Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի հազարամյա գանձը․ Գանձասար

Սեպտեմբեր 26,2023 16:00

Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բարձունքին դարերի խորքից վեր է խոյանում Գանձասարի վանական համալիրը։ Այն հայ ճարտարապետության հանճարեղ մտքի ու վարպետության վառ օրինակներից է։

Պահպանված արձանագրության համաձայն վանական համալիրի կառուցումը սկսվել է 1216 թ.-ին և ավարտվել 1238 թ.-ին:

Գանձասարի վանքը բաղկացած է Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց, գավթից, կրոնական ու աշխարհիկ կառույցներից։

Վանքապատկան բնակելի և տնտեսական շենքերի, դարպասներով պարիսպների հետ միասին Գանձասարը հայ ճարտարապետության լավագույն համալիրներից մեկն է: Վանքի շուրջ երկու հարյուր արձանագրությունների մեծ մասը գրված է վարպետ գրիչների ձեռքով:

Ժամանակի պատմիչները` հատկապես Կիրակոս Գանձակեցին, հիացմունքով է պատմում վանքի շինարարության և նրա օծման արարողության մասին: Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գանձասարի հինավուրց եկեղեցին քաղաքական ու կրոնական հավաքատեղի էր Արցախի և շրջակա հայկական գավառների համար:

17–րդ դարի վերջում Գանձասարն արդեն մեծ անուն ունեցող պատմամշակութային և հոգևոր կենտրոն էր: Դարավերջին դարձել էր ազատագրական կենտրոն՝ հայրենասիրական ձգտումներ ունեցող մարդկանց գլխավոր հավաքատեղի: Շարժումը գլխավորում և առաջնորդում էր Գանձասարի Եսայի կաթողիկոսը: Նրա և Իսրայել Օրու համախմբման շնորհիվ արվել են Ռուսաստանի հետ բանակցությունների առաջին քայլերը:

1701 թվականին այստեղ է գրվել ռուսական կայսր Պետրոս Առաջինին ուղղված առաջին նամակը, որով Ղարաբաղի հայերը ռուսական պետությունից օգնություն են խնդրել արևելքի բարբարոսներից ազատագրվելու համար:

1923 թվականից՝ Արցախ աշխարհն Ադրբեջանին բռնակցվելուց հետո, Գանձասարը չի գործել և այն հնարավոր է եղել նորոգել միայն 1993 – 1997 թվականներին:

Ուսումնասիրողները Գանձասարի վանական համալիրը միաձայն համարել են 13-րդ դարի հայկական ճարտարապետության «գոհարն ու շտեմարանը»։

Հայկական ճարտարապետության պատմության լավագույն գիտակ Ա. Լ. Յակոբսոնի կարծիքով․ «Գանձասարի վանքը ոչ միայն ինքնատիպ է ու իր կատարելության մեջ ինքնուրույն, այլև բացառիկ է, մենք չենք կարող ցույց տալ ուրիշ մի այդպիսի հուշարձան Հայաստանի հողի վրա»:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930