Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի տարբեր փողոցներից, շենքերի բակերից ոստիկանները համատարած բերման են ենթարկում անհնազանդության գործողություններին մասնակցող քաղաքացիներին։
Հրաչյա Քոչար փողոցի շենքի բակից բիրտ ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին երիտասարդների։ Երբ նրանց նստեցրին ոստիկանության ավտոբուս, ոստիկանության աշխատակիցների շրջանում իրարանցում սկսվեց։ Նրանցից մեկը հարցրեց․ «Ախպեր, դեպուտատ կա՞ մեջը, բա խի՞ չես իջեցնում»։ Պարզվեց, այդ ավտոբուսում է նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ոստիկանության ներկայացուցիչ Վ․ Բաղիյանը բարձրացավ ավտոբուս ու հայտարարեց՝ պարոն Խաչատրյան, խնդրում եմ դուրս եկեք։ Պատգամավորը դուրս եկավ։
Լրագրողների հարցին՝ քանի՞ հոգի են ներսում, նա պատասխանեց՝ 8-9։ Այնուհետև Բաղիյանը մոտեցավ պատգամավորին ու հարցրեց՝ Դուք ի՞նչ գործ ունեք նշված մեքենայում։ Արթուր Խաչատրյանը պատասխանեց՝ ինձ տարան։ Բաղիյանն էլ՝ Դուք Ձեր կամքով նստում եք։ Պատգամավորն ասաց, որ իրեն ոստիկաններն են ուղեկցել այդ մեքենա։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ