Aravot.am-ը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է անում նախարարությունը Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի ֆոնդերը փրկելու ուղղությամբ:
ԿԳՄՍ նախարարը Aravot.am-ին ընդամենը հետեւյալը փոխանցեց. «Այդ մասով լրջորեն զբաղվել ենք և զբաղվում ենք, ինչպես ամբողջ մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով»։
Հիշեցնենք, որ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը հիմնադրվել է 2015 թվականին՝ ճարտարապետ Վալերի Հայրապետյանի նախագծմամբ: Այստեղ թիվս այլնի, ցուցադրվել են 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, հնատիպ գրքեր, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում և եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրեր, Երևանի Մատենադարանում պահվող ձեռագրերի կրկնօրինակներ։
Երևանի Մատենադարանի արցախյան մասնաճյուղի շինարարությունն իրականացվել էր «Փյունիկ» համահայկական հիմնադրամի միջոցներով, որի համար հատկացվել էր ավելի քան 269 մլն. դրամ։ Մատենադարանի արցախյան մասնաճյուղի նախագծմանը խորհրդատվության կարգով մասնակցել է ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Գանձասարի գիտամշակութային կենտրոնի բացման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը կենտրոնին նվիրաբերել էր 12-13-րդ դարերի Գյուլիստանի Ավետարան:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ․ Գ․ Ավելի ուշ 168.am-ը կապ է հաստատել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հետ՝ փորձելով այս առնչությամբ հստակ պարզաբանում ստանալ: «Որևէ բնօրինակ, որևէ բնագիր, բնօրինակ ձեռագիր մատյան կամ արխիվային փաստաթուղթ Գանձասարում չի մնացել: Եթե այնտեղ ժամանակին եղել են հատուկենտ բնագիր փաստաթղթեր, ապա 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել են մայր կառույց: Եվ այնուհետև այնտեղ ցուցադրվել են կրկնօրինակներ: Այսինքն, դրանք այն կրկնօրինակված ձեռագրերն են, որտեղ Մատենադարանի կրկնօրինակման բաժնի աշխատակիցները 2 էջի վրա բացվածքով նկարել են ձեռագրի այս կամ այն էջի պատկերը, և այսպես ցուցադրվել է՝ որպես բնօրինակ: Բայց դրանք ընդամենը մակետներ են եղել, որոնք պատրաստել են մեր աշխատակիցները: Բայց մենք որևէ բնագիր, ձեռագիր, հնատիպ գիրք և արխիվային փաստաթուղթ Արցախում չենք թողել, ոչինչ չկա այնտեղ մնացած»,- նշեց Արա Խզմալյանը:
Լուսանկարը՝ Վիքիպեդիայի