Քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Պատմության տեսակետից դիտած մի սերունդ ենք, որն անզոր, անկարող դիտում էր իր հայրենիքի մի մասի կորուստը, դատարկումը: Եվս մի փոքր կտոր Հայաստանից, որն առանց այդ էլ ինքը մի կտոր է:
Համեմատություն չկա անցյալի հետ:
Անցյալում չի եղել հայկական պետություն, հայկական զինուժ:
Կարդացեք նաև
Արդարացումները չեն աշխատում, և միայն մեզ՝ ժամանակի մեջ ապրողներին են թվում կարևոր:
Ապագայից դիտող հայացքը ոչ մի էական արդարացում չի գտնի:
Իմ այս խոսքերում չկա ավելորդ զգացմունքայնություն կամ առավել ևս ողբասացություն:
Հակառակը՝ սա սառնասիրտ դիագնոզ է:
Այն անհրաժեշտ է, որպեսզի գտնվի ճիշտ ճանապարհ:
Թուլությունը չի կարելի արդարացնել:
Թուլությունը չունի արդարացում:
Թուլությունը զզվելի է, արհամարհելի է, ու արժանի չէ գոյության:
Թուլությունը մեղք է ու գարշանք:
Ու մեր դեմ չի եղել մի անհաղթահարելի ուժ:
Ինքնախաբեություն է համարել, որ պարտվել ենք մի եսիմինչ զորության, որը մեր գլխից վեր էր:
Ոչ միայն կորցրեցինք ու պարտվեցինք, այլ՝ կորցրեցին ամենաանտաղանդ, ամենաանպատիվ, ամենահիմար ձևով:
32 տարվա ջանքը, պայքարը, զոհերը, այդքան դժվարությամբ ձեռք բերածը՝ ամենավատ ձևով տանուլ տվեցինք:
Ու շեշտն էստեղ հենց հիմարն է:
Ոչ թե, օրինակ, վախկոտ էինք կամ ենք: Ոչ՝ հենց հիմար:
Քաղաքական հիմար:
Չկա ու չի կարող լինել ոչ մի արդարացում մեր պարտության:
Ով արդարացնում է, կարծում է, որ անխուսափելի էր, նա խաչ է քաշում մեր ապագայի վրա ու ապագայում հնարավոր մեր իրական անկախության վրա:
Պարտությունն իր հետ վերադարձրեց հայի վատագույն տեսակին:
Լալկան, ողբասած, աշխարհից մուրող, դրսից փրկություն սպասող հայի տեսակը:
Քաղաքական բոշայի տեսակը:
Նա հիմա իր աստեղային ժամն է ապրում:
Թուրքիան կփլվի, Ռուսաստանը կփլվի, Պարսկաստանը մեզ կփրկի, Ֆրանսիան մեզ կփրկի: Մենակ թե ես բան չանեմ, մատս մատին չխփեմ: Ես անզոր ու անկարող եմ: Բայց չգիտես ինչու ուզում եմ անկախ լինել:
Դա ազգ չէ, այլ լավագույն դեպքում՝ համայնք:
Համապատասխան վերաբերմունքով՝ համայնքին կարելի է կարեկցել, ողորմել, բայց ոչ քաղաքական դաշնակից լինել հետը:
Էսօր նույնիսկ թուրքերն են մեզ իրանց փայ «ողորմում»:
Ողբասածների, բողոքողների, մուրացիկների ազգը երբեք չի կարող դառնալ, լինել ու ճանաչվել որպես անկախ քաղաքական միավոր: Ֆորմալ անկախության մասին չէ խոսքը, պարզ է:
Չկան անդառնալի կետեր:
Նույնիսկ այսօրվանից վատը, չի լինի անդառնալի կետ:
Ինձ համար ես որոշել եմ, եթե ես կամ՝ հենց անձամբ ես, ուրեմն, չկա հայոց պատմության անդառնալի կետ:
Բայց հետդարձի համար կա միայն մեկ ուղենիշ, որից բխում են մնացյալները:
Հայ ժողովուրդը կարող է ապրել, վերականգնել իր անկախությունը, հասնել հաջողությունների միայն, եթե նորից վերածվի ուժային գործոնի, նորից կարողանա ցույց տալ ուժ գործադրելու, ուժին ուժով պատասխանելու կարողություն:
Թեկուզ սկզբի համար՝ նվազագույն:
Այլ տարբերակ չկա:
Այլ տարբերակ չգիտի պատմությունը:
Այլ տարբերակ մեզ ոչ ոք չի էլ թողնելու: