«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանի հետ այսօր բերման է ենթարկվել եւս 10 քաղաքացի, որոնցից 4-ն ընդհանրապես առնչություն չունեն այսօրվա իրազեկման երթի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ոստիկանները բերման են ենթարկել Անդրանիկ Թեւանյանին, որը բուհերի մոտ իրազեկման միջոցառում էր իրականացնում՝ ուսանողներին կոչ անելով ոտքի կանգնել եւ դասադուլ անել։ Արեգնազ Մանուկյանը նշեց, որ բերման են ենթարկվել նաեւ երեք ուսանողներ, ովքեր այդ պահին տարածքում են եղել։ «Կարմիր բերետավորները կատաղության ալիքի հետ սրբելով՝ տարել են նաեւ այդ երիտասարդներին»,- հավելեց նա։
Արեգնազ Մանուկյանն ասաց, որ Թեւանյանին բերման են ենթարկել ընդամենը քայլելու ու խոսելու համար։ «Առավոտյան ակցիան ընդամենը իրազեկման ակցիա էր, ոչ թե խաղաղ անհնազանդության ակցիա։ Անդրանիկ Թեւանյանը իր գաղափարակիցների, համակիրների հետ բուհերում էր ակցիա իրականացնում՝ տեղեկացնելով Հայաստանի եւ Արցախի հետ տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների մասին։ Եվ իրազեկում էին ուսանողներին, որ այսօր երեկոյան ժամը 19։00-ին գան եւ մասնակցեն Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին։ Այն պահին, երբ ակցիան, կարելի է ասել, ավարտվել էր, եւ իրենք համալսարանի տարածքից հեռանում էին, կարմիր բերետավորներն առանց որեւէ օրինական պահանջ ներկայացնելու, առանց ողջամիտ ժամկետ տրամադրելու, եկան ու միանգամից մտան թեւերը ու բերման ենթարկեցին։
Հիմա ես ոնց հասկացա՝ այնտեղ կեղծ զեկուցագիր են գրում, թե իբր դասապրոցեսին են խանգարել, բայց ես ինքս այնտեղ ներկա էի եւ որպես ականատես կարող եմ ասել, որ բարձրախոսի ձայնն էլ այնքան ցածր էր, որ անհնար էր դասապրոցեսին խանգարեր։ Անգամ այդ դեպքում կարելի էր մոտենալ ու տեղեկացնել, ողջամիտ ժամկետ տրամադրել, որպեսզի ակցիան դադարեցվեր։ Դա տեղի չի ունեցել, եւ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման են ենթարկել վարչական վարույթով։ Համենայնդեպս այս պահին վարչական վարույթով է, թե այս ընթացքում անհավասարակշիռ հոգեվիճակում գտնվող մի անձնավորություն չզանգի ու վարույթը փոխելու հրահանգ չիջեցնի, ինչպես նախորդ անգամ, երբ բերման էին ենթարկել, ես հիմա դա չեմ կարող ասել»,- ասաց Արեգնազ Մանուկյանը։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ բոլոր բերման ենթարկվածների նկատմամբ վարչական վարույթի որոշում կա, դա նշանակում է, որ երեք ժամվա ընթացքում պետք է ազատ արձակվեն։ Ըստ պատգամավորի՝ բերման ենթարկվածները ոստիկանության կողմից բռնության չեն ենթարկվել, քանի որ չեն դիմադրել։
Ըստ ոստիկանության՝ ժամը 13:00-ի դրությամբ մայրաքաղաքի տարբեր փողոցներից բերման է ենթարկվել ցույցերի 66 մասնակից:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ