկանները բերման են ենթարկել Անդրանիկ Թեւանյանին, որը բուհերի մոտ իրազեկման միջոցառում էր իրականացնում՝ ուսանողներին կոչ անելով ոտքի կանգնել եւ դասադուլ անել։
Լրագրողների հետ զրույցում Թեւանյանն ասաց, որ այսօր հերթական ապօրինությունը տեղի ունեցավ։ «Ապօրինի բերման ենթարկվածներ կան՝ առանց որեւէ օրինական պահանջի։ Եվ սա իրենց գործելակերպն է արդեն։ Մեր գործունեությունը շարունակվելու է այն տրամաբանությամբ, որ մինչեւ այս իշխանություններին չհեռացնենք, Հայաստանի անվտանգության սպառնալիքները չեն վերանալու։ Արցախն այսօր դատարկվում է, եւ թիրախում արդեն Սյունիքն է հայտնվել։ Մենք տեսնում ենք, որ այս իշխանություններն ակնհայտորեն կատարում են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախապայմանները, եւ մենք Հայաստանի քաղաքացիներին կոչ ենք անում դուրս գալ պայքարի, չդադարեցնել, չմտածել, որ սրանց առաջարկած այն թեզը, համաձայն որի՝ Արցախը հանձնելով կարելի է Հայաստանի համար խաղաղություն ու անվտանգություն ապահովել, այդ թեզին հանկարծ չհավատանք ու հասկանանք, որ բոլորս էլ նույն առաջնագծում ենք գտնվում։ Պետք է պայքարը շարունակվի մեր անկախության, ինքնիշխանության եւ մեր քաղաքացիների անվտանգության համար»,- ասաց նա։
Ըստ Թեւանյանի՝ իշխանության կողմից այս ճնշումները որեւէ ձեւով չեն ազդելու ընդդիմության նախաձեռնած գործընթացի վրա։ «Եվ մենք վստահ ենք, որ ժողովրդի ակտիվ մասնակցության միջոցով հնարավոր է հասնել փոփոխության։ Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, եւ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իր կամքը կարող է պարտադրել այս իշխանություններին եւ փոփոխություն իրականացնելով՝ հասնել մեր երկրի անվտանգության ապահովմանը։ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր, պայմանավորված փչացրել է հարաբերությունները մեր բնական ռազմավարական դաշնակիցների հետ եւ Թուրքիայի սցենարով շարժվում է առաջ։ Ինքը թիվ մեկ սպառնալիքն է մեր երկրի ինքնիշխանության եւ անվտանգության համար»,- հավելեց նա։
Ըստ նրա՝ թուրքերն ու ադրբեջանցիները կանգ չեն առնելու։ «Իրենք նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ են պայմանավորվել, եւ պատահական չէ, որ Էրդողանը հայտարարեց, որ Արցախում տեղի ունեցածի մասին Փաշինյանը տեղյակ է եղել։ Հիմա ինքը նույնպես տեղյակ է, թե Սյունիքում ինչ է կատարվելու, տեղյակ է, թե Հայաստանում ինչ է կատարվելու։ Ինքն իր անձնական անվտանգության խնդիրներն է լուծում, եւ եթե ժողովուրդը մտածում է, որ պայքարը պետք է դադարեցնել, ապա դա շատ սխալ մոտեցում է։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդն այդպես չի մտածում, պատրաստ է պայքարի, եւ անհրաժեշտ է կազմակերպել այդ պայքարը»,- ասաց Թեւանյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, որ ժողովուրդն ընդդիմությունից ավելի մեծ ակնկալիք ունի, ինչպե՞ս են արդարացնելու մարդկանց սպասելիքները, Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց․ «Այն, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, դա ինքն էլ գիտի, այդ հարցում կա համընդհանուր կոնսենսուս։ Կա երկու ճանապարհ՝ ցնցումներով եւ առանց ցնցումների։ Մենք բնականաբար ուզում ենք առանց ցնցումներով հեռացում լինի, որ մեր երկրին վնաս չլինի, եւ մեր քաղաքացիները չտուժեն այդ ամենից։ Բայց եթե ինքն ընտրում է ցնցումների ճանապարհը, ապա իր մեղավորությունն է։ Այս կամ այն կերպ ինքը հեռացվելու է, դա կասկած չի հարուցում։ Մարդիկ, այո, բորբոքված են, եւ կտրուկ գործողություններ ասելով՝ նույնիսկ ծայրահեղ միջոցները նկատի ունեն։ Այստեղ պատասխանատվության հարց կա, եւ եթե դու քաղաքականապես պատասխանատու ես, ուզում ես ամեն ինչ անել, որպեսզի այդ փոփոխությունները լինեն առանց ցնցումների»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ