Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շոկ՝ օրգանիզմի ռեակցիան կյանքին սպառնացող գերուժգին ազդեցության նկատմամբ

Սեպտեմբեր 26,2023 09:31

Շոկը (անգլերեն shock նշանակում է հարված) օրգանիզմի ընդհանուր, չափազանց ծանր վիճակն է, որն առաջանում է գերուժգին, արտառոց ազդակի ազդեցությամբ և բնութագրվում է օրգան-համակարգերի ու նյութափոխանակության փուլային խանգարումներով: Պարզ ասած՝ շոկը վիճակ է, որի դեպքում խաթարվում է օրգանների նորմալ արյունամատակարարումը՝ առաջացնելով օրգանների վնասվածքներ, երբեմն անգամ մահվան պատճառ դառնալով։

Ինչպե՞ս է առաջանում անոթային շոկը

Անոթային շոկի դեպքում զարկերակային ճնշումը չափից ավելի ցածրանում է, ինչի պատճառով բջիջներն ու օրգանները բավականաչափ քանակով արյուն և թթվածին չեն ստանում, և երբ դա տեղի է ունենում, մարդու գլխուղեղի, երիկամների, լյարդի ու սրտի աշխատանքը խաթարվում է։ Անոթային շոկի առավել տարածված պատճառներից մեկը սեպսիսն է, այլ պատճառներն են՝

  • Շմոլ գազով թունավորումը կամ թթվածնային անբավարարությունը,
  • երկարատև ու ծանր հիպոտոնիան, հեմոռագիկ կամ կարդիոգեն շոկի ուշ փուլը,
  • Անաֆիլաքսիան,
  • Լյարդի անբավարարությունը,
  • Ցիանիդով թունավորումը և այլն։

Արյան շրջանառության անհրաժեշտ ծավալը չվերականգնելու դեպքում օրգանները շարքից դուրս են գալիս՝ սպառնալիք հանդիսանալով կյանքի համար։

Ըստ առաջատար մեխանիզմի՝ շոկը դասակարգվում է 4 տեսակի

Շոկի առաջին երեք տեսակները պայմանավորված են սրտի թողունակության նվազեցմամբ, իսկ չորրորդ տեսակի պատճառն արյան շրջանառության խնդիրներն են, որոնք որոշ դեպքերում կարող են հանգեցնել սրտի թողունակության մեծացման։

Հիպովոլեմիկ շոկ․ այս տեսակի զարգացման հիմքում շրջանառող արյան ծավալի փոքրացումն է: Դա նշանակում է, որ սիրտը չի ստանում բավականաչափ քանակով արյուն՝ այն մարմնի այլ օրգաններին մղելու համար։ Այս տեսակը կարող է առաջանալ ուժեղ արյունահոսությունների, անզուսպ փսխումների, լուծերի, օրգանիզմի ծայրահեղ ջրազրկման դեպքում։

Կարդիոգեն շոկ․ այս տեսակի զարգացման հիմքում սրտի պոմպային գործունեության սուր խանգարումն է որն անհապաղ բուժում է պահանջում։ Ավելի հաճախ այս շոկը դիտվում է, օրինակ, սրտամկանի ինֆարկտի դեպքում։

Կարդիոգեն շոկի ախտանշաններն են՝

  • Շնչառության արագացում,
  • ուժեղ հևոց,
  • սրտի ռիթմի հանկարծակի արագացում,
  • գիտակցության կորուստ,
  • թույլ զարկերակ,
  • զարկերակային ցածր ճնշում կամ հիպոտոնիա,
  • քրտնարտադրություն,
  • մաշկի գունատություն,
  • ձեռքերի ու ոտքերի սառնություն,
  • սակավամիզություն, միզելու անհնարինություն։

Օբստրուկտիվ շոկ. այս տեսակը զարգանում է, երբ սրտի գործունեությունը
խոչընդոտվում է մեխանիկական գործոններով, օրինակ՝ սրտապարկի խոռոչում հեղուկի կուտակման հետևանքով խաթարվում է
փորոքների լեցունությունը: Ախտանշանները նման են կարդիոգեն շոկին, սակայն այս դեպքում դժվարանում է աորտալ հոսքը։ Սա շոկի շատ հազվադեպ տեսակ է, որի ժամանակ սրտի արտամղումը կտրուկ նվազում է զարկերակային ճնշման հետ միասին՝ մադու մոտ առաջացնելով հաճախասրտություն, գիտակցության կորուստ և այլն։

Անոթային կամ վերաբաշխական շոկի զարգացման հիմքում անոթների լայնացումն է: Դա մեծացնում է արյունատար անոթների թողունակությունն ու նվազեցնում զարկերակային ճնշումը։
Արյունատար անոթների չափից շատ լայնացմանը կարող են նպաստել՝

  • Ալերգիկ լուրջ ռեակցիան, ինչպիսին անաֆիլաքսիան կամ անաֆիլակտիկ շոկն է,
  • բակտերիալ ծանր վարակը,
  • որոշ դեղամիջոցների գերդոզավորումը,
  • թունավորումը,
  • ողնուղեղի վնասվածքները,
  • ներզատիչ որոշ խանգարումները, ինչպիսին Ադիսոնի հիվանդությունն է։

«Շոկը ոչ միայն կանգնեցնում է մեքենան, այլև կոտրում է մեխանիզմը»։ Վիտգերս

Շոկի դասակարգումն ըստ էթիոլոգիայի՝

1. Տրավմատիկ շոկ․ զարգանում է որովայնի և կրծքավանդակի օրգանների, վերջույթների ծանր վնասվածքների դեպքում:
2. Դեհիդրատացիոն շոկ․ զարգանում է օրգանիզմի զգալի դեհիդրատացիայի հետևանքով, որն իր հերթին կարող է պայմանավորված լինել անզուսպ փսխումներով, լուծով և այլն:
3. Այրվածքային շոկզարգանում է տարածուն և խորը այրվածքների դեպքում:
4. Հեմոռագիկ շոկ․ ծագում է արտաքին (դանակահարություն, հրազենային վնասում, թոքերի տուբերկուլոզ և այլն) կամ ներքին արյունահոսությունների հետևանքով:
5. Անաֆիլաքտիկ շոկ․  ծանրագույն ալերգիկ ռեակցիա է:
6. Կարդիոգեն շոկ․ առավել հաճախ սրտամկանի ինֆարկտի ծանրագույն բարդություններից մեկն է:
7. Սեպտիկ (էնդոտոքսինային) շոկ․ զարգանում է որպես սեպսիսի բարդություն:
8. Նեյրոգեն շոկ․ առաջանում է ողնուղեղի վնասվածքների դեպքում, երբ վնասվում է սիմպաթիկ նյարդային համակարգը:

Ռիսկի գործոններ

Շոկը կարող է առաջանալ վնասվածքների և պատահարների արդյունքում, որոնք անկառավարելի են։ Սակայն կան ռիսկի որոշ գործոններ, որոնք կառավարելի են։ Սրտի կաթվածի հետևանքով կարդիոգեն շոկի ռիսկը մեծանում է, եթե

  • մարդու անամնեզում գրանցվել է սրտային անբավարարություն կամ սրտի կաթված,
  • առկա է սրտի հիմնական զարկերակների խցանում,
  • մարդն ունի դիաբետ կամ զարկերակային բարձր ճնշում,
  • ռիսկի ավելի բարձր խմբում են կանայք, տարեցները։

Սրտանոթային խնդիրների վաղ ախտորոշումն ու բուժումը անհրաժեշտ քայլ է օրգանիզմի համար վտանգավոր իրավիճակների, այդ թվում կարդիոգեն շոկի ռիսկի նվազեցման համար։

Շոկի բուժումը

Շոկի բուժման կարևորագույն բաղադրամասն առաջնային պատճառի վերացումն է։ Եթե մարդը վնասվածք է ստացել և ուժեղ արյունահոսություն ունի, ապա անհապաղ բժշկական օգնության դիմելն ու արյունահոսության կանգնեցումն առաջնային անհրաժեշտության գործողություններն են։ Արյան մեծ կորուստները շոկի հիմնական պատճառն են, և այդ դեպքում մարդուն շտապ արյան փոխերարկում է հարկավոր լինելու։

Եթե շոկի պատճառը վարակն է, ապա բժիշկները կդիմեն հեղուկի ու հակաբիոտիկների ներերակային ներարկումների օգնությանը՝ բուժելով վարակի պատճառն ու հետևանքները։ Սեպտիկ շոկի տարածումը կանգնեցնելը կօգնի ողջ օրգանիզմին։

Եթե շոկի պատճառը սրտի կաթվածը կամ սրտի հետ կապված այլ խնդիրներն են, ապա այդ խնդրի բուժման կամ վիրահատական միջամտության կարիք կարող է առաջանալ։ Բուժումը նաև ենթադրում է զարկերակային ճնշման և օրգաններին ու հյուսվածքներին արյան մատակարարման կանրգավորումը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Ախտաֆիզիոլոգիայի ամբիոն, Գիտակցության կորուստ: Շոկերի ախտաֆիզիոլոգիա, 2020թ., Webmd

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930