Քիչ առաջ քաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը։ Այստեղ բավականին լարված էր, քանի որ ոստիկանական մեծ ուժեր հավաքվեցին և սկսեցին փողոցը փակող երիտասարդներին բերման ենթարկել։ Այժմ երթևեկությունը վերականգնվել է։
Երթևեկությունը կաթվածահար է Կոմիտաս-Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառ (Կասյան) խաչմերուկում, Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում։
Արշակունյաց պողոտայում ցուցարարները ճանապարհը բացեցին երեխային հիվանդանոց տանող մեքենայի առաջ։
Աբովյան փողոցի «Սաս» սուպերմարկետի մոտ ցուցարարները բերման էին ենթարկում երիտասարդներին։ Ցուցարար կանանցից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց՝ բերման են ենթարկում տղաներին, տղաները չլինեն, բերման են ենթարկելու կանանց ու աղջիկներին․ «Իրենց մոտ արգելք չկա, թուրքին հաճոյանալու համար ամեն ինչ կանեն։ Արցախը հենց այնպես՝ զենքերով նվիրել է թուրքին, թուրքին հաճոյանալու համար Հայաստանն էլ կտա։ Ամեն ինչ, ինչ արել է, հայերի դեմ է արել։ Ոստիկաններն էլ, անտարբերության դիմակը դրած, տանում են քաղաքացիներին»։
Կարդացեք նաև
Այս խոսակցությանը միջամտեց պաշտոնական հագուկապով մի քաղաքացի՝ ասելով, թե ի՞նչ մասնագիտություն ունեք, քաղաքագե՞տ եք․ «Պետք չի, էլի, դե երկիրը ղեկավարեք»։
Մի տղամարդ էլ նշեց, թե պետք է հիմա սահմանին լինել։ Կանայք ասացին՝ բա դուք հիմա ինչո՞ւ եք այստեղ, ասաց, թե գիշերն է եկել ու շարունակեց․ «Նիկոլին հանելով երկրի հա՞րց ես լուծելու։ Ո՞վ է գալու»։
Անգամ քաղաքացիներ կային, որ իրենց ռեպլիկներով վիրավորում էին ցուցարարներին։
Ժամը 9:00-ի դրությամբ Երևանի տարբեր փողոցներից ոստիկանություն է բերման ենթարկվել ցույցերի 32 մասնակից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ